Միջազգային գործընթացներին մեր մասնակցությունը առայժմ միակողմանի զիջումների միջոցով է դրսևորվում. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, Թուրքիան նշում է, որ պատմական ժամանակաշրջան է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ու որ Հայաստանն այս շանսը չպետք է բաց թողնի։ Ո՞ր դեպքում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ ու կբացի սահմանը։

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու միջպետական սահմանի բացումը բացառապես երկկողմ շփումների համատեքստում գտնվող խնդիր չէ և իր լուծումը կարող է ստանալ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Չեմ բացառում, որ սահմանի բացումը շատ կարճ ժամանակ անց կհանգեցնի Հայաստանում ռուս սահմանապահների առաքելության ավարտին։ 

Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիա հրահրելու միջոցով այս գործընթացի կասեցման փորձերն էլ, որպես ածանցյալ հետևանք, կարող են հանգեցնել Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայմանը։ Նրանց առաքելությունը կլինի ուկրաինա-բելառուսական սահմանամերձ գոտու վերահսկումն ու պաշտպանությունը և չի ենթադրի ռուսական բանակի դեմ մարտական գործողություններում անմիջական ներգրավում։ 

Դրա շնորհիվ ուկրաինական բանակի զորամիավորումների որոշակի քանակ հնարավոր կլինի տեղափոխել ռուսական ճակատ։ Այսինքն՝ մեր հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում տեղի ունեցող զարգացումների հետևանքները մեզանից շատ հեռու գտնվող վայրերում իրենց զգացնել տալու ներուժ՝ ռիսկեր ու հնարավորություններ են պարունակում։ Այդ ռիսկերն ու հնարավորությունները հնարավորինս ստույգ հաշվարկելու համար անհրաժեշտ է լուրջ մասնագիտական աշխատանք կատարել՝ տեղական մասնագիտական ռեսուրսների վրա հենվելով։ Այս կարգի հարցերը մատից հոտ քաշելու միջոցով «պարզաջրելու» պրակտիկան մերժելի է։

– Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ 2016 թվականից ի վեր Մոսկվան է եղել հայ-թուրքական սահմանի բացման գլխավոր լոբբիստներից։ Մոսկվան հիմա՞ էլ է շահագրգռված այս հարցում, ինչո՞ւ։

– Մոսկվայի առնվազն վերջին մեկ տասնամյակի ընթացքում որդեգրած քաղաքական մոտեցումները հայկական փորձագիտական միջավայրում հաճախ են տարակուսանքով ընկալվում։ Հայաստանում շատերին թվում է, որ ռուս-թուրքական մերձեցումը և այդ մերձեցման համատեքստում հայկական կենսական շահերի զոհաբերությունը հակասում են առաջին հերթին հենց ռուսական ռազմավարական շահերին։ Բայցևայնպես, եկեք ելնենք նրանից, որ Մոսկվայի սեփական ռազմավարության նպատակները, թիրախները չեն տեղավորվում Հայաստանում «ավանդական» դարձած պատկերացումների շրջանակում։ 

Կարծում եմ, որ Ռուսաստանը հայ-թուրքական սահմանի բացումը շարունակում է դիտարկել որպես ցանկալի նպատակ։ Մենք միայն պետք է հնարավորինս հստակ հասկանանք՝ սահմանի բացումը ռուսական կողմի համար ընդունելի է Հայաստանի հանդեպ բացառապես սեփական ռազմական ու սահմանապահ վերահսկողությունը պահպանելու պայմանով, թեև դա պարտադիր նախադրյալ չէ, և Մոսկվայի համար ընդունելի կլինի Թուրքիայի և վերջինիս արևմտյան դաշնակիցների կողմից նախընտրած ցանկացած այլ ձևաչափով ևս։ 

– Հայաստանն իսկապե՞ս կստանա Արևմուտքի աջակցությունը, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները չկարգավորի, իսկ Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները մնան այնպիսին, ինչպիսին հիմա է։

– Տարբեր դերակատարների դիրքերը ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացի շրջանակներում անընդհատ փոփոխվում են։ Այդուհանդերձ, կոնկրետ Հայաստանը դեռ ոչ մի առարկայական երաշխիք չունի առ այն, որ իր կենսական շահերը կհարգվեն, իսկ երկրում առկա սեփական ներուժը կոնսոլիդացնելու և դրա վրա հենվելու Հայաստանի իշխանության պոտենցիալը չնչին է։ Կարծես նման նպատակադրում անգամ ձևակերպված էլ չէ։ Միջազգային գործընթացներին մեր մասնակցությունը առայժմ միակողմանի զիջումների միջոցով է դրսևորվում։

– Պարո՛ն Մելիքյան, հավաքական Արևմուտքը՝ որպես իր ներկայացուցիչ Հարավային Կովկասում Թուրքիային դիտարկո՞ւմ է։

– Չեմ կարծում, որ «հավաքական Արևմուտք» եզրույթը լիարժեքորեն արտացոլում է ներկայիս իրողությունները, բնույթով խիստ պայմանական է։ Արևմուտքն այլևս միատարր չէ։ Կարծում եմ՝ Արևմուտքն այսօր ներկայացնում են մի կողմից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան ու դրանց ներհակ ԵՄ որոշ նոր անդամները՝ Լեհաստանի գլխավորությամբ, Իսրայելը և Թուրքիան։ Սրանք աշխարհի գլոբալ վերափոխման նախագծի մասնակիցներն են։ 

«Հավաքական Արևմուտքի» մյուս մասն են կազմում ԵՄ հին անդամները՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի գլխավորությամբ։ Վերջիններս ստիպված են հարմարվել ծավալվող գործընթացներին և իրենց տեղը փնտրել կառուցվող նոր աշխարհակարգի շրջանակներում։ Թուրքիայի հանդեպ սրանց բոլորի վերաբերմունքը, անշուշտ, նույնական չէ, բայց դա չի նշանակում, որ առաջիկա տասնամյակի ընթացքում թուրքական փոխհամաձայնեցված նախաձեռնությունները կասեցնելուն ուղղված առարկայական քայլեր են իրականացվելու նրանցից որևէ մեկի կողմից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am