«Իրականում ճնշումները քաղաքական չեն, ամբողջ խնդիրն իրավական հարթությունում է». Քաղաքագետը՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն օրերս կոշտ հայտարարություն արեցին Հայաստանի վերաբերյալ՝ նշելով, որ անհանգստացած են վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև առկա բարձր լարվածությամբ, և որ փոխզսպումներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ 

Այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն տարածեց հայտարարություն՝ նշելով, որ մտահոգված է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այս հայտարարությունների հասցեատերն իրենք չեն։ Որքանո՞վ է իշխանությունների արձագանքը համարժեք ստեղծված իրավիճակին։

– Կարծում եմ, որ մենք գործ ունենք ընկալման մի փոքր տարբերության հետ, քանի որ եվրոպական մտածելակերպ ունեցող գործիչը գործընթացները պատկերացնում է օրենքների հիման վրա՝ իրավական։

Այսինքն՝ նրանք, անկախ այն բանից, թե ինչի՛ արդյունքում է Հայաստանում իշխանությունը փոխվել, և ինչի՛ արդյունքում են երկրում փոփոխություններ տեղի ունեցել, պատկերացնում են իրավական ընթացակարգեր։

Սակայն մենք երկրում ունենք նաև այնպիսի իրավիճակ, որ շատ հարցերում իրավական ընթացակարգերը գրվել են հենց այն կանխամտածված ենթադրությամբ, որ հնարավոր է իրավակարգի որոշակի մեկնաբանություն այս ուղղութամբ տանել։ 

Մենք գիտենք, որ գրվել է Սահմանադրություն, որը գրողն ինքն իրեն մինչև վաթսուն քանի տարեկան նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Այսինքն՝ ինչպես նախկին նախագահն էր ասում, զուտ թղթերով ամեն ինչ կարգին է։ 

Սակայն գործընթացն ինքն իրենով չի համապատասխանում ժողովրդավարական զարգացման տրամաբանությանը։ Այդ իսկ պատճառով իշխանությունները շատ ավելի ճիշտ կանեն, եթե կարողանան նույն եվրոպական քաղաքակրթական մտածելակերպ ունեցող մարդկանց հասկացնել, որ պրոցեսը նույնպես գնում է իրավական ճանապարհով, սակայն ոչ այն օրենքներով, որոնք գրվել են նախկինում՝ շահարկումների հնարավորություն ստեղծելով։ Այդ դեպքում, ես կարծում եմ, խնդիր չի լինի։

– Ընդդիմախոսները նույնպես իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշումների մասին են ահազանգում։ Եվ երբ եվրոպացիները փոխզսպումների մասին են խոսում, ձեր կարծիքով՝ պե՞տք է նրանց իրականում հասկացնել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում։

– Քաղաքական ճնշումներ չկան, իրականում ճնշումները քաղաքական չեն։ Ամբողջ խնդիրն իրավական հարթությունում է։ Սակայն, քանի որ իրավաբանորեն, թղթով ամեն ինչ կարգին է, այդ միտքը եվրոպացիների համար կրում է դոգմատիկ բնույթ։ 

Եվ Հայաստանի իշխանություններին ես խորհուրդ կտայի ոչ թե ավելի շատ նայել եվրոպաներից, մոսկվաներից և այլ կենտրոններից եկող մեսիջներին, այլ ստեղծել այնպիսի իրավական համակարգ և իրավական մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի այդպիսի երևույթները բացառել։ 

Եթե այսօր ունենք Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամ, իրականում մենք չենք տեսնում, որ իշխանությունները փորձում են ստեղծել ժողովրդավարական ինստիտուցիոնալ ինչ-որ համակարգ, որպեսզի հետագայում այդպիսի երևույթներ չլինեն։ 

Ենթադրենք՝ այս անգամ մենք կարողացանք չգիտեմ ինչ գնով՝ սանկցիաներով կամ այլ մեթոդով, լուծել ՍԴ-ի հետ կապված ճգնաժամը, սակայն հետագայում նորից նույն խնդրի առաջ ենք կանգնելու մեկ այլ ինստիտուտի մասով։ 

Կամ, ենթադրենք՝ եթե որոշ ժամանակ անց իշխանությունը փոխվի, նորից նույն խնդիրն ունենալու ենք։ Դրա համար պետք է ինստիտուցիոնալացնել այն ամբողջ դրականը, որը տեղի ունեցավ թավշյա հեղափոխության արդյունքում, և դրա արդյունքում ստեղծել մեխանիզմներ, որպեսզի իրավական համակարգն աշխատի անկախ անձերից։ Իշխանությունները դեռևս այդ ուղղությամբ գործողություններ չեն իրականացնում։

– Եթե անդրադառնանք եվրոպական կառույցների այդ հայտարարություններին, ի՞նչ են դրանք նշանակում Հայաստանի համար, և ի՞նչ հետևանք կարող են ունենալ։

– Կան լավատեսական և վատատեսական սցենարներ։ Վատատեսականը, իհարկե, այն է, որ կարող են սանկցիաներ լինել, եթե խնդիրներն այսպես շարունակվեն, և Եվրոպան շարունակի գործընթացները որակել ոչ իրավական։ Բայց այստեղ մեկ բան էլ պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչ այդպես հարթ ու միանշանակ չէ, և նույն եվրոպացիները, որոշում կայացնողները ևս ունեն անձնական շահեր, և խնդիրների շատ շերտեր կան, որոնք պետք է հաշվի առնել և որոշում կայացնելիս գնահատել՝ այդ որոշման հետևանքն ի՛նչ կլինի։ 

Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը՝ դա Հայաստանի ժողովրդավարական զարգացումն է, որը ոչ մի դեպքում չպետք է կապել որևէ սանկցիայի կամ խնդրի հետ։ 

Եվ եթե Հայաստանի ժողովրդավարական զարգացման պահանջն է իրականացնել այնպիսի քայլեր, որոնք դրսում ցանկացած կենտրոնի կթվան ոչ ժողովրդավարական, սակայն մենք մեր ընկալմամբ կիմանանք, որ դա ժողովրդավարական զարգացման նախադրյալ է, ապա դա միանշանակ պետք է կատարվի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am