«Ավտորիտար ռեժիմին չհաջողվեց վերահսկել քաղհասարակությանը, դա հաստատ չի հաջողվի ժողովրդավարար կառավարող ուժին». Մարիա Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

– Տիկի՛ն Կարապետյան, Ազգային ժողովն ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որի՝ ոչ հանրային միջոցներով գործունեություն ծավալող ՀԿ-ները ևս պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմնին։ Քաղաքացիական հասարակության կողմից կան քննադատություններ, որ սրանով իշխանությունները փորձում են վերահսկել ՀԿ-ների գործունեությունը։

Համեմատություններ են տարվում, որ նման օրենքներ կիրառվում են սովորաբար ավտորիտար պետություններում։ Դուք ինչո՞վ եք բացատրում այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

– Ես համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գիտեն, որ եթե նախահեղափոխական ավտորիտար ռեժիմին չհաջողվեց վերահսկել քաղաքացիական հասարակությանը, դա հաստատ չի հաջողվի ժողովրդավարար կառավարող ուժին, մանավանդ որ վերջինս նման ցանկություն էլ չունի։

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում ձևավորվեն ժողովրդավարության հիմնարար այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են՝ ազատ և արդար ընտրությունները, իշխանության ճյուղերի տարանջատումը և հավասարակշռումը, իրավունքի գերակայությունը և բոլորի հավասարությունը օրենքի առջև։

Նման հանգամանքներում վերահսկելու անառողջ մղումներ չեն կարող առաջանալ որևէ ժողովրդավար կառավարող ուժի մոտ։

Իհարկե քաղաքացիական հասարակությունը աշխարհում շատ տարբեր միջավայրերում է աշխատում։ Հաշվետվողականության նման և ավելի թափանցիկ, օրինակ՝ ֆինանսավորման աղբյուրները ներառող կարգավորումներ կան նաև ժողովրդավար երկրներում։ 

Այո՛, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ է գործում երկրում։ Նույն օրենքը կամ գործիքը կարող է լինել թե՛ ժողովրդավարության ամրապնդման, թե՛ ճնշման գործիք։ 

Այդպիսի օրինակ է նաև ընտրողների ցուցակների հրապարակումը, որը Հայաստանում վերջին տարիներին երաշխավորել է ընտրակեղծարարության որոշ տեսակների վերացումը, բայց կարող է և ընկալվել որպես անձնական տվյալների կամ ազատ կամարտահայտման (օրինակ՝ ընտրությունների բոյկոտի) ոչ պատշաճ պահպանություն։

– Այս օրենքի գաղափարը դեռևս նախկին իշխանությունն էր առաջ քաշել, բայց քաղհասարակության բողոքի արդյունքում կարծես հետ էին կանգնել գաղափարից։

Հիմա ստացվում է՝ ներկա իշխանությունը որոշեց շարունակե՞լ այդ քաղաքականությունը։ Դուք նախկինում ինչպե՞ս եք վերաբերվել այս գաղափարին, երբ նախկին իշխանության կողմից էր փորձ արվում նման օրենք ընդունել, և ի՞նչ է փոխվել հիմա։

– Ես ինքս էլ դեմ կլինեի այս օրենքին հեղափոխությունից առաջ, քանի որ նախորդ ավտորիտար ռեժիմը չէր հանդիսանում օրենքի երաշխավոր, չէր ապահովում օրինական գործունեության բոլոր տեսակների երաշխավորվածությունը, պարբերաբար սանձազերծում էր կամ չէր զսպում հասարակական կազմակերպությունների նկատմամբ արշավները։ 

Առհասարակ հեղափոխությունից առաջ Հայաստանում կազմակերպված ֆորմալ քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների նկատմամբ կար շատ ցածր վստահություն կամ անտարբերություն։

Իհարկե է՛լ ավելի ցածր վստահություն կար պետական ինստիտուտների, կուսակցությունների նկատմամբ։ Գրեթե բոլորը գրեթե բոլորին կասկածում էին «ծախված» լինելու և «օտար շահերի» ծառայելու մեջ։ Եվ սա շատ ձեռնտու էր ավտորիտար ռեժիմին, հաճախ սնուցվում էր դրա կողմից, քանի որ ոչնչացնում էր հանրության ինքնակազմակերպվելու և փոփոխություններ բերելու ներուժը։

Այժմ մենք պետք է գտնենք միջոցներ հանրության «սոցիալական կապիտալը»՝ վստահությունը, մեծացնելու համար՝ որպես ժողովրդավարության երաշխիք։ Այդ միջոցը բոլոր օրինական և իրավական գործունեության տեսակների թափանցիկությունն է և միևնույն ժամանակ երաշխավորվածությունը և պաշտպանվածությունը՝ անկախ նրանից, թե այդ գործունեության տեսակները ում ճաշակով են։

Մենք պետք է ոչ թե անընդատ մտածենք ապագա ավտորիտար ռեժիմի ժամանակ դրան դիմակայելու համար ինչ-որ երաշխիքներ ապահովելու մասին, այլ թե ինչպես ամրապնդել մեր ժողովրդավարությունը, որ առհասարակ զրո հանդուրժողականություն լինի նման ավտորիտար ռեժիմի ձևավորման նկատմամբ։

Հակառակ պարագայում ստացվում է, որ մենք պատրաստվում ենք հանդուրժել Հայաստանում ընտրությունների կեղծումը և ժողովրդավարության այլ հիմնարար սկզբունքների ոտնահարումը, պարզապես ցանկանում ենք փոքրիկ երաշխիքներ ունենալ դրա հետ համատեղ ապրելու համար։

– Մեծ հաշվով, հասարակական կազմակերպությունները թափանցիկ ու հաշվետու են գործում, բայց կան խմբեր, որոնք վերջին տարիներին թիրախավորել են քաղհասարակությանը՝ վարկաբեկելով ու փորձելով թուլացնել այն։

Ինչու չի վերահսկվում, թե որտեղի՛ց այդ ուժերին միջոցներ։ Ի վերջո, նաև արդարացի հարցադրումներ են հնչում՝ ինչո՞ւ պետք է այս կամ այն ուժից գումար ստացող խմբերը թափանցիկ չլինեն, իսկ ՀԿ-ները՝ վերահսկվեն։

– Մեր խնդիրն էլ հենց դա է՝ երաշխավորել Հայաստանում օրինական գործունեության բոլոր տեսակները, ամրապնդել հանրային համերաշխությունն ու վստահությունը և աստիճանաբար հնարավոր նման խմբերի գործունեությունը դարձնել էլ ավելի ապարդյուն, քան այն կարող է լինել այսօր։

Չի բացառվում նաև, որ նման խմբերի գործունեության մեջ օրենքի խախտման հնարավոր առկայությունը, օրինակ՝ հարկերից խուսափելը կամ ատելության խոսք տարածելը հանգեցնի նաև այլ իրավական գործիքների կիրառման։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am