Հանքարդյունաբերության ոլորտը հիվանդ է, շատ հանքեր պետք է փակվեն կամ ազգայնացվեն, իսկ նոր հանքեր, այդ թվում՝ Ամուլսարը, չպետք է բացվեն․ Նազելի Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, բնապահպան, «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը

– Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, որը մեկ տարուց ավելի ուսումնասիրում էր Հայաստանում հանքարդյունաբերությունը, դրա գործունեությունն ու աշխատանքների թափանցիկությունը, վերջերս հրապարակեց եզրակացությունը։ Դուք այդ հանձնաժողովի նիստերին մասնակցում էիք, ի՞նչ տպավորություն ստացաք այդ հանձնաժողովի եզրակացությունից։

– Ճիշտն ասած, այդ հանձնաժողովից մենք ավելի մեծ ակնկալիքներ ունեինք այն առումով, որ լինելով բարձրագույն իշխանության մարմին՝ Ազգային ժողովը ավելի մեծ հնարավորություններ կունենա պարզելու և փաստաթղթեր հավաքելու Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ։ Սակայն այդքան էլ բավարարված չենք հանձնաժողովի այդ եզրակացությամբ, որովհետև ոչ լիարժեք փաստաթուղթ է։

Դա երևի պայմանավորված է հանձնաժողովի անդամների մեծ մասի պասիվությամբ․ երեք անգամ ես այդ հանձնաժողովի նիստերին եղել եմ, և պատգամավորների մեծ մասը փոխանակ հետաքրքրված լիներ պարզելու, թե այս կամ այն հանքում ինչ իրավիճակ է, ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզում էին, թե հասարակական կազմակերպությունները որտեղի՛ց են գումար ստանում և ինչո՛ւ են շահագրգռված այդ հարցերը բարձրացնելու։

Օրինակ՝ Թունյանը բոլոր նիստերին նման հարցեր է տվել, փոխանակ բարձրացված մտահոգությունների վերաբերյալ փորձեր ինչ-որ բաներ պարզել։ 

Հանձնաժողովի անդամ պատգամավորները յուրաքանչյուրը որոշակի պարտավորություն է ունեցել ամեն հանքավայրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու։ Այն հարցերը, որ մենք բարձրաձայնել ենք նիստերի ժամանակ, չեն ստացել պատասխաններ, որովհետև պատկան մարմինները, որոնք պետք է պատասխանեին, կա՛մ հրաժարվել են, կա՛մ լիարժեք չեն պատասխանել։

Ես ներկայացրել եմ բոլոր հանքերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող հանգամանքներով, բայց օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով մենք չունենք այն փաստաթուղթը, որն ակնկալում էինք ունենալ։ 

Բայց նույնիսկ այդ թերի փաստաթղթի մեջ բավականին կարևոր փաստեր կային։

– Դուք նկատի ունեք շահութահարկի՞ հատվածը, երբ նշվում էր, որ հանքարդյունաբերական ընկերությունները շահութահարկ չեն վճարում։

– Այո՛, հենց դա։ Անընդհատ թմբկահարվում էր, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաշահութաբեր գործող ոլորտն է, և առանց հանքարդյունաբերության Հայաստանը կկործանվի։ Բայց այդպիսով փաստորեն հաստատվում է մեր երկար տարիների ասածը՝ հանքարդյունաբերությունը շահութաբեր չէ։

Հակառակը՝ դա մեր ընդերքի թալանն է, մեր հարստության թալանն է։ Շատ բնական հարց է առաջանում. եթե շահութաբեր չէ, ապա ինչո՞ւ են աշխատում, եթե աշխատում են, ուրեմն շահույթը գնում է իրենց գրպանները, և պետությունը ոչինչ չի ստանում։

Ինչո՞ւ ենք մեր ընդերքը, մեր երկրի ու մեր ապագա սերունդների հարստությունը նվիրում ինչ-որ կորպորացիաների, որոնց մեծ մասը գրանցված է օֆշորային գոտիներում։ 

Ամուլսարի վերաբերյալ հանձնաժողովը պարզել էր, որ 55 գրանցված պատմական հուշարձաններ կան այդ վայրում։ Հայաստանը վավերացրել է Պատմամշակութային օբյեկտների պաշտպանության միջազգային կոնվենցիան, քննիչ հանձնաժողովը հարցում էր կատարել Ժառանգության կոմիտեին, որտեղից հաստատել էին, որ նման հուշարձաններ կան, գրանցված են ու գտնվում են այդ կոնվենցիայի պաշտպանության ներքո։

Սա խոսում է այն մասին, որ հանքարդյունաբերություն իրականացնելու թույլտվությունն այդ վայրում արդեն անօրինական է։ 

– Երեկ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը կարծես հերքեց և ասաց, որ իրենք հարկային պարտավորությունները լավ են կատարում։

– Հա, բայց ի՞նչ են վճարում։ Եթե տեսչական մարմինը ֆիքսում է, որ Քաջարանի կոմբինատի ստուգման արդյունքում պարզվել է, որ 18 մլն տոննա հանքաքար նորմայից ավելի է հանվել, ապա դա նշանակում է, որ դա ապօրինի է արդյունահանվել։ Այսինքն՝ սահմանված նորմայից ավելի է արդյունահանվել։ Թող դրա մասին խոսի, թող մյուս խախտումների մասին խոսի։

Ու դա բոլորին է վերաբերում, բոլոր հանքարդյունաբերող ընկերություններին։ Լուրջ ուսումնասիրություն է հարկավոր, որն այս պահին չենք կարող անել, եթե հարցումների պատասխանները Ազգային ժողովին չեն տալիս, մեզ էլ չեն տա։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՀՆԱ-ի միայն 2,8 տոկոսն է կազմում հանքարդյունաբերությունը, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը 40 տոկոս է, զբոսաշրջությունը նույնպես բարձր տոկոսներ է գրանցել։

Աշխատատեղերի առումով 0,9 տոկոս է ապահովում հանքարդյունաբերությունը։ Այս ոլորտը հիվանդ է, և այն հանքերը, որոնք խախտումներ են կատարում, հարկեր չեն վճարում, կա՛մ պետք է փակվեն, կա՛մ ազգայնացվեն, իսկ նոր հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ 

Մանիպուլյացիաների փուլն անցանք, հիմա մնում է ճիշտ որոշումներ կայացնել Ամուլսարի հարցով, սթափվել, որովհետև հիմա մենք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ ունենք, իսկ էկոլոգիան մեզ համար ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է։

– Խոշոր հաշվով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատա՞կ էր այն դեպքում, երբ նախաձեռնության սկզբնական փուլում Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների համատեքստում մեծ էնտուզիազմ կար։

 – Ամուլսարի դեմ ոչ բոլոր պատգամավորներն էին։ Այնտեղ կարծիքները կիսված էին, մի մասը դեմ էր, մյուս մասը՝ կողմ։ Օրինակ՝ Բաբկեն Թունյանը, Հայկ Գևորգյանը կողմ էին, նույնիսկ շատ ժամանակ «Լիդիան Արմենիայի» փաստաբանի դերն էին ստանձնել, որն անընդունելի է։

Այնպիսի հայտարարություններ էին անում, որ վաղը- մյուս օրը այդ ընկերությունը կօգտագործեր մեր պետության դեմ։ 

– Լավ, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչը պետք է փոխել հանքարդյունաբերության ոլորտում։

– Այս ամենը խոսում է այն մասին, որ օրենսդրական լուրջ փոփոխությունների կարիք կա, որովհետև դա անվերահսկելի է եղել, կան բազմաթիվ խախտումներ։ 

Նույնիսկ այս թերի, ոչ լիարժեք եզրակացությունից կարելի է շատ լուրջ եզրահանգում անել՝ այդ ոլորտը հիվանդ է և լուրջ ուշադրության կարիք ունի։

Պետք է ոլորտում խստացումներ ներմուծվեն, ինչու ոչ, մի շարք հանքեր պետք է փակվեն, որովհետև նրանք օրենսդրությունը խախտելով են աշխատել կամ ընդհանրապես չեն աշխատում, նոր հանքավայրերի թույլտվությունը պետք է բացառել, դա ընդհանրապես պետք է մեր երկրում բացառել։

Մանավանդ պատերազմից հետո պետք է շատ կտրուկ լինել, որովհետև որպես արոտավայր հիմա մնացել է միայն Ամուլսարը։ Կորցնելով այդ տարածքները՝ մենք մեր ժողովրդին զրկելու ենք ապրուստի միջոցներից։ Էլ չեմ ասում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը․ այդ հանքերը դարձել են հիմա սահմանամերձ, մանավանդ՝ Ամուլսարը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am