Բարեւի հեղափոխություն. հանրահավաքները շարունակվում են, ոստիկանությունը կրկին «զգուշացնում»

Բարեւի հեղափոխություն. հանրահավաքները շարունակվում են, ոստիկանությունը կրկին «զգուշացնում»
Բարեւի հեղափոխություն. հանրահավաքները շարունակվում են, ոստիկանությունը կրկին «զգուշացնում»

Երեկ Աշտարակում, Ապարանում, Վանաձորում եւ Գյումրիում ունեցած մարդաշատ հանրահավաք հանդիպումներից հետո, այսօր Ազատության հրապարակում կայացավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հետընտրական հանրահավաքը:
Չնայած ՀՀ ոստիկանության նախապես տարածած հայտարարություն-զգուշացմանը` չարտոնագրված հանրահավաք անցկացնելու հետեւանքների մասին, Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր: Հազարավոր մարդիկ եկել էին իրենց բողոքի ձայն արտահայտելու փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքների եւ պայքարելու արդարության եւ Հայաստանի ապագայի համար:

Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, նախագահական ընտրություններում ստացած ձայներով հաղթել է գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ տվյալների երկրորդն է: Արդյունքները հազարավոր մարդկանց հանել է փողոց, ովքեր պայքարում են կեղծված ընտրությունների եւ անարդարությունների դեմ` համարելով, որ իրական ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Այսօր կայացած ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին նշեց` «ով ձեռք բարձրացնի ժողովրդի վրա` պատասխան է տալու»:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը տարբեր պատճառաբանություններով չի արտոնագրում հանրահավաքները, այսօր էլ հրապարակում հոսանքն էր անջատվել, սակայն դա հետ չի պահում Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքներ իրականացել, ինչն էլ կրկին անգամ ոստիկանությանը «զգուշացնող» հաղորդագրության պատճառ է հանդիսացել:

«Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Ր. Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով այսօր Երևանում անցկացվելու է հրատապ հավաք, որն ահնարին է անցկացնել իրազեկմամբ:

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա «շտապ» հավաքի մասին կազմակերպիչները դեռևս օրեր առաջ են հայտարարել, հետևաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է նաև, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որևէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես և Ր. Հովհաննիսյանի նախընտրական և հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել և մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը և դրանից բխող գործողությունները:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, և այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք և դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես և իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքի ապահովման և այլոց իրավունքների, ինչպես և հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, և դրանով էապես վտանգվում է նաև հենց հավաքի մասնակիցների, ինչպես և այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:

ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետևաբար, այսօրվա հավաքը ևս անօրինական է և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության»,-նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկանցենք, որ քիչ առաջ ավարտվել է հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կայքելի Վայոց Ձոր, Սյունիքի մարզ եւ այլ բնակավայրեր:

Ներկա պահին, հանրհավաքի մասնակիցները երթով ուղեվորվել էն Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու:

© Medialab.am