«Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած». Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում

34-ամյա Անուշ Ալեքսանյանը ամուսնու՝ 39-ամյա Կարեն Ալեքսանյանի զոհվելուց հետո քունը կորցրել է, ասում է՝ ամուսնու զոհվելու մասին ցավալի լուրը լսելը մղձավանջ էր․ «Բերանս փակվեց, լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած- կանգնած»։

Անուշի ամուսինը՝ Կարեն Ալեքսանյանը, մասնակցել է Արցախյան պատերազմին Հադրութ-Ֆիզուլի հատվածում, որտեղ էլ զոհվել է։

Կինը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 5-ին:

«Հեռախոսով խոսեցինք, ասեց՝ ինչպե՞ս եք, լա՞վ եք, արդեն ուրիշ տեղ ենք տեղափոխվում, կարող ա չկարողանամ զանգել։ Ստեփանակերտից Հադրութ-Ֆիզուլի էին տեղափոխվում»,- պատմում է կինը։

Այդ զանգից հետո այլևս կապը կտրվել է, հոկտեմբերի 5-ից մինչև հունվարի 10-ը ընտանիքը որևէ տեղեկություն չի ստացել նրա մասին։ Այդ ընթացքում, Անուշն ասում է, հույսով սպասել են, ենթադրել, թե հնարավոր է՝ ամուսինը գերի է ընկել, մինչև ստացել են ցավալի լուրը:

«Հոկտեմբերի 15-ին ա զոհվել, բայց մենք իմացանք հունվարին 10-ին ԴՆԹ-ի պատասխանով։

Մտածում էինք, որ գերի ա, իրա ընկերներից երկուսը գերի էին, դրանով մեզ հույս էինք տալիս, բայց ԴՆԹ-ի պատասխանը եկավ, որ ոչ՝ հաստատվել ա: Զանգեցին ասեցին՝ ձեր ամուսնու պատասխանը եղել ա, զոհվել է»,- հուզմունքով ասում է Անուշը։

Ասում է՝ այդ օրվանից կյանքի իմաստը կորցրել է, ապրում է տվյալ օրով, ապագան անորոշ է ու անպատկերացնելի:

«180 աստիճանով փոխվեց մեր կյանքը, առաջ շատ աշխույժ էի, հիմա ոչ մի բան չեմ ուզում, ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ, դեռ ապագան չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնեմ, պատերազմից հետո ապրում եմ էդ օրով, օրը բացվում ա, էդ օրով եմ ապրում, չեմ մտածում՝ ո՛նց կլինի, ի՛նչ կլինի»,- ասում է կինը:

Անուշն ասում է, որ մինչ պատերազմը ապրում էին շատ երջանիկ, թեպետ բնակարան չունեին, վարձով էին ապրում, բայց ընդգծում է՝ սիրող, հոգատար ամուսին ուներ, բոլոր դժվարությունները հեշտ հաղթահարում էին: 

«Ինքը հա՛մ իդեալական հայր էր, հա՛մ ամուսին, հա՛մ ընկեր, շատ հոգատար, շատ սիրող, շրջապատված լավ ընկերներով, զուսպ ու բարի էր, նախքան պատերազմը շատ հոյակապ էր, շատ ուրախ էինք, ճիշտ է՝ տուն չունեինք, վարձով էինք, բայց չէինք նեղվում, քանի որ ամուսինս իմ կողքիս էր, միշտ աջակից»,- ասում է Անուշը։

Անուշ Ալեքսանյանը ամուսնու՝ Կարեն Ալեքսանյանի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Նշում է, որ շատ է կարոտում անցյալը, ճաշկերույթները, ընտանեկան պարզ,ամենօրյա ընթրիքները։ Այժմ ամեն անգամ սեղան նստելիս հուզվում է՝ հասկանալով, որ այլևս անցյալը հետ չի գա, ամուսինն իրենց հետ չի լինի, ինքն էլ միայնակ է մնացել երեք անչափահաս երեխաների հետ:

«Նստում էինք միասին նախաճաշին, ընթրիքին, հիմա դա չկա, հիմա անընդհատ նստում եմ ճաշելու, իսկույն դա եմ հիշում, որ մեր կարևորը չկա։ 20 տարի ամուսնուս հետ ծանոթ եմ եղել, օր օրի մեր սերը ավելի ու ավելի էր աճում, երջանիկ էինք, մինչ պատերազմը իրեն խլեց մեզանից»,- հուզվում է Անուշը։

Կինն ասում է, որ որքան էլ դժվար է՝ հույս ունի, որ երեխաները իրեն ուժ կտան՝ հաղթահարելու ցավը ու կարողանալու երեխաների նպատակները իրագործել:

«Սեպտեմբերի 27-ից հետո ես քունս կորցրել եմ, եթե քնում էլ եմ՝ մեկ-երկու ժամով, անընդհատ նստած ամուսնուս նկարին եմ նայում:

Ամուսնուս որ կորցրեցի, ապագաս չեմ պատկերացնում, բայց ուզում եմ երեխաներիս ապագայի համար ուժերս ներդնեմ իրանց վրա, երեխաները երևի ուժ կտան, կհասցնեմ իրենց նպատակներին»,- հույսը չի կտրում Անուշը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am