«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը
– Տիկի՛ն Գրիգորյան, օրերս կրկին ակտիվ քննարկումներ սկսվեցին ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։ Ի՞նչ հիմնական պահանջներ ու քայլեր էր ներկայացրել Եվրամիությունը Հայաստանին, ի՞նչ փուլում է այժմ գործընթացը: Անհրաժեշտ քայլերն արվե՞լ են:
– Նախ ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին երկխոսության մեկնարկը եղել է 2024 թվականի սեպտեմբերին։ Սա նշանակում է, որ ԵՄ անդամ բոլոր 27 պետությունները համաձայնել են, որ եթե Հայաստանը իրականացնի ԵՄ կողմից սահմանված բոլոր պահանջները, ապա ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել ԵՄ անդամ երկրներ։ Այսինքն՝ քաղաքական առումով որոշումը մեծ հաշվով կայացված է, և Հայաստանի Հանրապետությունը ունի կանաչ լույս, մնում է իրականացնել բոլոր պահանջվող բարեփոխումները։ Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի նման գործընթաց, և սա նույնպես մեր պետության հանդեպ ԵՄ-ի վստահության ու մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին է խոսում։
Գալով սահմանված պահանջներին՝ դրանք արտացոլված են ԵՄ-ի կողմից Հայաստանին հանձված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, կարճ՝ Գործողությունների ծրագիր։ Եթե առանց տերմինների ու հասկանալի լեզվով ասենք, ապա դրանք մի քանի ոլորտներում բարեփոխումների մասին են. 1. փաստաթղթերի անվտանգություն, այդ թվում՝ կենսաչափական փաստաթղթեր, 2. միգրացիա և սահմանային անվտանգություն, 3. հասարակական կարգ և անվտանգություն, ներառյալ՝ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար, տվյալների պաշտպանություն, 4. հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ տեղաշարժի իրավունք, քաղաքացիների իրավունքներ։ Այս բոլոր ոլորտներում կատարված բարեփոխումների համար նախատեսված է երկու փուլ՝ օրենսդրական և բարեփոխումների իրականացման։
Եվ, ի վերջո, գալով հարցին, թե ինչ քայլեր ենք արդեն արել, մի քանի օր առաջ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում մեզ է հանձնվել առաջին առաջընթացի զեկույցը, որտեղ բարձր է գնահատվում Հայաստանի իրականացրած քայլերը բոլոր չորս ոլորտներում օրենսդրական և քաղաքական առումներով։ Ավելի պարզ բառերով՝ ԵՄ-ն գտնում է, որ Հայաստանը լավ աշխատանք է կատարել իր պահանջած ոլորտներում օրենսդրական բարեփոխումները իրակացնելիս։ Ընդ որում, նաև նշվում է, որ շատ գնահատելի է, որ Հայաստանը այս աշխատանքը կատարել է շատ սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ Գործողությունների ծրագիրը, այսինքն՝ թե ինչ էր պահանջվում, Հայաստանին է հանձնվել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2025 թվականի նոյեմբերին։
– Օրերս տեսանյութ էիք հրապարակել, որտեղ նշում էիք, որ ԵՄ կողմից նոր առաջադրանքներ եք ստացել: Կմանրամասնեք՝ ի՞նչ նոր առաջադրանքների մասին է խոսքը:
- Ճիշտ եք, զեկույցը շատ մանրամասն, յուրաքանչյուր ոլորտի յուրաքանչյուր ենթաոլորտի հետ կապված տեղեկացնում է, թե ինչ բարեփոխումներ/գործողություններ կան, որ անհրաժեշտ է իրականացնել։ Եվ դրանց մեծ մասը վերաբերում է կրկին նշված բոլոր ուղղություններով մեր պետական մարմինների կարողությունների զարգացմանը, տվյալների կառավարում ու պաշտպանություն (այդ թվում՝ համապատասխան պետական մարմնի ստեղծում), կենսաչափական փաստաթղթերի հետ կապված գործընթացի ամբողջականացում, որոշ դեպքերում դեռևս կան օրենսդրական բարեփոխումների հարցեր (այդ թվում՝ հակախտրականության մասին օրենք, ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող, կանանց և երեխաների դեմ բռնությանն առնչվող օրենսդրություն), Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինտեգրման հարցեր, հանցավորության և գումարի ապօրինի շրջանառության դեմ շարունակական պայքար և այլն։
– Կա՞ արդյոք հստակություն ժամկետների հետ կապված, ե՞րբ կարող է ավարտվել այս գործընթացը, և Հայաստանի քաղաքացիները առանց վիզայի անհրաժեշտության կկարողանան ճամփորդել ԵՄ երկրներ։ Հարց, որ հետաքրքրում է հազարավոր մեր հայրենակիցներին:
– Այս պահին որևէ մեկը չի կարող ասել ամիս-ամսաթիվ, թե ե՛րբ կունենանք ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ։ Բայց կա շատ կարևոր լավ նորություն. մինչև հիմա գրանցված առաջընթացը ցույց է տալիս, որ Հայաստանը սպասվածից զգալիորեն ավելի արագ է իրականացնում բարեփոխումները։ Օրինակ՝ կարևորագույն պահանջներից՝ կենսաչափական անձնագրերի ներդրման և տրամադրման կետի հետ կապված հենց վերջերս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանից տեղեկացանք, որ աշնանը դրանք արդեն հասանելի կլինեն մեր քաղաքացիներին։ Կամ մյուս կետով՝ սահմանային անվտանգության ներկայացված պահանջների մասով, օրերս նախաստորագրվեց համաձայնագիր ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ։
Ուզում եմ երկու կետի վրա հրավիրել մեր քաղաքացիների ուշադրությունը. առաջինը պահանջված բարեփոխումների իրականացման գործում մեր Կառավարության քաղաքական կամքն է, որը շատ բարձր է գնահատվել ԵՄ-ի կողմից։ Հաջորդը՝ վերջնական որոշման կայացման ժամանակ հաշվի է առնվելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան, և այս առումով, կրկին, վերջին տարիները աննախադեպ են եղել, և սա փաստել են ԵՄ տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
-Ընդդիմության կողմից հնչեցին կարծիքներ, որ ԵՄ վիզաների ազատականացման թեման իշխանությունն օգտագործում է նախընտրական նպատակներով, մինչդեռ գործընթացի ավարտը կարող է տարիներ տևել։ Որքա՞ն իրատեսական են գնահատականները, որ ՀՀ քաղաքացիները մինչև 2029-2030 թվականը դեռ չեն կարողանա առանց վիզայի ճամփորդել ԵՄ երկրներ։
– Ընդդիմության հարցում բախտը շռայլ չի գտնվել մեր ժողովրդի հանդեպ, ցավոք սրտի։ Նրանց համար հօգուտ քաղաքացու արված ցանկացած բարեփոխում դժբախտություն է, քանի որ ուժեղ հարված է հասցնում նրանց՝ առանց այն էլ ընտրական շեմի հաղթահարման բարդ գործին, ուստի ցանկացած դրական փոփոխություն, որն իրականում մեր Կառավարության ծրագրի իրագործումն է, որակում են կա՛մ իբրև նախընտրական կաշառք, կա՛մ նախընտրական նպատակով գործողություն։
Իսկ իրականությունն այն է, ինչը տեղի է ունենում մեր կյանքում պատվիրված ու վճարված հոդվածներից ու ելույթներից այն կողմ, այն, ինչ տեսնում ենք ամեն տարի, ամիս ու շաբաթ՝ խաղաղությունը, առողջության ապահովագրությունը, սոցիալական պաշտպանության մեծացումը բոլոր ոլորտներում, ճանապարհներ, դպրոցներ ու հիվանդանոցներ… այս շաբաթվա նշանակալի միջոցառումներն ու ստորագրված ռազմավարական ու ոլորտային փաստաթղթերը։ Նույնը՝ վիզաների ազատականացման առումով, ինչպես և հիմա ենք անում, շարունակելու ենք անել ամեն ինչ, որ այն տեղի ունենա շատ ավելի արագ, քան եղել է մյուս երկրների դեպքում, ու այդպես էլ կլինի, վստահ եմ, որ շատ ավելի շուտ, քան ձեր նշած ժամկետներում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















