Հայկականության հիմնական դրսևորումը չգիտես՝ ինչու թուրքատյացությունն ու ադրբեջանատյացությունն է եղել. Գուրգեն Արսենյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը առաջարկում է թուրքատյացությունն ու ադրբեջանատյացությունը չդարձնել հայկականության դրսևորում:

«Ի՞նչ եք պատկերացնում, երբ ասում ենք հայկականություն, սա վերջին հարյուր տարվա ամենագլոբալ խնդի՞րն է։ Հայկականության հիմնական դրսևորումը հայկական քաղաքական համակարգերում և Սփյուռքում չգիտես ինչու թուրքատյացությունն ու ադրբեջանատյացությունն է եղել։

Իմ խորը պատկերացմամբ՝ դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը լրիվ այլ կոմպլեքս է, դա Հայաստանը նեդրումային երկիր դարձնելու ծրագիր է, դա հարևանների հետ կայուն և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է, գիտական բաղադրիչների խթանում, հարևանների հետ կայուն խաղաղության ապահովում, ինտեգացիոն սխեմաների մշակում է և այլն։

Հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտը, որը ոչ թե պետք է ուղղված լինի որևէ ազգի, այլ տգիտությանը և լկտիությանը»,- իր ելույթում հայտարարեց Արսենյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի ղեկավարության կողմից տարվող խաղաղության օրակարգի հայեցակարգի շահառուն ՀՀ-ի և Արցախի ժողովուրդն է։