«Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց` եթե իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, գնահատական կարող է տալ միայն ինքը». վերլուծաբան

«Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց` եթե իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, գնահատական կարող է տալ միայն ինքը». վերլուծաբան
«Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց` եթե իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, գնահատական կարող է տալ միայն ինքը». վերլուծաբան

Վերահսկիչ պալատի բացահայտումների և բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունում նա դե ֆակտո դատախազությանն ու իրավապահ մարմիններին մեսիջ ուղղեց, որ լուրջ բացահայտումներ չեն լինելու:

Այս կարծիքին է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

 «Սրանով Սերժ Սարգսյանն ասաց` կարելի է կոշկակար Վալոդին բռնել, հասարակ խանութի աշխատող Պետրոսին բռնել ինչ-որ չարաշահումների համար: Բայց ինքն ասաց` 2,5 մլրդ դոլարանոց բյուջեից կարելի է չարաշահում գտնել մոտավորապես 700-800 հազար դոլարի, ոչ ավելի: Սա ուղղակի պլան էր, որ ինքը մշակեց ու տվեց գլխավոր դատախազին»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Հիշեցնենք, որ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հորդորել էր.

«Ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատրելի է»:

Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը նաև մի քանի դիտողություններ էր արել  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Խոսելով չարաշահումների վերաբերյալ Իշխան Զաքարյանի հայտարարությունների մասին, մասնավորապես, Սերժ Սարգսյանն ասել էր.

«Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն: Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»,- նշել էր նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով` ընդամենն ինն ամիս առաջ Սերժ Սարգսյանը նույն գնահատականը տվեց կառավարության գործունեությանը, ինչը որ տվեց Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացնելիս:

Սակայն  այսօր Իշխան Զաքարյանը դե ֆակտո նման պատասխան ստացավ Սերժ Սարգսյանից:

«Ինն ամիս առաջ դեռ նախագահի ընտրությունները չէին եղել, Սերժ Սարգսյանը լուրջ մտավախություն ուներ, որ կոռուպցիայի մեջ թաղված այս գործադիր իշխանությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ իր վերընտրվելու համար: Ինքը կարողացավ այդ խնդիրները բարեհաջող լուծել, նախագահի ընտրություններն արդեն անցյալում են, անցյալում են արդեն Երևանի ավագանու ընտրությունները, առջևում արդեն ընտրություններ չկան, սեփական PR-ի համար ինքն անհրաժեշտություն չունի քավության նոխազ ման գալու»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նրա խոսքով` սա նշանակում է մեկ բան` եթե նախագահը նման գնահատականով հանդես է գալիս, ինքը համարում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը մեռած վիճակում է:

«Եթե մի հատ ծառ կամ թուփ կտրեն, սաղ կհավաքվեն, չգիտեմ ինչ կանեն, բայց որ բյուջեից հսկայական գումարներ են ոչ արդյունավետ ծախսվում, ոչ մեկի ռեակցիան չկա: Դա ի՞նչ է նշանակում` մեր հասարակությունն անմեղսունակ հասարակություն է: Եվ քանի որ այդպես է, ամենաճիշտ տղան Սերժ Սարգսյանն է, քանի որ ինքը ճիշտ է գնահատել մեր ժողովրդի իրական վիճակը և փաստորեն ասում է` այլևս սրանից հետո ոչ մի լուրջ չարաշահում չպետք է բացահայտ բացահայտվի, այլ պետք է կուլիսներում քննարկվի»,- ընդգծեց նա:

Բոզոյանը նաև նկատում է, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում հստակ հասկացրեց` եթե գործադիր իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, ապա դրա մասին գնահատական կարող է տալ միայն ինքը, ոչ թե Իշխան Զաքարյանը:

«Դրանով Իշխան Զաքարյանին ասաց` դու ո՞վ ես, որ պետք է գնահատական տաս»:

Վերլուծաբանի  կարծիքով`  Սերժ Սարգսյանը նաև հասկացրեց, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է: Բոզոյանը նաև ընդգծեց, որ, ցավոք, այսօր մյուս կուսակցություններն անտարբեր են, հասարակական շահն Իշխան Զաքարյանը ներկայացրեց:

«Դա դառն իրականություն է, փոխանակ քաղաքական ուժերը կառչեին այդ հաշվետվությունից, փորձեին բացահայտումները տանել մինչև վերջ, կրավորական դիրք բռնեցին, Իշխան Զաքարյանը մնաց մենակ: Արդյունքում` նախագահն ասաց` հո´պ, էս ինչո՞վ ես զբաղված, քաղաքական դաշտը մեռած է, ինչո՞ւ ես նորից արթնացրել»,- կարծում է Բոզոյանը:

Հիշեցնենք, որ դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին` Սերժ Սարգսյանն ասել էր.

«Իմ կարծիքով` Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են»:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ավելի վաղ Ազգային ժողովում ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, մի շարք ոլորտներում կատարվող յուրացումների ու չարաշահումների մասին էր բարձրաձայնել: Նա մասնավորապես նշել էր, որ պետբյուջեի ծախսային մասի 70 տոկոսը ռիսկային է չարաշահումների տեսանկյունից:

© Medialab.am