Փաշինյանի պանդորայի արկղը, ՏիկՏոկը և անձնական նամակագրության հրապարակումը, որ այլևս տաբու չէ

Երեկ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսն էր, որի ժամանակ խիստ տարբեր թեմաներ շոշափելուց զատ, նա ըստ էության մի շատ կարևոր հայտարարություն արեց. չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր սահմանամերձ մարզերում սկսած 2020 թվականից Ադրբեջանը հարձակվել և հողեր է գրավել, բայց Հայաստանը պատրաստ է սահմանազատման գործընթացը սկսել հենց Տավուշի մարզից: 

Պարզության համար նշենք, որ Հայաստանի մնացած մարզերում Ադրբեջանը վերահսկում է հսկայական հայկական տարածքներ, իսկ Տավուշում մեր հսկողության տակ կան որոշ տարածքներ և, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, հերթական անգամ ստանալով Հայաստանից իր ցանկանալիքը, հրաժարվի որևէ քայլ կատարել Հայաստանի տարածքներից դուրս գալու ուղղությամբ: 

Հատկանշական է, որ չնայած ՀՀ վարչապետն ընդունում է Ադրբեջանին վերադարձվող տարածքների փաստը, Ադրբեջանը որևէ մակարդակով որևէ ձևով չի ընդունել, որ պետք է դուրս գա Հայաստանի որևէ տարածքից: 

Թերևս կարևոր է նշել, որ Տավուշը Ադրբեջանի հետ Հայաստանի միակ սահմանամերձ մարզն է, որտեղ Ադրբեջանը վերջին տարիներին ոչինչ չի գրավել, ինչը շատ փորձագետներ կապում էին երկար տարիներ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովի անվան հետ: 

Եվ չնայած նա գեներալի կոչում էր ստացել և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, սակայն դա չխանգարեց իշխանություններին 2021 թվականին Խաչատուրովին ազատել պաշտոնից: Հանուն արդարության պետք է նշել, որ այլ կերպ չէր կարող լինել, քանի որ բարձրաստիճան զինվորականը պահանջել էր երկրի ղեկավարի հրաժարականը և ըստ էության սեփական կամքով հրաժարվել ծառայությունը շարունակելուց:

Փաշինյանը, որը մշտապես լավ զգացել և շարունակում է զգալ ժողովրդական տրամադրությունները, հերթական անգամ ձիով քայլն է կատարում՝ հենց ինքն է բարձրաձայնում իր իսկ կառավարության ձախողումների մասին: 

Ուղերձը հստակ է. մեղավորն ինքը չէ, այլ այդ չարաբաստիկ պաշտոնյաները, որոնք բարեխղճորեն չեն կատարում իր հանձնարարականները և խնդիրներ ստեղծում բոլոր ոլորտներում: Քննադատելով, աշխատանքից հեռացնելով իր իսկ նշանակած մարդկանց՝ նա ցույց է տալիս, որ չնայած ինքն ամեն ինչ անում է Հայաստանի անվտանգության, բարգավաճման և զարգացման համար, բայց թերացողը ուրիշներն են: 

Ընդ որում՝ հնարքն արդեն բավականին հղկված է և ստուգված, օրինակ՝ ՔՊ պատգամավորներից մեկը հայտարարում է, որ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ուղղակի Նիկոլ Փաշինյանի ենթական էր, ինչքան էլ ամպագոռգոռ հայտարարություններ անի, այնուհետև արդեն Փաշինյանը հայտարարում է, որ ուղղակի դժգոհ էր իր ենթակայի աշխատանքից: 

Ասուլիսի ընթացքում նույն հնարքը Փաշինյանը կիրառում է մեկ այլ բարձրաստիճան զինվորականի՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին խոսելիս: 

Հիշեցնենք, որ մինչ այդ մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր արդեն հայտարարել էր, որ Արշակ Կարապետյանը նշանակվել էր Ռուսաստանի պահանջով, և վարչապետին մնում էր միայն ավելացնել, որ իր նախկին նախարարը ադրբեջանական ներխուժման և դիրքեր գրավելու մասին իրեն չէր զեկուցել՝ բնականաբար կապելով վերջինիս գործողությունները արդեն Ռուսաստանի հետ: 

Այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք էր և՛ Էդմոն Մարուքյանի, և՛ Արշակ Կարապետյանի վերաբերյալ հարց, բոլորին էր հասկանալի: Եթե Մարուքյանի դեպքում իր և իր երկար տարիների համախոհ Մարուքյանի բացահայտ հակադրությունը պետք է և՛ Մարուքյանին, և՛ Փաշինյանին հետագա քաղաքական գործընթացների համար, ապա Արշակ Կարապետյանի դեպքում հարվածն ուղղված է նոր ստեղծվող պրոռուսական միավորմանը, որին վերջին շաբաթների ընթացքում հասցրել են միանալ տարաբնույթ ռուսամետ միավորումներ, կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ:

Ասուլիսի այս դրվագը դրվագ էլ կմնար, եթե Մոսկվայում գտնվող և այնտեղից «նոր ընդդիմություն» ստեղծել փորձող Արշակ Կարապետյանը տեսաուղերձով չպատասխաներ Փաշինյանին, որ այդ օրն ինքը գտնվել է գործուղման մեջ, և ի պաշտոնե պաշտպանության նախարարի պարտականություններ կատարող անձը պետք է զեկուցեր սահմանային իրավիճակը, և Փաշինյանը ստում է: 

Արշակ Կարապետյանի տեսաուղերձին Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված ՏիկՏոկ սոցիալական ցանցի էջով հրապարակվել է իր և Արշակ Կարապետյանի հեռախոսային հաղորդագրությունը, որը իսկական ցունամի առաջացրեց ՔՊ ղեկավար շրջանակներում, քանի որ այդ պահին բոլորի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր պահի կարող է յուրաքանչյուր թիմակցի վերաբերյալ անձնական բնույթի երկխոսությունը հրապարակել սոցիալական ցանցերում: Այն, որ գործուղման մեջ գտնվող պետական պաշտոնյայի հետ Whatsapp-ով նամակագրությունը անձնական բնույթի խոսակցություն է և չի կարող պաշտոնական նամակագրություն համարվել, պարզ է բոլորի համար:

Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացեց մի նոր պանդորայի արկղ, որը ոչ միայն սեփական թիմակիցներին ահ ու սարսափի մեջ պահելու գործիքի ցուցադրություն էր, այլև իրականում երկսայր սուր, քանի որ ակնհայտ է, որ նմանատիպ երկխոսություններ կան բազմաթիվ ՔՊ-ականների հետ, և առաջին իսկ վտանգի դեպքում թիմակիցները իրենք են իրենց հերթ չտալով այդ տեղեկատվությունը հրապարակելու և կիսվելու իրավապահ մարմինների հետ:

Մարի Ներսեսյան

MediaLab.am