«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»

«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»
«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»

«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,- այսպիսի կոչ արեց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկմանը:

Մատվիյչուկի խոսքով՝ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է:

«Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չէի անվանի»,- ասաց  լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը: Նա փաստեց, որ ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»,- նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ցավակցելով զոհերի հարազատներին և իր սոլիդարությունը հայտնելով մայդանում պայքարող քաղաքացիներին՝ նա կարծիք հայտնեց, որ Ուկրաինան որակապես տարբերվում է հետսովետական բոլոր երկրներից, նույնիսկ Վրաստանից. «Ուկրաինայում, որ սովոր է տարբեր ազատությունների, հնարավոր չէ մտցնել բելառուսական ավտորիտար համակարգ»:

«Մայդանում հավաքվածների առաջին պահանջը Յանուկովիչի հրաժարականն է»,- կարծում է Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ Անատոլի Մարցինովսկին: Անդրադառնալով արտաքին ուժերի դիրքորոշմանը՝ Անատոլի Մարցինովսկին նշեց, որ մայդանում հավաքվածների տեսանկյունից ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ավելի ընդունելի է, քան Եվրամիության դիրքորոշումը»:

Մեկնաբանելով իրավիճակը՝ Օլեքսանդրա Մատվիյչուկը հայտնեց. «Եթե նախկինում Եվրամայդան  SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը». «Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Եզրափակելով քննարկումը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ուկրաինայի եվրոպական ապագան շատ շոշափելի է: Այդ առումով Հայաստանի իրավիճակի հետ ընդհանուր բան չկա: Մեր ընդդիմության օրակարգն այլ է»:

«Մեդիա կենտրոն»