«Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքային ծրագիրը Հայաստանով անցկացնելու մտադրության մասին․ սա նախնական ազդակ է»․ Միքայել Նահապետյան

ՔՈ անդամ Միքայել Նահապետյանը գրել է․

«Ըստ իրանական լրատվամիջոցների Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքային ծրագիրը Հայաստանով անցկացնելու մտադրության մասին: Սա դեռ շատ նախնական մի ազդակ է, որը մեզ ցույց է տալիս մեր անելիքների ուղղությունը:

Հնդկաստանը իր բնակչության ու տնտեսության ահռելի չափերով, իր անվտանգային հետաքրքություններով, իր ռեգիոնալ շահերով կարող է իսկական ու հզոր դաշնակից դառնալ Հայաստանի համար:

Պետք է սկսել աշխատանքը Սյունիքում ենթակառուցվածքային մեր ծրագրերը պրոպագանդելու, ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու, բնակչությանը Սյունիքում պահելու նպատակով սոցիալական, կրթական, առողջապահական ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ: Սյունիքն իրենով աշխարհի համար ավելի կարևոր է՝ քան մնացյալ ամբողջ Հայաստանը ու մենք դա պիտի հասկանանք ու գործենք այնպես, որ մյուսներն էլ տեսնեն, որ մենք դա հասկանում ենք:

Կառավարությունում նստած մարդիկ պիտի հասկանան, որ չկա ու չի լինելու «Մեղրիի միջանցք»: Հայաստանը հանրակացարան չէ, որ սրան-նրան միջանցքներ բաժանի: Ես արգելում եմ ինձ Հայկական տեղանունների կողքին հոլովել «միջանցք» բառը ու խնդրում եմ, որ դուք էլ ձեզ արգելեք: Հայաստանը ունի ճանապարհներ՝ բակային, համայնքային, միջքաղաքային, միջմարզային, հանրապետական և միջպետական նշանակության: Եթե ճանապարհ են ուզում՝ կորոշենք՝ երբ ու որ ճանապարհով ապահովենք իրենց անցուդարձը: Դուրս եկեք թարմ կանաչու հեռանկարից ուրախացած կովի հանդարտության ռեժիմից՝ աշխարհը ապրելու վճռականություն ունեցողների համար է ու ով իր քթից բացի տեսնում է նաև հարյուր, հազար կամ տաս հազար կիլոմետր շառավղով հնարավորությունները՝ նա էլ կապրի վաղվա օրը»