Գեղարքունիքում և՞ս ռուս սահմանապահներ են տեղակայվել. գյուղացիները հաստատում են, պատկան մարմինները՝ լռում

Լուսանկարը՝ Eurasianet.org

«Գեղարքունիքի մարզի Թարս կոչվող տարածքում երեկվանից տեղակայված են ռուս սահմանապահներ»,- այս մասին «Մեդիալաբին» ասացին գյուղացիները, որոնք այդ հատվածում խոտհնձի աշխատանքներ են անում։ 

Տեղեկությունը ճշտելու և այլ մանրամասների նպատակով «Մեդիալաբը» կապ հաստատեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի հետ, որն ասաց, թե ինքը նման տեղեկության չի տիրապետում։

«Ռազմական գաղտնիքներ կան, որոնց մասին հեռախոսով չպետք է խոսել, բացի այդ, ես նման տեղեկություն չունեմ։ Ձեր նշած տարածքը իմ համայնքից դուրս է, պատկանում է Վարդենիս համայնքին, և ձեր հարցին, թերևս, կպատասխանի Վարդենիսի քաղաքապետը»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, սակայն, չպատասխանեց մեր զանգերին։

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ երեկ ռուսական զինվորներին տեսել է սար բարձրանալիս, բայց չգիտի` մնացե՞լ են, թե՞ հետ եկել։

«Երեկ ժամը 15:00-ի սահմաններում եմ տեսել, փորձեցի խոսել հետները, ճշտել՝ ո՞ւր և ի՞նչ նպատակով են գնում, բայց չկանգնեցին»,- «Մեդիալաբին» ասաց Արտյոմ Երանոսյանը։ 

Պաշտպանության նախարարությունից հստակ ու հավելյալ տեղեկություն հարցի վերաբերյալ չհաջողվեց իմանալ, քանի որ մեր զանգերն անպատասխան մնացին։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզում սահմանային միջադեպեր չկան այս պահին ու իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղակայվել են ռուս սահմանապահներ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am