Միլանի պատշգամբից Նարեկացու «Հավուն հավուն»-ն է հնչում․ ջութակահար Չիկինին երաժշտությամբ մարդկանց «սեր և հույս» է փոխանցում կորոնավիրուսի օրերին

Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Միլանում, բնակվող ջութակահար Ալդո Չիկինիի պատշգամբը համավարակի տարածման օրերին դարձավ «համերգասրահ»․ երաժիշտը որոշեց համերգներով հանդես գալ՝ արվեստի միջոցով մարդկանց սեր և հույս փոխանցել՝ դժվարին օրերը հաղթահարելու համար։

Օրեր առաջ նրա պատշգամից հնչեց նաև հայկական երաժշտություն՝ Գրիգոր Նարեկացու «Հավուն հավուն»-ը։ 

«Այս օրերին ես տարբեր երկրների երաժշտություն եմ կատարել, երաժշտությունը միավորում է մարդկանց։ «Հավուն հավուն»-ը գեղեցիկ է և սրբազան: Ես դա առաջին անգամ լսել եմ իմ սիրելի ջութակահարներից մեկի` Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և շատ եմ սիրում: Որոշեցի այն ներառել իմ համերգներից մեկում և ուրախացնել իմ որոշ հայ ընկերներին և միգուցե Ուրուգվայում գտնվող մյուս երկրպագուներին (մենք այնտեղ ունենք շատ մեծ հայկական համայնք.- հեղ.)»:

Ուրուգվայում ծնված, արմատներով իտալացի Ալդո Չիչինին «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ երբ իրավիճակը սկսել է լրջանալ Իտալիայում և աշխարհում, մեծ ցավ է ապրել՝ հասկանալով, որ որպես արվեստագետ որևէ կերպ չի կարող մարդկանց կյանքը փրկել․ «Միակ ճանապարհը, որ կարող էի ինչ-որ բանով օգտակար լինել, երաժշտություն տարածելն էր հարևաններիս և աշխարհի բոլոր անկյուններում գտնվող մարդկանց համար»։

Երաժիշտն ասում է, որ սկզբում որոշել էր Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերով համերգներ տալ, սակայն հենց նույն օրը ստանում է Միլանի կոնսերվատորիայի հաղորդագրությունը, ըստ որի՝ առաջարկվում էր Իտալիայի յուրաքանչյուր երաժիշտի դուրս գալ պատշգամբ և համերգով հանդես գալ։

«Երբ լուրերը միայն մահվան և տխուր բաների մասին էին, երաժշտության միջոցով ես ցանկացա մարդկանց ինձ հետ տեղափոխել արվեստի աշխարհ՝ առնվազն օրը 10 րոպե: 

Մի քանի օր կարանատինի մեջ լինելուց հետո այնքան շատ էի կարոտել մարդկանց հետ շփմանը, որ մարտի 13-ին մտածեցի պլանավորել համերգ Ինստագրամի և Ֆեյսբուքի իմ էջերում: Դա մարդկանց սեր և երաժշտություն տարածելու միակ միջոցն էր՝ առանց տնից դուրս գալու։ 

Ուղիղ եթերից մեկուկես ժամ առաջ ստացա նաև համալսարանից հրավեր՝ պատշգամբում համերգով հանդես գալու։ Ինձ դուր եկավ այդ գաղափարը, և կնոջս ասացի`մնա երեխաների հետ, ես գնացի պատշգամբ` նվագելու այն ծրագրից, որն արդեն պատրաստել էի։ Շատ ցուրտ երեկո էր։ Իմ հարևաններից գրեթե ոչ ոք չգիտեր, որ ես պրոֆեսիոնալ ջութակահար եմ, և ոչ ոք ոչինչ չէր սպասում այդ երեկո»,- պատմում է Չիկինին։

Ջութակահարի հարևանների համար, չնայած անակնկալ է լինում համերգը, բայց բոլորը մեծ ոգևորությամբ են ընդունում նրան։

«2 րոպե անց բոլորը պատշգամբ էին դուրս եկել, երբ ավարտեցի, բոլորի դեմքին ժպիտ տեսա, և ուժգին ծափահարում էին։ Նրանք խնդրեցին, որ ես շարունակեմ նվագել։ Մենք պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը՝ նույն ժամին։ Այդպես սկսվեց։

Դրանից հետո ես կատարեցի իմ առցանց համերգը, որը նույնպես շատ լավ արձագանք գտավ մարդկանց կողմից»,- նշում է ջութակահարը և հավելում, որ այդ օրվանից հետո որոշում է երկու գաղափարները միավորել՝ համերգներ տալ պատշգամբից և դրանք միաժամանակ հեռարձակել սոցցանցերի իր էջում։

«Մի քանի օր տևած համերգներից հետո իմ չինացի հարևաներից մեկը գրեց, որ իր նկարահանած տեսանյութը լայնորեն տարածվել է Չինաստանի սոցցանցերում։ Ես սկսեցի բազմաթիվ հաղորդագրություններ ստանալ Չինաստանից»,- նշում է նա:

Այս ընթացքում ջութակահարը պատշգամբային 30 համերգ է ունեցել։ Ասում է, որ յուրաքանչյուր համերգ շատ տարբեր էր և առանձնահատուկ:

«Մի օր նվագեցի Իտալիայի ազգային օրհներգը, և իմ բոլոր հարևանները երգում էին, շատ հուզիչ էր: Մենք միասին երգեցինք նաև «Nel blu, dipinto di blu», որը շատ սիրված և գեղեցիկ իտալական երգ է։ Օրեցօր մենք ավելի էինք մտերմանում՝ դառնալով մեծ ընտանիք»,- նշում է արվեստագետը:

Ալդո Չիկինին ասում է, որ Իտալիայում իրավիճակը այժմ շատ լավ է: Նոր դրական դեպքերը մոտավորապես 300-ի սահմանում են, մահացությունն էլ շատ ցածր է: Այժմ կարողանում են տնից դուրս գալ, վերսկսվում է կյանքը՝ նոր կանոններով։

Երաժիշտը Հայաստանի դեպքերի արագ աճի մասին ցավով է տեղեկանում, և միակ խորհուրդը, որ կարծում է՝ կարող է տալ, այն է՝ հարգել կանոնները․ 

«Պետք մտածել՝ որպես համայնք, ամեն ջանք գործադրել՝ հօգուտ բոլորի, սա միայն անձնական պայքար չէ:

Եթե բոլորն այդ ամենի մասը կազմեն, մենք կկարողանանք դուրս գալ այս ամենից՝ որքան հնարավոր է շուտ»,- ընդգծում է ջութակահարը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am