«Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելու բոլոր փորձերն անթույլատրելի են եւ դատապարտելի»:
Նման հայտարարություն է արել ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօրէ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես փոխանցում են Ազգային ժողովի մամլո ծառայությունից, կողմերը հանդիպման ժամանակ անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
«Որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրներն անվտանգության մարտահրավերներն են: Մենք բացառապես բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ գտնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության լուծման համար»,- հանդիպման ժամանակ ասել է Շարմազանովը: