Ոստիկանները բացահայտել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի ապօրինությունները. Տեսանյութ

Ոստիկանները բացահայտել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի ապօրինությունները. Տեսանյութ
Ոստիկանները բացահայտել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի ապօրինությունները. Տեսանյութ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։

Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն վճարել է 35 հազար դրամ, իսկ գումարի մյուս մասը՝ 40 հազար դրամները, փոխանցել է համայնքի ղեկավարին։ 2018 թվականի ընթացքում բանկային քարտերը տրամադրել են հավաքարարներին՝ հայտնելով՝ իբր աշխատավարձը բարձրացել է։

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարն իր հարազատին հրամանագրել է փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա աշխատանքի չի ներկայացել, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ աշխատավարձը յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է։

Պարզվել է, որ համայնքի ղեկավարն ամբողջովին քանդել է Մարալիկ քաղաքում կառուցվող դպրոցն ու շինանյութը վաճառել մի գյումրեցու։ Նա համայնքի գերեզմանատունը ցանկապատելու պատրվակով համայնքապետարանի բյուջեից դուրս է գրել 3 միլիոն դրամ, սակայն ցանկապատը չի կառուցվել, իսկ փողը յուրացվել է:

Բացի այդ, համայնքի ղեկավարը ՌԴ մի քաղաքացու, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, հատկացրել է բնակարան։ Քաղաքացին տունը վաճառել է՝ փողը փոխանցել համայնքապետին։ Յուրացրել է նաև 2014-2017 թվականների ընթացքում համայնքի բյուջեից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես օգնություն դուրս գրված գումարները, իսկ 2012 թվականին ապամոնտաժել և վաճառել է համայնքի տարածքի 30 սմ տրամագծով, 280 մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակներն ու գումարը յուրացրել։

Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։