Զելենսկին ստորագրել է Վրաստանից դեսպանի հետկանչի հրամանագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 30-ին հայտարարել է, որ ստորագրել է Մարոկկոյում և Վրաստանում դեսպաններին հետ կանչելու հրամանագիրը, գրում է Aliq.ge-ն։

«Կան մարդիկ, որոնք աշխատում են մեր պետության պաշտպանության համար, որպեսզի Ուկրաինան կարողանա ապահովել իր ապագան։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուր նման մարդու քրտնաջան աշխատանքը։ Բայց կան այնպիսիք, որոնք ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Այսօր ես ստորագրեցի առաջին հրամանագիրը՝ Մարոկկոյից և Վրաստանից Ուկրաինայի դեսպանների հետկանչի մասին», — ասել է Զելենսկին:

Զելենսկին նշել է, որ առաջիկա օրերին կոնկրետ արդյունքներ է ակնկալում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում Ուկրաինայի ներկայացուցիչների աշխատանքից։ Նա ասել է, որ նույնպիսի արդյունքներ է ակնկալում ռազմական կցորդներից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր Վրաստանից դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցության նպատակով հետ կանչելու մասին՝ վկայակոչելով վրացական կողմի «կամավորներին ազատ չարձակելը և պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը»։