Սա պետականության հիմքերն ու աշխարհիկ կարգը խաթարող չափազանց վտանգավոր նախադեպ է․ քաղաքագետը՝ Եկեղեցու շուրջ գործընթացի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տաթև Զորյանը

– Տիկի՛ն Զորյան, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ զեկույց։ Դրանում ներկայացված է 16 արձանագրում՝ կուսակրոնության ուխտի խախտումներից և ֆինանսական ոչ թափանցիկությունից մինչև Եկեղեցու քաղաքականացման, կառավարման և Սփյուռքի թեմերում պառակտումների վերաբերյալ պնդումներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

– Սա պետականության հիմքերն ու աշխարհիկ կարգը խաթարող չափազանց վտանգավոր նախադեպ է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ՝ Եկեղեցին անջատ է պետությունից։ Գործադիր իշխանության քարոզչական ապարատի՝ ՊՈԱԿ-ի միջոցով ազգային-հոգևոր ինստիտուտի ներքին կյանքին, կանոնադրությանն ու կառավարմանը միջամտելն ու ինչ-որ «զեկույցներ» հրապարակելը դուրս են աշխարհիկ պետության սահմանադրական լիազորությունների տիրույթից։ 

Սա ոչ թե ինստիտուցիոնալ բարենորոգման փորձ է, այլ պետական ապարատի ուղղակի գործադրում՝ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ավանդական ինստիտուտի լեգիտիմությունը ստվերելու և հանրային հեղինակազրկման ենթարկելու համար։

– Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակը ո՞րն է այս ամենում։

– Այս նախաձեռնությունը հետապնդում է չորս առանցքային քաղաքական նպատակ՝ արտաքին-թշնամական օրակարգի սպասարկում: Հայ Առաքելական Եկեղեցու թիրախավորումն ու տկարացումը բխում են Ադրբեջանի և թշնամական այլ կենտրոնների ուղղակի ռազմավարական շահերից։ Եկեղեցին այս պահի դրությամբ երկրում միակ համազգային, պետականամետ և պետականապահպան կառույցն է, և դրա հեղինակազրկումը նպատակ ունի վերջնականապես զրկել հայ ժողովրդին ինքնապաշտպանական, հոգևոր-մշակութային դիմագծից և ազգային դիմադրողականությունից։ 

Քաղաքական օրակարգի շեղում. փորձ է արվում հանրային ուշադրությունը արտաքին անվտանգային և տարածքային ծանրագույն կորուստներից ու Արցախի հայաթափման հետևանքներից տեղափոխել ներքին՝ արժեքային-ինստիտուցիոնալ կոնֆլիկտի դաշտ։ 

Անկախ ինստիտուտների չեզոքացում. Հայ Առաքելական Եկեղեցին ինքնուրույն պատմական և հանրային լեգիտիմություն ունեցող եզակի կառույց է, որը դուրս է իշխանության վերահսկողությունից։ Նպատակն է ստվերել այդ լեգիտիմությունը և Եկեղեցին ենթարկել քաղաքական վերահսկողության։ 

Հանրային բևեռացում. սեփական ընտրազանգվածը կոնսոլիդացնելու համար կրկին գործի է դրվում հանրությանը «բարեփոխիչների» և «հանցավոր համակարգի» բաժանելու պոպուլիստական և վտանգավոր տեխնոլոգիան։

– Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս ամենին, տիկի՛ն Զորյան:

– Գործընթացի շարունակումը կհանգեցնի երեք հիմնական հետևանքի․ իրավական և սահմանադրական կոլապս։ Պետության կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձերը կհանգեցնեն սահմանադրական ճգնաժամի, քանի որ պետական որևէ ակտ չի կարող փոխարինել եկեղեցական կանոնական իրավունքին։ 

Հայաստան-Սփյուռք կապերի քայքայում. Մայր Աթոռի շուրջը ստեղծված արհեստական ճգնաժամը խորացնելու է պառակտումները Սփյուռքի համայնքներում՝ էլ ավելի թուլացնելով Հայաստանի արտաքին ցանցային և լոբբիստական ներուժը։ 

Հանրային պառակտում. ազգային-հոգևոր հենասյուների թիրախավորումը մեծացնելու է հասարակության ապատիան և ներքին անհամերաշխությունը։

– Արդյոք ճիշտ չէ՞ Ալեն Սիմոնյանը, երբ ասում է, թե ժողովրդի մեծ մասը կողմ է, որ Կաթողիկոսին իշխանությունը հեռացնի, այլապես իրենց օգտին չէին քվեարկի։

– Ալեն Սիմոնյանի պնդումը քաղաքագիտական, իրավական և ընտրական տրամաբանության տեսանկյունից ամբողջությամբ մանիպուլյատիվ է և սնանկ։ Իշխանությունն իրեն բնորոշ ոճով փորձ է անում չարաշահել ժողովրդավարական մանդատը։ Խորհրդարանական ընտրություններում ստացած քվեն քաղաքացիների կողմից տրված վստահություն է՝ պետությունը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների տիրույթում կառավարելու համար։ Ընտրական քվեն երբեք չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ իրավունք կամ «լիազորագիր»՝ միջամտելու աշխարհիկ պետությունից անջատ հոգևոր ինստիտուտի ներքին գործերին կամ գահազրկելու Եկեղեցու առաջնորդին։ 

Քաղաքական իշխանությունը փորձում է քաղաքական ընտրությունների արդյունքները «սեփականաշնորհել» և դրանք արհեստականորեն նույնացնել Եկեղեցու վերաբերյալ հանրային դիրքորոշման հետ։ Քվեն տրվում է քաղաքական ծրագրերին, այլ ոչ թե ազգային-հոգևոր ինստիտուտները կազմաքանդելու կամ հոգևոր առաջնորդներ փոխելու համար։ 

Այստեղ գործ ունենք նաև իրավական պետության սկզբունքի կոպտագույն խախտման հետ։ Ժողովրդավարությունը մեծամասնության կամայականությունը կամ ամենաթողությունը չէ․ դա առաջին հերթին Սահմանադրության, ինստիտուցիոնալ սահմանների և օրենքի գերակայության պահպանումն է։ Այն թեզը, թե ընտրություններում հաղթած քաղաքական ուժն իրավունք ունի վճռելու Եկեղեցու ճակատագիրն ու կառուցվածքը, հակասում է իրավական պետության և աշխարհիկության հիմնարար տրամաբանությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am