Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին Գյումրու թատրոնի բակում տնկած ու երեկ անհետացած նոճիների հարցով դիմել է ոստիկանություն: Նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կ.Բաբակեխյանին.
«Գյումրու թատերական հրապարակում, թատրոնի սանդղաշարին 2013 թվականի դեկտեմբերի 1-ին տնկված մի քանի ծառեր անհետացել են դեկտեմբերի 4-ին: Դատելով Aravot.am կայքի հրապարակման մեջ եղած լուսանկարներից` դրանք տարվել են հապճեպ և չեն հասցրել անգամ փոսերը հողով լցնել: Կարծում եմ գողություն է տեղի ունեցել: Խնդրում եմ ՀՀ գործող օրենսդրությամբ այս հաղորդումը ընդունել ի գիտություն, ձեռնամուխ լինել դրանից բխող բոլոր գործողություններին և նեղություն քաշել` ինձ կամ հանրությանը պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին»: Aravot.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց, որ Վլադիմիր Պուտինի այցին նախօրյակին տնկած ծառերը եղել են ոչ թե եղևնիներ, այլ նոճիներ, որոնց հետ սակայն Գյումրու քաղաքապետարանը «ոչ մի կապ ու կապակցություն չի ունեցել»: «Կարող էին հանձնել քաղաքապետարանի տնօրինմանը, բայց որոշել են չհանձնել, վերցնեն ու տանեն, երևի ամեն մեկը մի 80-100 դրամանոց ծառ է եղել, կամ չեն տեսել էլի մեր քաղաքին էդ ծառերը թողնել: Քաղաքապետարանը ինչ-որ տեղ, ինչ-որ մեղքի բաժին ունի, օրինակ` այնտեղ տնկել թույլ տալուց սկսած պետք է պայմանավորվեր, որ ինչ է լինելու դրանց ապագան: Օբյեկտիվորեն դրանք այնտեղ աճելու, մեծանալու դեպքում հսկա ծառեր են դառնում, ի դեպ. տեղը չէր դիզայնի տեսանկյունից, բայց կարող էին վերցնել, մեկ ուրիշ տեղ քաղաքում տեղավորել: Քաղաքապետարանին էլ տեղյակ չեն պահել, տեղյակ էլ չենք`ո՞վ է բերել, ո՞վ է տարել հանել-տարել: Ես այսօր հաղորդում եմ տալիս ոստիկանությանը հանցագործության մասին. հետքերից դատելով` տեղի է ունեցել կողոպուտ», -ասաց ավագանու անդամը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ