Մայդանի ու Երեւանի արանքում. «Հայաստանի պարագայում այդպիսի աջակցություն չկա»

Մայդանի ու Երեւանի արանքում. «Հայաստանի պարագայում այդպիսի աջակցություն չկա»
Մայդանի ու Երեւանի արանքում. «Հայաստանի պարագայում այդպիսի աջակցություն չկա»

«Հայաստանում Մայդան կազմակերպելը բավականին բարդ խնդիր կլինի, քանի որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր: Այդ պատճառով էլ նման իրադարձություններ Հայաստանում տեղի չեն ունենա»,- կարծում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: 

Կիևի Մայդանում այդ օրերին ծավալվող իրադարձություններին անդրադառնալով, Եվրանդ Բոզոյանն ասում է, թե ինչու Հայաստանում Մաքսային միության դեմ նման ակցիաներ չեղան և ինչ ազդեցություն կարող է այս ամենն ունենալ Հայաստանի վրա:

Նրա խոսքով՝ թե Հայաստանի իշխանությունները, թե Ռուսաստանը հասկանում են, թե ինչ խնդրահարույց  է, երբ իշխանությունն իրեն պահում է այնպիսի լկտի ձևով, ինչպես Ուկրաինայի նախագահ Յանուկովինչն է իրեն պահում:

«Ուկրաինական հասարակությունում միայն պրոեվրոպական կողմնորոշված հասարակությունը չէ, որ դժգոհում է Յանուկովիչից, Յանուկովիչի հանդեպ դժգոհություններ կան նաև Արևելյան Ուկրաինայում և Հարավային Ուկրաինայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ դժգոհությունը չի արտահայտվում, քանի որ նրանց մոտ կա որոշակի զգուշավորություն Արևմտյան Ուկրաինայի հանդեպ: Այսինքն՝ Յանուկովիչն ըստ էության բոլորին կոնսոլիդացրել է: Ցավոք այսօր Հայաստանում Սերժ Սարգսյանի վերջին ելույթը նույնպես ցույց է տալիս, որ ադեկվատության պակաս կա նաև Հայաստանում»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նա նկատում է՝ եթե մարդը խոստովանում է, որ հասարակության գրեթե 80 տոկոսն իր դեմ է, սակայն ինքն իր քայլերն ու որոշումներն այնուամենայնիվ գնահատում է որպես պատմական և համարում, որ ճիշտ է, ինչպե՞ս կարելի է այդ մարդուն գնահատել ուրիշ կերպ, եթե ոչ ադեկվատության ցուցանիշով:

Հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն այս պարագայում Մոսկվայից Հայաստանի իշխանություններին աջակցություն չի ցուցաբերի:

Նա հիշեցնում է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում էր Յանուկովիչին, սակայն պարզվեց, որ նա գալով իշխանության՝ ոչ միայն չպահպանեց ռուսական շահերը, այլ այն դժգոհությունը, որ կար Ուկրաինայում, անուղղակիորեն ուղղվեց Ռուսաստանի դեմ:

«Այդպիսի տենդենց կարող է լինել նաև Հայասանում, եթե Ռուսաստանի իշխանությունները բացարձակ աջակցություն ցուցաբերեն Հայաստանի իշխանություններին»,- ասում է նա:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում Մաքսային միության դեմ հզոր պայքար չծավալվեց, ինչպես Ուկրաինայում է, Երվանդ Բոզոյանը պատասխանում է, որ նախ պետք է քարտեզի վրա նայել, թե ովքեր են Ուկրաինայի հարևանները:

«Ուկրաինայի անմիջական հարևաններն են Հունգարին, Ռումինիան, Սլովակիան, Լեհաստանը, ովքեր շահագրգռված են, որպեսզի Ուկրաինան արագորեն ինտեգրվի եվրոպական կառույցներին, թեկուզ Ասոցացման համաձայնագրին»,- ասում է նա:

Հայաստանի պարագայում, Բոզոյանի խոսքով, երբևիցե նման հետաքրքրություն չի եղել:

«Անվտանգության տեսանկյունից Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից բավականին մեծ է, մինչդեռ Ուկրաինայի դեպքում չկան այնպիսի գերհզոր վտանգներ, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանն են: Հաշվի առնելով այդ գործոնները՝ կարելի է ասել, որ Ուկրաինայի ներսում եվրաասոցացման տրամադրությունները այլ են Հայաստանի համեմատ»,- ասում է Բոզոյանը:

Ըստ նրա՝ դրան գումարվում է այն, որ Արևմտյան Ուկրաինան ավանդաբար միշտ կողմնորոշված է եղել դեպի Եվրոպա և սկսած 1990-ական թվականներից որևէ կերպ չի դիտարակել Ռուսաստանի հետ միասնական տարածքում գտնվելու հնարավորությունը:

«Այսինքն, այս ամեն գումարելով կհասկանանք, թե ինչու Հայաստանում նման գործընթացներ չգնացին»,- նշում է նա:

Ըստ Բոզոյանի՝ պետք է նկատել, որ ուկրաինական իրադարձություններին շատ ակտիվ ներգրավված էին եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ՝ Լեհաստանի պատգամավորները միշտ մասնակցում էին շատ ակտիվորեն, Միացյալ նահանգների պաշտոնական ներկայացուցիչները ուղղակի «ջրի ճամփա» էին դարձրել Մայդանի ճանապարհը:

«Հայաստանի պարագայում այդպիսի աջակցություն չկա: Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում կա անվտանգության խնդիր, և ոչ մեկն իր վրա այդ բեռը չէր ուզում վերցնել»,- ասում է Բոզոյանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նոր «սառը» պատերազմի են տանում, որը կարելի անվանել «սառը պատերազմ լայթս»:

«Եթե նախորդ սառը պատերազմի ժամանակ արևմտյան և արևելյան դաշինքները հավասար պայմաններում էին, ապա հիմա ակնհայտ է, որ ռուսական թևը զգալիորեն թույլ է: Ուկրաինան դարձավ այն թեժ կետը, որտեղ Արեմուտքն ու Ռուսաստանը պայքարում են իրենց շահերի համար»,- այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է Պապյանը:

Միաժամանակ նա նշել է, որ եթե երկու ամիս առաջ բացառում էր Ուկրաինայի պառակտումը, ապա այսօր լիովին հավանական է համարում: Վերլուծաբանի խոսքով՝ սա հեշտ մարսվող դիմադրություն չէ, քանի որ և հասարակությունը, և երկիրը պառակտված են: Պապյանը ողբերգություն չի համարում Ուկրաինայի պառակտումը, կարևորը, նրա խոսքով, խաղաղություն լինի և արյունահեղությունը բացառվի:

«ԱՄՆ նախագահ Օբաման հստակ ասել է, որ իրենք ամենակոշտ կերպով դատապարտում են Մայդանում տեղի ունեցող իրադարձությունները: Ասաց՝ եթե խոլոք չմնաք, մենք ձեր հայրիկը կանիծենք, սա Ռուստասնաի համար շատ ծանր հետևանք կարող է ունենալ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Կիևի Մայդանում ուժգին բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Զոհերի թիվը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հնարավոր չէ ճշգրիտ հաշվել: Միջազգային եւ տեղական լրատվամիջոցներով շրջանառվում են սարսափելի բռնությունների եւ մահացու ելքով տեսանյութեր:

© Medialab.am