Համերի հիշողություն. Նաիրեն

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Բուժքույր Նաիրե Ոսկանյանը ծնվել է Հադրութի շրջանի ամենամեծ գյուղերից մեկում՝ Մեծ Թաղերում (հնում կոչվել է Կաժ): Երկհարկանի մեծ տան դիմաց, որտեղ մեծացել է, գտնվում էր Քթիշ (Գթիշ-Գտիչ, Տողասար) սարը, որի գեղեցկությունն էր պատճառը, որ իրենց տան պատուհաններին վարագույր չկար, որովհետև վարագույրը կքողարկեր այն բնական լուսանկարը, որը լուսաբացի հետ բացվում էր Նաիրեի ու տան մյուս անդամների առաջ: 1970-ականներին Մեծ Թաղերի այս տանը մեծանում էին չորս երեխաներ՝ Նաիրեն, քույրը և եղբայրները: 

Տատը՝ Սաթենիկը, հրաշալի յուղուձու էր անում՝ ձվածեղ, որը պատրաստվում էր առատ յուղի մեջ, իսկ նրա ֆիրմային բրնձով փլավը մանկության այն համերից է, որ առանձնապես հատուկ բաղադրատոմս ու գաղտնիք չունի, բայց երբեք չի հաջողվում կրկնել: 

«Տատս կապույտ աչքեր ուներ, ու ասում էին, որ մանուկ հասակում բաց դեղին մազեր է ունեցել: Նրա անցյալը շատ դառն էր եղել, ու ես հիշում եմ, որ երբ տատս մոր ու հոր անունը տալիս էր, լացում էր. ոչ մեկին չէր տեսել»: 

Նաիրեի տատի ազգանունը Զախարյան է, բայց նա վստահ չէ, որ տատը հայտնի Զաքարյանների տոհմից է եղել: Տատի ծնողները Դոլանլարից էին (Հադրութի շրջանի Արևշատ գյուղ, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է ու անցել Ադրբեջանի վերահսկողության տակ)  ու վաղ էին մահացել, ու նրան պահել էլ քույրը՝ Գայանեն: Տատն այնքան բարի էր, որ ով գալիս էր իրեն տեսնելու, հետո այդ մարդկանց նվերներ էր տալիս: 

Նաիրեի մանկությունը միկրո ընտանիքների մասին չէ, այլ մի ամբողջ գյուղի, որ ասես մեծ ընտանիք լիներ: Հիշում է, որ գյուղում ամեն թաղ հավաքվում էր ու հենց այդ թաղի համար թոնիր շինում: 

Մի քանի մեծ փնջերով ցախեր էին պետք թոնիր վառելու համար, դրա համար բոլորին ձեռք էր տալիս հարևաններով հավաքվել ու միասին թխել՝ միանգամից մեծ քանակով: Նաիրեի ընտանիքը մեկ շաբաթվա համար երեսուն հաց էր թխում, երբեմն հացն ընդհատվում էր նաև գաթայով, բայց ամենակարևոր պահը սկզբում էր, երբ անհամբեր երեխաների համար փոքրիկ լավաշներ էին թխում: 

«Փոքրիկ լավաշ էին թխում ու տալիս երեխաներին, դրան ավելանում էին պանիրն ու կանաչին՝ ահա իմ մանկության ամենահամեղ հիշողությունը: Մեզ մոտ սովորություն կար, որ անցնող-դարձողին պետք էր հաց հյուրասիրել: Այս սովորության հիմքում այն էր, որ տվյալ ընտանիքը իր մահացածի համար բաժին էր հանում՝ հյուրասիրելով հացն անգամ անծանոթին»: 

Նաիրեն դեռ դպրոցական էր, երբ սկսվեց պատերազմը, ու, ցավոք, իր մանկությունն անցավ ոչ երեխայական զրույցների ու խաղերի մեջ, ու ոչ էլ պատերազմի մասին գրքերից կարդալով կամ մեծերից լսելով: Երեխաներով հավաքվում էին «չխկլդի» (գետնի վրա կավիճով քառակուսիներ էին նկարում՝ ներսում թվեր, ու սկսում խաղի կանոններին համապատասխան ցատկոտել վրայով) խաղալու, բայց այն միշտ լցվում էր մեծերի հոգսերով, պատերազմի մասին լուրերով: Նրանք մի սերունդ էին, որ կամակորության արտոնությունը, որ տալիս է մանկությունը, չունեին. ինչ կար, դրանով էլ բավարարվում էին: 

Պատերազմի ժամանակ եղբայրները ֆիդայիների հետ էին ընկերություն էին անում, ու հաճախ հենց նրանք էին դառնում իրենց օջախի հյուրը: 

«Եթե մեր տանը, օրինակ, մի հավ կար, մերոնք այնքան կպահեին, մինչև հյուր ունենայինք: Հյուրը մեզանում շատ կարևոր և պատվի արժանացնելու մարդ է, նրա համար էին պահում լավագույն տեղը, լավագույն կերակուրը»: 

Նաիրեն ասում է, որ եկող շաբաթ պետք է ածիկ պատրաստի, արդեն ցորենը ցանել է ու հետևողական է, որ ամեն բան տեղին ընթանա: Իր մանկության տարիներին հարևանուհիներից Համեստ աքան (քույրիկ) մի անգամ ածիկ էր պատրաստել: Այդ ժամանակ Նաիրեն փոքր էր, բայց հետաքրքրասեր լինելու պատճառով սկսել էր հետևել ողջ գործընթացին և տեսել, որ ցորենը դնում էին խոնչայի (փափուկ մակերես, որի վրա լցնում են ցորենի հատիկները և ջրում) վրա, երկու անգամ ջրում մութ պայմաններում, քանի որ եթե ածիկն արև է տեսնում, ցորենը դառնանում է, կորցնում անհրաժեշտ քաղցրությունը, որն այս ուտեստի գլխավոր գաղտնիքն է: 

«Ածիկը շատ ավելի ավագ սերնդի ուտեստ է, բայց քանի որ ես հիշել էի Համեստ աքայի պատրաստածը, որոշեցի ինքս էլ եփել: Մի հետաքրքիր բան կա ածիկի հետ կապված՝ ընտանիք կա, որ այս ուտեստն ընդունում է, ընտանիք կա՝ ոչ: Լինում է, որ ածիկ են պատրաստում առաջին անգամ, և մի վատ դեպք է տեղի ունենում ընտանիքում, դրա պատճառով այդ տանն այլևս չեն պատրաստում»: 

Տասնինը տարեկանում Նաիրեն ամուսնացել է Մեծ Թաղերում ու երեք երեխա ունեցել: Արդեն իր նոր ընտանիքում շատ սիրում էին կաճապ պատրաստել: Կաճապը բույս է, որ հայերեն կոչվում է նվիկ, և թարմ վիճակում թունավոր լինելու պատճառով անհրաժեշտ է տերևները դեռ չծաղկած ժամանակ քաղել, քառասուն օր չորացնել, նոր անցնել մյուս քայլերին:

«Չորացնելուց հետո այն եռացնում են, թթու լավաշը կտրում են, եփում մեկ այլ ջրի մեջ, հետո ավելացնում են ձավար ու միասին եփում են համեմունքներով: Եթե մարդ հիվանդ է, ընտանիքի անդամներին ասում է՝ կաճապ պատրաստիր, որ ուտեմ, առողջանամ»: 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ բուժքույր Նաիրեն կամավոր մեկնել է առաջնագիծ: Հիշում է, որ ամուսնուն խնդրել էր իրեն տանել, որովհետև իր պարտքն էր համարել մարդկանց կողքին լինել:

2023 թվականից հետո Նաիրեն և իր ընտանիքը տեղահանությունից հետո բնակվում են Երևանում՝ բարեկամների տանը, որի այգում աճում են ժենգյալով հացի գլխավոր դերակատարները՝ կնձմնձուկն ու ճռճռուկը, որ ճամփորդել են երեսուն տարի առաջ Արցախից ու արմատներ գցել այստեղ՝ համառորեն ապացուցելով, որ ամեն ինչ կարող ես ջնջել, բայց արմատը ամեն տեղ գտնում է իր հողը, ծիլեր ու սերունդներ տալիս, որոնք հետո մեծանալու են ու կերտեն իրենց պատմությունը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am