Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Մարդու իրավունքների պաշտպան

Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:

Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում: