2026 թվականի փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի իր մասը՝ 500 000 ԱՄՆ դոլար։ Մրցանակի ընդհանուր ֆոնդը կազմել է 1 մլն դոլար և բաժանվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Մարտի 30-ին այդ գումարը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթով։ Ձևաթղթում նշված է, որ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխության շրջանակում Փաշինյանը ստացել է 500 000 ԱՄՆ դոլար դրամական մրցանակ։ Նույն փաստաթղթում նվերի հաշվարկային արժեքը նշված է 188 750 000 դրամ։

Այսինքն՝ մարտի 30-ի դրությամբ այդ գումարը ՀՀ օրենսդրության շրջանակներում ձևակերպվել է որպես նվեր, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումը նվերների մասով հստակ է․ եթե նվերները գերազանցում են օրենքով սահմանված 75 000 դրամ շեմը, դառնում են պետական կամ համայնքային սեփականություն և ենթակա են հանձնման պետությանը կամ համայնքին։
Փաշինյանի դեպքում խոսքը 188 750 000 դրամ արժեքով նվերի մասին է, որը ավելի քան 2500 անգամ գերազանցում է օրենքով սահմանված շեմը։ Հետևաբար, մարտի 30-ին այն որպես նվեր հայտարարագրելուց հետո հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ դրա հանձնումը պետությանը՝ նվերների տնօրինման գործող կարգով։
Սակայն ապրիլի 2-ին Կառավարությունը մեկ այլ որոշում է ընդունում, որով թույլատրում է վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Որոշման հիմնավորման համաձայն՝ հաշիվը բացվում էր «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրված 500 000 ԱՄՆ դոլար մրցանակի ավանդադրման և այդ միջոցների հաշվին կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։

Հատկանշական է, որ այս որոշմամբ գումարը չի ներկայացվում որպես Նիկոլ Փաշինյանի անձնական եկամուտ։ Որոշման մեջ խոսքը ձևակերպված է որպես «Հայաստանի Հանրապետության վարչապետի ստացած» 500 000 ԱՄՆ դոլար մրցանակ։ Այսինքն՝ այն ներկայացվում է ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանին տրված գումար, այլ որպես ՀՀ վարչապետի կարգավիճակով ստացված միջոց։
Սակայն դրանից հետո՝ ապրիլի 28-ին, ԱԺ ընտրությունների կուսակցությունների թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրում, նույն 500 000 ԱՄՆ դոլարը արդեն հայտնվում է Փաշինյանի «Եկամուտներ» բաժնում՝ կրկին որպես «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակ։
Այսպիսով, նույն գումարի վերաբերյալ առկա է հետևյալ փաստաթղթային հաջորդականությունը․
- փետրվարի 4-ին Փաշինյանը ստանում է 500 000 դոլարը՝ որպես «Զայեդ» մրցանակի իր մասը․
- մարտի 30-ին այն հայտարարագրվում է որպես նվեր՝ 188 750 000 դրամ հաշվարկային արժեքով․
- ապրիլի 2-ին կառավարությունը որոշում է այդ գումարի համար վարչապետի աշխատակազմի անունով բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ․
- ապրիլի 28-ին նույն գումարը ՔՊ թեկնածուների ընտրական հայտարարագրում արդեն ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի անձնական եկամուտ։
Զարմանալի է, որ որ թեև մարտի 30-ին գումարը ձևակերպվել է որպես նվեր և ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչու այն չի անցել նվերների համար նախատեսված ընդհանուր ընթացակարգով։
Երկրորդ հարցը վերաբերում է ապրիլի 2-ի որոշմանը։ Եթե գումարը օրենքով արդեն փաստաթղթավորվել էր որպես նվեր, ինչու է կառավարությունը որոշել վարչապետի աշխատակազմի անունով բացել առանձին արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Արդյոք կարո՞ղ է Արարատ Միրզոյանը կամ Ալեն Սիմոնյանը նույնպես պահանջել, որ իրենց նվերները վաճառվեն և ավանդային առանձին հաշիվներ բացվեն:

Եվ վերջապես ամենակարևոր հարցը․ եթե ապրիլի 2-ին կառավարությունը այդ գումարը արդեն դիտարկել է որպես վարչապետի աշխատակազմի միջոցով կառավարվող միջոց, ապա ինչու է Փաշինյանի հայտարարագրում այն ներկայացված որպես սեփական եկամուտ, արդյոք վաղը Փաշինյանը կարո՞ղ է պահանջել փակել այդ հաշիվը և իրեն վերադարձնել այդ գումարները, քանի որ այն իր սեփական եկամուտն է, ինչպես նա նշել է իր հայտարարագրում։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















