Մասկի շոու․ երբ զգայական ժամանակներում դաշտ են նետվում զինված դիմակավորների սպառնալիքներով լի «անակնկալ» տեսանյութերը

Ծայրահեղ լարված, փոխադարձ մեղադրանքներով, ատելության խոսքով ոուղեկցվող նախընտրական քարոզարշավի 11-րդ օրը հանրային դաշտ նետվեց հերթական աղմկահարույց տեսանյութը։ Այս անգամ զինված ու դիմակավորված անձինք Արցախի բարբառով, վիրավորական բառապաշարով սպառնալիքներ էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ «Նիկոլ, քեզ ճրելու (ջրելու) ենք»։ Տեսանյութը սկզբում տարածվեց ընդամենը մեկ ամիս առաջ ակտիվացած, ենթադրաբար կեղծ օգտահաշվից, ապա լայն տարածում ստացավ հենց Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում.

«Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռախոսով տեսանյութը բացելով՝ ցույց տվեց դիմակավորներին Փաշինյանը: 

Ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի էջով՝ չմոռանալով կրկին ատելության խոսքի մասին։

Սա, սակայն, առաջին նման դեպքը չէ։ 2023-ին՝ Արցախի էթնիկ զտումից անմիջապես հետո, համացանցում հայտնվել էր մեկ այլ տեսանյութ, որտեղ ԱՍԱԼԱ-ի անունից հանդես եկող դիմակավորված անձինք արևմտահայերենով սպառնում էին Փաշինյանին՝ նրան մեղադրելով Արցախի կորստի համար։ Ավելի ուշ ԱՍԱԼԱ-ն հայտարարեց, որ որևէ կապ չունի այդ տեսանյութի հետ, իսկ դրա հեղինակների մասին հետո արդեն որևէ հրապարակում կամ բացահայտում չհանրայնացվեց։ 

Նոր տեսանյութն էլ հայտնվեց «ճիշտ ժամանակին»՝ առաջ բերելով մի շարք հարցեր: Ինչպես 2023 թվականի դիմակավորների տեսանյութում, այս տեսանյութում ևս լեզուն տարօրինակ է, օրինակ, «քեզ ճրելու/ջրելու ենք» արտահայտությունը ռուսական քրեական ժարգոնից բառացի թարգմանություն է՝ замочить («զամաչիտ»)՝ «սատկացնելու» իմաստով:  Դժվար է պատկերացնել, որ Արցախի բարբառով խոսող կամ հայկական որևէ արմատական խմբավորում սպառնալիք հնչեցնելիս օգտագործեր ռուսերեն քրեական ժարգոնից եկած նման բառապաշար՝ ուղիղ թարգմանությամբ։ Նույնքան խոսուն է նաև տեսողական կառուցվածքը՝ դիմակավորների դիրքերը, դրոշների դասավորությունը, զենքերի ցուցադրությունը գրեթե ամբողջությամբ կրկնում են 2023-ի տեսանյութի ձեռագիրը։

Քաղաքագիտական լեզվով սա հիշեցնում է tension management՝ «լարվածության կառավարման» տեխնոլոգիա, երբ ընտրողին փորձում են մոբիլիզացնել ոչ թե ծրագրերով, այլ վախի մթնոլորտով։ Մյուս կարևոր բաղադրիչը false flag կամ «կեղծ դրոշ» տեխնոլոգիան է, երբ անհայտ կամ կասկածելի ծագման սպառնալիքը վերածվում է քաղաքական գործիքի։ 

Արցախի բարբառի և «ծայրահեղական» կերպարի օգտագործումը ևս պատահական չէ․ այդ կերպ հասարակության ամենազգայուն հատվածներից մեկը ներկայացվում է որպես վտանգի աղբյուր՝ ստեղծելով «մենք ընդդեմ նրանց» բևեռացում։

Մինչ օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները և Փաշինյանը կրկին իր ոճի մեջ խոստանում էր նախընտրական մուրճը ձեռքին բոլորին հատիկ առ հատիկ պատին ու ասֆալտին ծեփել, քիչ չէին կարծիքներն այն մասին, որ նման տեսանյութի տարածման հետևում հենց իշխանության ականջները կարող են լինել: 

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը թեմային անդրադառնալով հայտարարեց, որ չի բացառվում՝ նման տեսանյութերը օգտագործվեն որպես «հիբրիդային պատերազմի» գործիք՝ ընդդիմախոսներին վարկաբեկելու, հետապնդումներ սկսելու կամ ընտրական գործընթացի վրա ազդելու նպատակով։

«Եկել եմ ասեմ, որ Արցախի բարբառով ինչ-որ խումբ մարդկանց ելույթներ ունենալը բոլորովին չի բացառվում, որ կազմակերպված է հենց հիբրիդային պատերազմի շրջանակներում գործող իշխանությունների կողմից որպես նոր հնարամիտ տարբերակ ինչ-որ մարդկանց կասեցնելու, խաղից հանելու համար, կապ չունի մենք սիրում ենք այդ մարդկանց թե չէ, ինչ-որ մարդկանց նկատմամբ հետապնդումներ սկսելու, քարոզարշավին խանգարելու, կալանավորելու, իբր ահաբեկչության հետ կապված թեմաներում լինելու, ջհանամ թե հետո դա կհերքվի, թե հետո չեն կարողանալու հիմնավորեն, կարևորը՝ հիբրիդային պատերազմի նոր գործիք է պետք ստեղծել, որովհետև ռեյտինգները զրո են, խայտառակ վիճակում եք ու դուք գիտեք դրա մասին»:

«Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանը ընտրարշավի 11-րդ օրն արձանագրել է, որ ինքը չի կարողանում հաղթել ընտրություններում: Այս պարագայում նա պետք է սրի իրավիճակը, բաժանի սևերի ու սպիտակների, արցախցիների-հայաստանցիների, օլիգարխների-աղքատների, պատերազմի-խաղաղության: Այս բաժանումներով, նարատիվներով փորձելու է որոշակի ձայն կոնսոլիդացնել, բայց չի ստացվելու, չի լինելու, նա արդեն պարտված է:»,- «Մեդիալաբին» ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Առանձին հարց է նաև տեսանյութում առկա ֆրանսերեն տիտրերի թեման։ Դրանք ակամա հարց են առաջացնում՝ ո՞ւմ համար էր պատրաստված այդ ուղերձը։ Ներքին լսարանի՞, թե՞ արտաքին։ Որովհետև նման կադրերը վաղուց դարձել են նաև արտաքին քաղաքական քարոզչության նյութ։ 

Ադրբեջանը տարիներ շարունակ պաշտոնական փաստաթղթերում հայկական տարբեր կառույցների ներկայացնում է որպես «ահաբեկչական»՝ օգտագործելով Armenian Terrorism ձևակերպումը: Իսկ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի դեմ գործողությունը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական» օպերացիա: 

Այս ֆոնին հատկապես վտանգավոր է, երբ նման տեսանյութերը ոչ միայն հայտնվում են համացանցում, այլ նաև ակտիվորեն շրջանառվում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից։ Որովհետև զգայական ու լարված ժամանակներում նույնիսկ անհայտ ծագման բեմադրությունները կարող են վերածվել իրական քաղաքական գործիքի՝ ներսում վախ ստեղծելու, դրսում՝ նոր մեղադրանքների նյութ դառնալու համար։

Մարի Ներսեսյան

MediaLab.am