«Փոփոխություն տեղի չի ունեցել, բավական չէ, որ հիվանդ երիտասարդին զորակոչել են բանակ, դեռ մի բան էլ տանջում են». Իրավապաշտպան

«Փոփոխություն  տեղի չի ունեցել, բավական չէ, որ հիվանդ երիտասարդին զորակոչել են բանակ, դեռ մի բան էլ տանջում են». Իրավապաշտպան
«Փոփոխություն տեղի չի ունեցել, բավական չէ, որ հիվանդ երիտասարդին զորակոչել են բանակ, դեռ մի բան էլ տանջում են». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Երեկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր արել, որ զինծառայող շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս։

«Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 15.07.2019 թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ`զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ», -նշված է հաղորդագրության մեջ։ 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այլ մանրամասներ է պատմում:

– Տիկի՛ն Ալեքսանյան, Արծրուն Հովհաննիսյանի գրառումից հետո Դուք գրառում արեցիք, որ խոսնակի հայտարարությունը ապատեղեկատվություն է։ Ի՞նչ է ձեզ հայտնի։

– Յուրիկ Բրոյանը բանակ է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։ Նա ընդհանրապես ենթակա չէր զորակոչման, բայց զորակոչել են։ Զորակոչելուց մոտ 10 օր հետո նրան ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատարը, և տղան ինքնավնասում է կատարել, հայտնվել հոսպիտալում։

Ինչ-որ ներարկումներից հետո նա կորցրել էր խոսելու ունակությունը, 5 ամիս չէր խոսում և ցնցվում էր։ Այդ ցնցումները պահպանվում են մինչև հիմա։ Այս մեկ տարին նա դաժան ուղի է անցել, շատ վատ վերաբերմունքի է արժանացել ՊՆ-ում։ 

Նրան երկար պահել են ռազմական ոստիկանությունում։ Նրան վատ են վերաբերվել նաև ռազմական ոստիկանությունում, բռնության փաստերով քրեական գործեր կան հարուցված։ Նրան ծեծի են ենթարկել։ Իհարկե, ներարկումների շնորհիվ նրա խոսելու ունակությունը վերականգնվել է, բայց ցնցումները պահպանվում են։ 

Նրա շահերը պաշտպանում է մեր կազմակերպությունը, շատ ուշադիր հետևում ենք գործի ընթացքին։ Նա բուժում էր ստացել և ուղարկել էին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց՝ նաև այնտեղ բուժում ստանալու։ Հոգեբուժարանի բժիշկն ասել էր, որ պետք է արդեն դուրս գրեն, իսկ Բրոյանին պետք է զորացրեն, քանի որ այդպես նա չի կարող ծառայել։ 

Մենք զգուշացրել ենք ՊՆ-ին, որ Բրոյանին դուրս են գրում, ինչ պետք է արվի, պետք է փաստաթղթերը պատրաստեն։ Քանի որ նա ՊՆ-ի զինծառայող է, հենց ՊՆ-ն պետք է կարգավորեր այդ տղայի հարցերը։ 

Բրոյանը այս մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել անդառնալի հիվանդություն, և դա եղել է ՊՆ-ի «շնորհիվ», վատ վերաբերմունքի «շնորհիվ»։ ՊՆ-ի մամուլի խոսնակը երկու անգամ տարածել է պաշտոնական հայտարարություն, որ նա սիմուլյանտ է, բայց դատահոգեբուժական փորձաքննություները հաստատեցին, որ նա սիմուլյանտ չէ, և նրա գործողություններում որևէ սիմուլյատիվ տարր չկա։ 

– Ստացվում է՝ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդին բանա՞կ են տարել, և հիմա այլ պատմություն է ներկայացվո՞ւմ։

– Այո՛, նրան տարել են բանակ։ Մենք շուրջ 10 ամիս է՝ անընդհատ ահազանգել ենք, ամեն ինչի մասին խոսել ենք։ Ակնհայտ վատ վերաբերմունք արտահայտվեց հատկապես այսօր, երբ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Բրոյանը բուժվել է և անհայտ ուղղությամբ հեռացել է։ 

Նախ՝ չի բուժվել, ավելին՝ անբուժելի հիվանդություններ է ձեռք բերել ՊՆ-ում՝ ծեծի ու վատ վերաբերմունքի հետևանքով։ Երկրորդ՝ մամուլի խոսնակը բացահայտ ստել է, թե Բրոյանն անհայտ ուղղությամբ է գնացել։

Մենք դեռ շաբաթ օրը զգուշացրել ենք, որ երկուշաբթի դուրս են գրում։ Այսօր էլ ես զանգահարել եմ ռազմական ոստիկանության պետ Արամ Բաղդասարյանին ու ասել՝ տղային դուրս են գրել, մայրը չգիտի ինչ անի։ Բժիշկն ասել է՝ տարեք տուն, մայրն էլ տարել է տուն, որ ժամը 17-ին ներկայացնի Կանազի հոսպիտալ։ 

Մենք այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել ռազմական ոստիկանության հետ։ Դրանից հետո Արծրուն Հովհաննիսյանը սուտ տեղեկություններ է տարածում ու դրանք զեկուցում պաշտպանության նախարարին։ 

– Արդյոք սա փաստում է, որ լրջագույն փոփոխություններ այդպես էլ բանակում տեղի չունեցա՞ն։

– Որևէ փոփոխություն բանակում տեղի չի ունեցել։ Բավական չէ, որ հիվանդ երիտասարդին զորակոչել են բանակ, դեռ մի բան էլ տանջում են զինվորին։ Մենք այդքան գրել ու ահազանգել ենք դրա մասին, դեռ Արծրուն Հովհաննիսյանը իր ատելության չափաբաժինն է շպրտում զինվորի հասցեին, որ անհետացել է։ 

Նախ՝ այդ զինվորը մենակ չի էլ կարող տեղաշարժվել, նա մինչև հիմա ցնցումների մեջ է, նրան չեն բուժել։ Ընդհանրապես, բանակում զինվորին որպես ստորակարգ մարդու են վերաբերվում, որը մենք տեսնում ենք այսպիսի դեպքերով։ 

Արծրուն Հովհաննիսյանի սուտ տեղեկություններ տարածելուց հետո ռազմական ոստիկանությունից սկսել են զանգել մորը, որը այսքանից հետո լացի մեջ չգիտի ինչ անել։ Մայրը, որ այս ամեն ինչի միջով անցավ, իր որդու կողքին կանգնեց, հիմա ՊՆ-ից կարող են ցուցումներ տալ, թե հեսա կգան կտանեն։ Այդ սպառնալիքն անընդհատ կախված է այդ ընտանիքի գլխին, որ կգան հիվանդ տղային, որը ցնցումների մեջ է, կգան-կտանեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am