Աղքատության նվազման մասին իշխանությունների պնդումներն արժանահավատ չեն. Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ

Լուսանկարը՝ Գյումրիում (The Guardian)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է  Արմեն Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, սպառողները դժգոհում են դիզվառելիքի, բենզինի գնի բարձրացումից, պատկան մարմիններն էլ ասում են, թե ամեն բան վերահսկվում է, և որ հիմա շուկան կարգավորվել է: Հակասական այս իրավիճակի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում:

– Հենց այսօր մեր ասոցիացիայում քաղաքացուց ահազանգ ենք ստացել, որ ոչ միայն դիզվառելիքի գներն են անհիմն բարձրացել, այլ նաև գազի, ընդ որում՝ բարձր գնին զուգահեռ սպառողներին մատակարարում են անորակ գազ: Պատկան մարմիններին էլ զանգահարում են, մեկը մյուսի վրա է պատասխանատվությունը բարդում, արդյունքում ստացվում է, որ բարձիթողի վիճակ է, սպառողներն էլ շարունակում են տուժել: Սա այս մասով:

Մեր կառավարությունը զեկուցում է, թե ունենք տնտեսական զարգացման 7,6% աճ, դա հեքիաթային թիվ է, այդպիսի թիվ չի լինում, մանավանդ հետպատերազմյան վիճակում ու այս վերաբնակեցումների ֆոնին, նրանց կողմից հրապարակվող թիվը վստահություն չի ներշնչում: 

Երկրորդ՝ այն տնտեսական աճը, որ կա, պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, ու դա գիտեն բոլորը: Մենք պետք է պատրաստվենք նրան, որ երբ այս՝ Արցախից եկածների ալիքը ավարտվի, դրանից հետո կարողանանք դիմակայել: Մենք՝ սպառողներս, թանկացումներն ամեն օր զգում ենք մեր մաշկի վրա, դուք շեշտեցիք դիզվառելիքը, բայց կենցաղային մեր բոլոր ծախսերը շատ հետևողական աճում են: Ցանկացած բան՝ սկսած հացից, թանկանում է: 

Մեզ պետք են արժանահավատ թվեր ու մեխանիզմներ, որոնք համապատասխան կանխատեսումները կանեն ու քայլեր կկիրառեն դրան համապատասխան, ո՛չ դա կա, ո՛չ մյուսը: Մեր երկրում կան մարմիններ, որոնք պարտավոր են գների աճը վերահսկել ու կանխել: Առաջինը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, ի դեպ՝ միայն այս մեկն է, որ պետական է, այլ հանձնաժողովներ ևս ունենք, այսինքն՝ իր լիազորությունները շատ ավելի լայն են: Հանձնաժողովի աշխատանքը պետք է սիստեմատիկ լինի, որպեսզի արդյունքը ակնհայտ լինի: 

Գնաճի վերաբերյալ մեզ պետք է ոչ թե միջինացված ինչ-որ թիվ, այլ՝ նվազագույն սպառողական զամբյուղի պատկերը: Գնաճը զսպող առաջին մարմինը Կենտրոնական բանկն է, որ փողի ծավալն ու ապրանքների և ծառայությունների ծավալը պետք է կարգավորի: 

– Ստացվում է՝ պետական մակարդակով արվող հերքումները, թե չկա թանկացում, ոլորտը վերահսկվում է և այլն, հեռու՞ են իրականությունից:

– Ես նույնն ասացի ավելի մեղմ՝ արժանահավատ չեն: Ընդհանուր ուսումնասիրության հաշվին են ինչ-որ աճի թիվ ասում, բայց երբ առանձին ուսումնասիրում ենք, ստացվում է, որ գյուղատնտեսությունն ունեցել է կես տոկոսի անկում, ոչ թե աճ, շինարարությունը ունեցել է շատ մեծ աճ, արդյունաբերությունը ունի 1 տոկոս՝ գրեթե զրոյական աճ: 

Գյուղատնտեսությունը շատ ցավալի վիճակում է, կրճատվում են բոլոր ցուցանիշները, այս ոլորտում անկումային վիճակ է: Մեր երկրում չկա արդյունաբերություն, դա հեքիաթ է, որպես արդյունաբերություն ունենք սննդի արտադրություն, մեկ էլ՝ գիրք են հրատարակում, լավ են անում, բայց դա արդյունաբերություն չէ: Մեր երկրում տնտեսագիտական միտքը, մեղմ ասած, կաղում է, ինչի հետևանքն էլ մենք զգում ենք մեր մաշկին:

– Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2021թվականի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26,5-ից դառնալով 24,8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,5-ից դարձել է 1,2 տոկոս: Այս ցուցանիշներն արժանահավատ համարո՞ւմ եք:

– Ո՛չ, միանշանակ արժանահավատ չեն, բայց ես ուզում եմ շեշտել, որ ընտանեկան բյուջեն, միջինացված թվերով ուսումնասիրելիս, մենք տեսնում ենք, որ բացի 10 տոկոս հարուստ խավից, մյուս խավերի մոտ եկամուտների 60 տոկոսը գնում է միայն սննդի վրա: Դա սարսափելի թիվ է, եթե առաջավոր երկրներում սննդի վրա ծախսվող գումարն ընդհանուր եկամտի 25 տոկոսն է կազմում, դա համարվում է աղքատության գին: 

Մարդը չի ծնվել միայն սնունդ սպառելու համար, նա պետք է հոգևոր սնունդ էլ ստանա, արվեստին հաղորդակցվի, իսկ մեր երկրում բնակչության մեծ մասի համար դա գրեթե անհնար է դառնում: Աղքատությունը մեզանում շարունակվում է, նվազման միտում չկա, դրանում որևէ կասկած չկա, մուրացկաններին չե՞ն տեսնում փողոցներում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am