«Դիմադրություն» շարժումն իր անհաջողություններից դասեր չի քաղել, ավելին՝ նույնը կրկնում է, դա շատ վատ է». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

Պարո՛ն Բադալյան, ընդդիմությունը՝ ի դեմս «Դիմադրություն» շարժման, տևական դադարից հետո պատրաստվում է նոյեմբերի 5-ին հանրահավաք անցկացնել Ֆրանսիայի հրապարակում։ Կազմակերպիչների խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքը պետք է ոգևորի նաև Հայաստանում ապրող հայերին, որպեսզի նրանք ևս համախմբվեն, որովհետև խնդիրը հայրենիքին ու պետականության է վերաբերում։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։

– Նախ՝ Արցախում տեղի ունեցած հանրահավաքի մասով. այն ընդամենը հանրահավաք էր, չնայած բազմամարդ էր, հայտարարություն ընդունվեց, ու մեսիջն այն էր, որ Հայաստանն արդեն այդ մասով անելիք չունի, հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին, ու Արցախն ընդգծեց, որ իր ապագան կապում է Ռուսաստանի հետ, իհարկե չնշելով պատճառները, թե ինչու ստացվեց այնպես, որ ստիպված դիմում է Ռուսաստանին, ու ով է դրա համար մեղավոր: Շատ սահուն շրջանցեցին գլխավոր մեղավորի անունը հնչեցնելը։

Հանրահավաքներով ոչ մի հարց չի լուծվում, հենց թեկուզ Արցախի հանրահավաքը դիտարկենք. եթե այնտեղ տեղի չունենան կազմակերպչա-կադրային փոփոխություններ, որովհետև ինչքան Հայաստանի իշխանություններն են մեղավոր Արցախի ներկայի համար, այնքան էլ մեղավոր է Արցախի ղեկավարությունը։

Հիմա, եթե Արցախում սահմանափակվեն մեկ հանրահավաքով ու համապատասխան գործողություններ չանեն, ապա կարող ենք ասել, որ սա հանրահավաք էր այնքանով, որքանով, այսինքն՝ զուտ տեսարան ապահովելու համար էր, ոչ ավելի։ Ռեալ գործողությունները նոր կարող են մեսիջ լինել Հայաստանի հասարակությանը, իսկ միայն հանրահավաքը չի կարող մեսիջ լինել, ու Արցախի հարցն այսօր Հայաստանի հասարակության համար չունի այն կրիտիկական նշանակությունը, ինչ Արցախի հասարակության համար։

Բացի այդ, հանրահավաքը բարդ ու ժամանակատար կազմակերպչական աշխատանք է պահանջում, այնպես չէ, որ Արցախի օրինակով դու կարող ես ժողովրդին փողոց հանել, այդպիսի բան չի լինում, նման բան կարող են ասել մարդիկ, որոնք քաղաքական գործընթացներից ոչինչ չեն հասկանում։ Հանրահավաք կազմակերպելուց առաջ, եթե հատկապես այն կարևորագույն նշանակություն ունի, ապա դրանից առնվազն 20 օր առաջ պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնել, ոչ թե ասել՝ Արցախում հանրահավաք եղավ, ժողովո՛ւրդ, դուրս եկեք փողոց։ Եթե ուզում են բազմամարդ հանրահավաք լինի, պետք է դրա համար անհրաժեշտ աշխատանք տարվի, որը պետք է երևա, իսկ մենք հիմա դա չենք տեսնում, գուցե գաղտնի է արվում, համենայնդեպս, չենք տեսնում։

Մարդկանց թվում է, թե փողոց դուրս գալով ինչ-որ հարց են լուծելու, այդ նույն «Դիմադրություն» շարժումը. այդպես էլ չհասկացանք, թե ո՞վ էր դրա կազմակերպիչն ու պատասխանատուն հաջողության ու անհաջողության համար։ Եթե կազմակերպիչները նույնն են մնացել, ինչ գարնանն էին, բնականաբար, սա լրացուցիչ փաստարկ է հանրահավաքին չմասնակցելու համար, որովհետև մարդիկ պետք է ասեն՝ այս նույն մարդիկ էին, որ վեց ամիս առաջ ամբողջ գործն անհաջողության մատնեցին։

– Շա՞տ մարդ կգա։

– Բնականաբար, իմ նշած հանգամանքները հաշվի առնելով, պետք է ասեմ, որ քիչ մարդ կլինի։ Մարդկանց թվում է, թե քանակով ինչ-որ հարց է լուծվում, եթե 60 հազարից պակաս է, ապա որևէ հարց չի լուծվի, հարց է առաջանում՝ ի՞նչ ես անելու, եթե 60 հազար մարդ հավաքվի։ Պատկերացրեք՝ այդքան մարդ հիմա Ֆրանսիայի հրապարակում կանգնած են, ի՞նչ են անելու կազմակերպիչները, էլի ե՞րթ են անելու ու «Զարթնի՛ր լաո» երգե՞ն։

Նկատի ունեմ՝ կարևորը գործողությունների մշակված ծրագիր ունենալն է, եթե դա չկա, որևէ հաջողության հասնել հնարավոր չէ։ Սա պետք է անցած փորձից հասկացած լինեին։ Հազար անգամ ասել ենք, որ հասարակությունը քնած չէ, նրանց մտածելակերպն է փոխվել, արժեհամակարգը, այդ ուղղությամբ պետք է աշխատանքը տանել։

– Իշխան Սաղաթելյանը դիմել է նաև Հայ Առաքելական Եկեղեցուն, մտավորականներին, ուսանողներին, պարո՛ն Բադալյան, սա ինչի՞ մասին է խոսում, Եկեղեցին ի՞նչ պետք է անի։

– Եկեղեցուն դիմելու փաստը ցույց է տալիս, որ իրենք ենթագիտակցորեն հասկանում են՝ այնքան թույլ են, որ ստիպված են դիմել Եկեղեցուն՝ հասկանալով, որ Եկեղեցին ունի ինչ-որ հեղինակություն կամ կազմակերպչական ռեսուրս։ Այսինքն՝ ընդունում են, որ զրոյական կազմակերպչական ռեսուրս ունեն, ու ստիպված դիմել են Եկեղեցուն։ Այդ մարդիկ, սակայն, հուլիսի կեսերին ասացին, թե գնում են, որ կազմակերպչական ռեսուրսները վերականգնեն ու նոր թափով սկսեն շարժումը, ո՞ւր է այդ ռեսուրսը։

Դիմել են Եկեղեցուն, որ ի՞նչ անի. կաթողիկոսը դիմի քահանաներին, վերջիններս էլ խաչերը ձեռքներին գան հանրահավա՞ք առաջնորդեն, որ մարդաքանա՞կ ապահովվի։ Մտավորականին ու այլնին դիմելու մասով՝ Խորհրդային Միության մտածելակերպային կլիշեներն այսօր էլ դեռ պահպանվում են։ Հիմա հասարակության սոցիոլոգիական կազմը փոխվել է, ի՞նչ է նշանակում՝ մտավորականներին դիմել, մտավորականն այսօր ո՞վ է, Վերնիսաժի մտավորականների՞ն պետք է դիմեն։ Խորհրդային Միությունից մնացած բաներ են, որոնք որևէ օգուտ չեն տալու։ Այս մտածելակերպի մարդիկ դիմադրություն են ուզում կազմակերպել, դե, չի ստացվում, էլի։

– Ստացվում է շարժման կազմակերպիչները նախորդ ձախողումներից որևէ հետևություն չեն արե՞լ։

– Այո՛, չեն արել։ Նրանք իրենց անհաջողություններից համապատասխան դասեր չեն քաղել, ոչ միայն չեն քաղել, այլև նույնը կրկնում են, ինչն ավելի վատ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am