«Աշխատում ենք բոլոր զոհողությունների գնով պահել այս ոլորտը, բայց չի ստացվում». Ռեստորանների միության տնօրեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, կառավարության անդամներն ասում են, թե Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ 

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ հետաձգված հարսանիքներն ու այլ միջոցառումներն այս փուլում են սկսել իրականացվել։ Կարո՞ղ ենք ասել, որ ռեստորանային բիզնեսը սկսում է աճ ապահովել։

– Իրականում բավական հարաբերական են այդ պնդումները։ Պետք է հասկանալ, որ հունվար-փետրվար ամիսները սովորաբար ցածր շրջանառության սեզոն են։ 

Եվ այս տարի այդ սեզոնայնությանը գումարվել են նաև պատերազմի հետևանքները։ Իհարկե, եթե համեմատենք նոյեմբեր և հոկտեմբեր ամիսների, այսինքն՝ բուն պատերազմական ու հետպատերազմյան շրջանի հետ, երբ մարդիկ ուղղակի որևէ միջոցառում չէին անում, շատ հետաձգված միջոցառումների որոշ մասը հիմա անցկացվում է։ 

Բայց ոչ մեծ մասն է դա, մարդիկ ի վերջո պետք է ամուսնանան, կամ մկրտության ու այլ արարողություններ ինչ-ոչ չափով արվում են։

Բայց համեմատությունն ընդամենը այդ զրոյականի հետ է, դրա համեմատ ինչ-որ շարժ, այո՛, կա։ Եթե համեմատում ենք նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների հետ, շատ փոքր տոկոսով աճ կա, բայց պետք է հասկանալ, որ դա շատ չնչին է։ Դա չի կարող ազդել ոլորտի ընդհանուր շրջանառության մեծացման վրա։

Նույնիսկ եթե այդ միջոցառումներն արվում են, նախ՝ դրանք լինում են բավական փոքրաքանակ, բավական սահմանափակ բյուջեներով։ 

Եվ, իհարկե, զվարճանքի մասն էլ որոշակիորեն ավելի զուսպ ու կրճատված է լինում։ Այսինքն՝ կարող ենք ասել՝ մի քանի տոկոսի շարժ է։ Խոսք չի գնում այն մասին, որ ոլորտը սկսել է շնչել։

Մենք թեկուզ փոքրաքանակ, բայց փետրվարին արդեն տուրիստական որոշակի հոսք էինք ունենում։ Նախորդ տարի մեզ մոտ այս ամսին դեռ պաշտոնապես կորոնավիրուս չկար, և փետրվարին որոշակի շարժ կար, օրինակ՝ գալիս էին Ռուսաստանից, այն երկրներից, որտեղ նույնպես կորոնավիրուսը դեռ տարածված չէր։ 

Իսկ 2019-ի փետրվարին այդ շարժն ավելի մեծ էր։ Այսինքն՝ այս տարի, բացի նրանից, որ հունվար-փետրվարը ոլորտի համար ցածր սեզոն է, դրան ավելացել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, պատերազմի հետևանքով մարդկանց սահմանափակված տնտեսական հնարավորությունները՝ ծախսելու առումով։ 

Դրան գումարվում է տրամադրությունը, որը, բնականաբար, դրական չէ։ Պետք է ստիպված միջոցառումներ արվեն և արվում են, դրանք շատ փոքրաթիվ են։

Այս տարի տուրիստական հոսք չկա, և դրա ակնկալիքն էլ չկա։ Այս առումով պետք է փաստենք, որ չնայած մեր բազմաթիվ առաջարկություններին՝ որպես պրոֆեսիոնալների միություն՝ Զբոսաշրջության կոմիտեն դեռևս չի նախաձեռնել գործողություններ։ 

Մենք առաջարկել էինք, որ մարքեթինգային որոշակի գործողություններ արվեն՝ հաշվի առնելով նաև այն, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում բավական բարվոք է։ 

Եվ որոշակիորեն պահպանելով հանրային առողջության հետ կապված պահանջները՝ հնարավոր էր փորձել ճանապարհը բացել գոնե այն երկրների համար, որտեղ համավարակի առումով իրավիճակը բարվոք է։

Ես շատ պարզ օրինակ բերեմ՝ Ուկրաինան Հայաստանի համար բացել է սահմանը։ Այսինքն՝ եթե դու ՀՀ քաղաքացի ես, կարող են առանց ՊՇՌ թեստ հանձնելու գնալ Ուկրաինա։ Մենք էլ կարող էինք փոխադարձ այդ սկզբունքը կիրառել։

Հայաստանը հիմա ՊՇՌ թեստ հանձնելու և բացասական արդյունք ունենալու դեպքում զբոսաշրջիկին թողնում է երկիր։ Այսինքն՝ որևէ խոչընդոտ չկա։

– Այո՛, բայց այն երկրները, որոնք մեզ համար այդ կարգը հանել են և բարվոք վիճակում են, մենք էլ կարող էինք իրենց հանդեպ նույնն անել։ Դրան զուգահեռ մարքեթինգային գործողություններ կարող էինք անել, որպեսզի այդ երկրներից զբոսաշրջիկների հոսք գար Հայաստան։ 

Առանց այդ հոսքի, հանրային սննդի ոլորտի, տուրիստական կազմակերպությունների, նաև անշարժ գույքի գործակալությունների համար, որոնք զբոսաշրջիկների հետ են աշխատում, խնդիրները շարունակվելու են։

– Ձեր ոլորտում քանի՞ ընկերություն է դադարեցրել գործունեությունը ճգնաժամի հետևանքով։

– Կան հարյուրավոր ընկերություններ, որոնք հանրային սննդի ոլորտում են գործում ու ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Փակվել են տասնյակ ընկերություններ։ 

Եվ ասեմ, որ սա այդ շղթայի սկիզբն է։ Եթե այսպես շարունակվի, որ ապագայի հանդեպ սպասումներ չձևավորվեն, գարնանը և ամռանը կավելանան այդ փակվող ձեռնարկությունները։ Այսինքն՝ մենք բոլորս աշխատում ենք ատամներով, բոլոր զոհողությունների գնով պահել այս ոլորտը, բայց չի ստացվում։

Եվս մեկ կարևոր շեշտադրում եմ ուզում անել։ Մենք կառավարության հետ դեռևս նախորդ տարվա օգոստոսից պայմանավորվածություն ունեինք աջակցության ծրագրի վերաբերյալ։ 

Խոսքն այն ծրագրի մասին է, որով աշխատատեղերը պահպանելու դեպքում կառավարությունն աջակցություն էր տրամադրում հանրային սննդի ոլորտին։ 

Այսօր այդ ծրագիրը սառեցված է։ Արդեն մի քանի ամիս է՝ այդ աջակցությունը չեն հատկացնում։ Եվ շատ ձեռնարկություններ, որոնք այդ որոշումից ելնելով՝ իրենց աշխատատեղերը վերականգնել էին, հիմա կանգնած են խնդրի առաջ։ 

Ուզում ենք հասկանալ՝ ի վերջո, այդ աջակցությունը մինչև ապրիլ պետք է լիներ, բայց նոյեմբերից դադարեցվել է։ 

Մենք հասկանում ենք, որ նոյեմբեր ամսին իրավիճակն այլ էր, բայց հիմա մենք ակնկալում ենք, որ այդ ծրագիրը պետք է շարունակվի։ Այս հարցով հանդիպել ենք կառավարության անդամների հետ, հույս ունենք, որ լուծում կստանա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am