2018-ի օգոստոսին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ջրային օրակարգին նվիրված իր առաջին խորհրդակցության ժամանակ հայտարարեց. «Պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիքի կամ ջրի տարայի։ Դա անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը վերածվել է պետական քաղաքականության։ Պետք է այս փակ ու անցանկալի շղթան վերջապես ճեղքենք»։
Սակայն շղթան Փաշինյանի իշխանությանն այնուամենայնիվ ոչ միայն ճեղքել չհաջողվեց, այլև, ինչպես ցույց են տալիս ցուցանիշները, վերջին յոթ տարիներին ավելի վատթարացավ:
Յոթ տարի անց՝ 2025-ին, Կառավարությունը երեք ամսում երկու անգամ բարձրացրեց Սևանից ջրառի սահմանաչափերը։ 2025-ի հունիսի 5-ի N 707-Ա որոշմամբ սահմանվեց 131.8 միլիոն խմ, օգոստոսի 14-ի N 1104-Ա երկրորդ որոշմամբ՝ 170 միլիոն խմ, իսկ սեպտեմբերին, երբ արդեն հասել էին օրենքով թույլատրելի առավելագույնին, 24 ժամի ընթացքում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման» մասին» օրենքի փոփոխությամբ ջրառը հասցվեց մինչև 200 միլիոն խմ-ի՝ ըստ էության 50 տոկոսով ավելացնելով նախնական պահանջարկը։
Խորհրդանշական է, որ դեռ 2024-ի ապրիլի 4-ին Փաշինյանը Ջրային կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասել էր. «Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է»՝ պատճառաբանելով, որ համակարգն իրեն վերարտադրելու հնարավորություն չունի, ֆինանսական մոդել չկա, կորուստներն ու անարդյունավետությունը ահռելի են։
Դեռևս 2018-ին Սևանից ջրառի որոշման հիմնավորումների մեջ նշվում էր, որ մեկ հեկտարի հաշվով պահանջարկը մոտ 12.4 հազար խմ է։ Փաշինյանի «մահացած համակարգի» մասին հայտարարության պահին այդ ցուցանիշն արդեն բարձրացել էր մինչև անտրամաբանական՝ 14.7 հազար, իսկ ընդամենը մեկ տարի անց այն հասել է 15.7 հազարի։
Այսինքն՝ նույն մակերեսի դեպքում մեկ սեզոնի ընթացքում արդեն պահանջվում է շուրջ 30 մլն խմ հավելյալ ջուր՝ գրեթե Վեդիի ջրամբարի ծավալի չափով, որի կառուցման վրա պետությունը արդեն ծախսել է ավելի քան 100 միլիոն դոլար։
Միջազգային համեմատությունը Հայաստանում ստեղծված վիճակը դարձնում է իսկապես անթույլատրելի։ Ավելի չորային կլիմա ունեցող եվրոպական երկրներում՝ Իսպանիա, Իտալիա, Հունաստան, մեկ հեկտարի համար օգտագործվում է մոտ 2-6 հազար խմ, Իսրայելում՝ 3-4 հազար, Վրաստանում՝ 5-6 հազար։ Նույնիսկ Ուզբեկստանում, Տաջիկստանում ու Թուրքմենստանում՝ մեծ ջրապահանջարկ ունեցող բամբակ և բրինձ աճեցնող երկրներում, ցուցանիշը սովորաբար չի անցնում 12 հազարը։ Հայաստանը փաստացի դարձել է աշխարհի ոռոգման ջուր ամենաանարդյունավետ սպառող երկրներից մեկը։
Ցավալի է, որ այսքանով հանդերձ ոռոգվող հողատարածքները կրճատվել են մոտ 10 հազար հեկտարով կամ ավելի քան 23 տոկոսով։ Սա ուղիղ հետևանք է անարդյունավետ կառավարման, պահանջարկի և առաջարկի հավասարակշռության մասին հստակ տվյալների բացակայության և, կարճ ասած, ոլորտում տիրող դիլետանտության։
Տարիներ շարունակ ոռոգման խնդիրները փորձ է արվում վերագրել չոր եղանակին ու տեղումների պակասին, սակայն չի կարելի անտեսել կառավարման բաղադրիչը։
Հեղափոխությունից հետո Ջրային կոմիտեի նախագահ նշանակվեց Ինեսա Գաբայանը (պաշտոնավարեց մոտ կես տարի)։ Հետո՝ Վարդան Մելքոնյանը (մոտ մեկ տարի), կարճ ժամանակ՝ Կարեն Սարգսյանը, ապա՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը (այնուհետև հեռացված և քրեական գործերով անցնող)։
Վերջին նախագահը հասցրեց պաշտոնավարել ընդամենը չորս ամիս և նույնպես ազատվեց պաշտոնից։ Փաստացի, վերջին յոթ տարում ջրային առանցքային կառույցը ղեկավարել են մի շարք պաշտոնյաներ, որոնց մեծ մասը բացարձակ առնչություն չի ունեցել ոլորտի հետ։
Կառավարությունը յոթ տարի շարունակ խոսում է կաթիլային ոռոգման և խնայողության մասին, սակայն իրականությունը հակառակն է. ոռոգելի տարածքները նվազում են, նորման՝ անթույլատրելի արագությամբ աճում, իսկ համակարգի կոլապսի օրը մոտենում է։
Մի քանի օր է լրատվամիջոցները շրջանառում են Ջրային կոմիտեի նոր նախագահի թեկնածուի՝ ՀԱԿ-ի վարչության նախկին անդամ Արամազդ Ղալամքարյանի անունը: Ղալամքարյանը երկար տարիներ ՄԱԿ-ի համակարգում զբաղվել է հաղորդակցությամբ, գործընկերային հարաբերություններով և հանրային կապերով։ Նա նաև հայտնի է վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին սկանդալային գրառմամբ, որով ուղղակի աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանի արձանագրած «մահացած» ոռոգման համակագը՝ կուտակված ճգնաժամային իրավիճակով որքանո՛վ լուծելի կլինի նոր նշանակվող, ոլորտում զրո փորձ ունեցող թեկնածուի համար, թերևս բարդ չէ կռահելը, կամ ինչպես հայկական ասացվածքն է ասում՝ ջրի բերած, ջրի տարած։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















