Հյուսիսային պողոտայում կհարգեն ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը

Մայիսի 20-ին՝ ժամը 20.00, Հյուսիսային պողոտայի` Աբովյան և Եզնիկ Կողբացու փողոցների միջև գտնվող հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան, հաղորդում է Epress.am կայքը։

Կայքը նշում է, որ ակցիայի կազմակերպիչն է «Սերունդների համերաշխություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի հետևանքով մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր: Այն սահմանվել է 1983 թվականին և նշվում է յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա 3-րդ կիրակի օրը՝ աշխարհի 115 երկրների 1200 հասարակական և համայնքային կազմակերպությունների աջակցությամբ: Ամեն տարի այս միջոցառումն ունենում է իր խորագիրը: Այս տարվա մոմավառությունն անցկացվում է «Առողջության և արժանապատվության խթանումը միասին» խորագրի ներքո։ Խորագիրն ընդգծում է այն գաղափարը, որ անձի առողջությունը և բարեկեցությունը չի կարող պահպանվել` առանց հարգելու անձի արժանապատվությունը և առանց պաշտպանելու յուրաքանչյուր մարդու իրավունքները:

«Համաձայն UNAIDS-ի վերջին վիճակագրական տվյալների` աշխարհում շուրջ 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Չնայած ՄԻԱՎ-ի բուժման մատչելիության ապահովումը նպաստել է համաճարակի կայունացմանը, այնուամենայնիվ, ամեն տարի 1.8 միլիոն մարդ մահանում է ՁԻԱՀ-ին առնչվող հիվանդություններից, մոտ 2.7 միլիոն ՄԻԱՎ-ի վարակման նոր դեպք է գրանցվում: Ամեն տարի առնվազն 390,000 երեխա է ծնվում ՄԻԱՎ-ով. մի բան, որն ամբողջովին կարող է կանխարգելվել արդի բժշկական գիտելիքների շնորհիվ», հայտնում է Epress.am կայքը՝ մեջբերելով կազմակերպիչների խոսքը.

«Մոմավառությունը նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սոցիալական գիտակցությունը: Ամբողջ աշխարհում 33 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, և այս օրը նաև կանխարգելող նշանակություն ունի համընդհանուր համերաշխության, խարանի և խտրականության խոչընդոտների հաղթահարման համար»:

© Medialab.am