«Հունաստանում պատվաստված մարդիկ պահանջում են, որ կողքինն էլ պարտադիր պատվաստվի». Թերեզա Շահնազարյանը՝ գործող կանոնների մասին

«Հունաստանի Սալոնիկ քաղաքում պատվաստվելը որոշ դեպքերում պարտադիր դարձնելը հասարակության շրջանում մի պահ դժգոհությունների առիթ էր ստեղծել, մարդիկ նույնիսկ ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով, որ իրենց չպարտադրեն պատվաստվել»,- «Մեդիալաբին» ասում է Հունաստանում բնակվող 46-ամյա Թերեզա Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Սալոնիկում այժմ բողոքի ցույցեր ևս կազմակերպվում են, սակայն այս անգամ հասարակությունը պահանջում է՝ իրենց չպարտադրել թեստավորվել, քանի որ իրենք այդքան ֆինանսական հնարավորություններ չունեն․ 

«Նաև պնդում են, որ պետությունն իրենց այլընտրանք չի թողնում՝ ստիպված պետք է կամ պատվաստվեն, կամ թեստավորվեն»։

Սեպտեմբերի 15-ից Հունաստանում չպատվաստվելու դեպքում գործող սահմանափակումները խստացվել են․ ցանկացած փակ տարածք մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պատվաստումը հաստատող փաստաթուղթ, հակառակ դեպքում անձի՝ որևէ փակ տարածք մուտքը կարգելվի։

Թերեզա Շահնազարյանը Հունաստանում բնակվում է արդեն շուրջ քսան տարի, աշխատում է տուրիզմի ոլորտում։

«Այստեղ աշխատող անձը կամ պետք է պատվաստված լինի, կամ շաբաթը մեկ անգամ աշխատավայր ներկայացնի 48-ժամյա ռապիդ թեստի բացասական պատասխան։ Դրա արժեքը կազմում է մոտավորապես 10-20 եվրո՝ կախված նրանից, թե անձը որ ախտորոշիչ կենտրոն կդիմի»,- «Մեդիալաբին» ասում է Թերեզան և հավելում, որ ռապիդ թեստից բացի կարելի է հանձնել նաև ՊՇՌ թեստ, որը գործում է 72 ժամ, իսկ արժեքը 60 եվրո է։

Նրա խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ թույլատրվում էր հանձնել նաև սելֆ թեստ, որը կարելի էր ձեռք բերել դեղատներից․ 

«Սկզբում դրանից կարող էին օգտվել հիմնականում աշակերտները և գրանցված աշխատողները, այն անվճար էր։ Թեստը արվում էր տան պայմաններում, որի պատասխանը լրացվում էր օնլայն, բայց հարթակի ծանրաբեռնվածության պատճառով այն կարելի էր լրացնել նաև ձևաթղթի վրա։ Սակայն, դրանից այժմ թույլ են տալիս օգտվել միայն մինչև 12 տարեկաններին, 12-ից բարձր բոլոր անձինք պետք է ռապիդ կամ ՊՇՌ թեստ հանձնեն»։

Թերեզան ասում է՝ առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստվեն, հակառակ դեպքում չեն կարող աշխատանքի ներկայանալ: 

Թերեզան պատվաստվել է, հուլիսի 12-ին ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Ասում է՝ որոշել է պատվաստվել, քանի որ աշխատանքի բերումով շատ է մեկնում, իսկ անընդհատ թեստավորվելը ավելորդ գլխացավանք է։

«Ինչպես բոլոր երկրներում, այստեղ էլ կան պատվաստմանը կողմ և դեմ մարդիկ, սկզբում կար նաև կարծրատիպ, թե մարդկանց չիպավորում են, կոդավորում, հետո կամաց-կամաց այդ մտածելակերպն էլ վերացավ։ Կարծում եմ՝ դա ինչ-որ տեղից մարդկանց շրջանում տարածված պրոպագանդա է»,- նշում է Թերեզան և հավելում, որ ինքն ի սկզբանե չի հավատացել չիպավորմանը, ասում է՝ ֆանտազիայի ժանրից է։

Թերեզան ասում է, որ 18-25 տարեկան պատվաստված երիտասարդների համար Հունաստանում պետությունը մեկնարկել է խրախուսական ծրագիր։ Այն կոչվում է «Ֆրիդոմ փաս», համաձայն որի՝ 18-25 տարեկան պատվաստված անձանց պետությունը գումար է տրամադրում՝ 150 եվրոյի չափով, որը փոխանցվում է յուրաքանչյուրի համար գործող էլեկտրոնային անհատական քարտին․ այն գործելու է մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը։

Թերեզայի խոսքով՝ հասարակական տրանսպորտում թեստավորվել կամ պատվաստվել չեն պարտադրում, սակայն պարտադիր է դիմակ կրելը․ «Օրինակ՝ նավով ճամփորդելու դեպքում անձը պարտադիր պետք է թեստավորված կամ պատվաստված լինի կամ էլ մոտ 6 ամիս առաջ քովիդով հիվանդացած լինի»։

«Հունաստանում այն մարդիկ, որոնք պատվաստվել են, պահանջում են, որ կողքինն էլ պարտադիր պատվաստվի։ Այդպես մտածում են հիմնականում 60-ն անց տարեցները, իսկ երիտասարդությունը այդքան էլ լուրջ չի վերաբերվում պատվաստմանը»,- պատմում է Թերեզան։

Նա կարծում է՝ որ եթե նույնիսկ անձը պատվաստված է, այնուամենայնիվ, դեռ անհրաժեշտ է զգուշություն ու զգոնություն պահպանել, քանի դեռ չեն գտել համավարակի դեմ բուժումը։

«Դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքում, բայց շատերը անգամ փողոցում դիմակով են քայլում։ Տրանսպորտում ևս պարտադիր է, մարդիկ դիմակ չկրելու համար նույնիսկ իրար նկատողություն են անում, երբեմն նաև վեճեր են լինում։ Ինչ վերաբերում է պատվաստվածներին, նրանք ևս պետք է պահպանեն կանոնները»,- ասում է նա։

Թերեզան նշում է նաև, որ Հունաստանի բնակչության մոտավորապես 70-80 տոկոսը պատվաստված է, որոնց մեջ մտնում են թե առաջին և թե երկրորդ դեղաչափ ստացածները։

Հունաստանում COVID-19-ի տարածման պահից գրանցվել է վարակման 648.091 դեպք, իսկ մահացությունների թիվը 14.727 է։

Մերի Մաթևոսյան

MediaLab.am