Շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ․ ինչու է Պուտինը հանրաքվե պահանջում

Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Հայաստանի եվրոպական ուղղության մասին արդեն երկրորդ բաց նախազգուշացումն էին՝ այս անգամ ուղղված ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև հայ հասարակությանը։

Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։ Եթե ընտրությունը ԵՄ-ն է, ապա, նրա ձևակերպմամբ, պետք է անցնել «քաղաքակիրթ բաժանման» ճանապարհով։ Նա նաև հավելեց, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանում այդ հարցով հանրաքվե անցկացվեր։

Հանրաքվեի գաղափարն այստեղ պատահական դրվագ չէ։ Դրանով Մոսկվան փորձում է հարցը դուրս բերել միայն Փաշինյանի կառավարության պատասխանատվության դաշտից և վերածել ազգային ընտրության։ 

Սա կարևոր է Ռուսաստանին նաև հետագա ճնշումների լեգիտիմացման տեսանկյունից։ Եթե վաղը Ռուսաստանը գնա տնտեսական կամ էներգետիկ կոշտ քայլերի՝ գազի գնի բարձրացումից մինչև շուկաների սահմանափակումներ, Հայաստանի ներսում դժվար կլինի այդ ամենը ներկայացնել միայն որպես Փաշինյանի քաղաքականության հետևանք։ 

Մոսկվայի համար հանրաքվեն կարող է ծառայել այն հակափաստարկը, որ Փաշինյանի կառավարության որոշումը չէ, այլ Հայաստանի հասարակության գիտակցված ընտրությունը։ Այսպիսով Պուտինը ցանկանում է պատասխանատվությունը իշխանության վրայից տեղափոխել դեպի ավելի լայն հարթություն, իսկ Ռուսաստանի հնարավոր կոշտ արձագանքը կներկայացվի ոչ թե որպես պատիժ կոնկրետ քաղաքական ուժին, այլ որպես հետևանք այն ճանապարհի, որն ընտրել է Հայաստանը։

Եթե մինչև հիմա Հայաստանում ԵԱՏՄ-ի թեման հաճախ ներկայացվում էր շատ պարզ բանաձևով՝ որքան ձեռնտու է՝ կմնանք, երբ ձեռնտու չլինի՝ դուրս կգանք, ապա Պուտինի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը այդ հարցը չի ընկալում որպես Երևանի ազատ ժամանակացույցով լուծվող որոշում։ Մոսկվան, ըստ էության, պատրաստվում է Հայաստանի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ կայանալիք ԵԱՏՄ նիստն օգտագործել Հայաստանի հարցով հստակ քաղաքական ուղերձ ձևակերպելու համար։

Ռուսաստանի ուղերձը կարող է լինել շատ պարզ․ եթե Հայաստանը պատրաստվում է շարունակել է ԵՄ ուղղությունը, ապա թող հասարակությունը հասկանա, թե ի՛նչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից հեռանալու դեպքում։ 

Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը դեռ ունի Հայաստանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ՝ շուկա, էներգետիկա, տրանսֆերտներ, անվտանգային ժառանգություն, տեղեկատվական դաշտ։ Այս ամենը Մոսկվան կարող է օգտագործել ոչ միայն արտաքին քաղաքական ճնշման, այլև Հայաստանի ներսում վախի և անորոշության մթնոլորտ ստեղծելու համար, մանավանդ որ ԵՄ անդամակցությունը արագ գործընթաց չէ։ 

Արևելյան Եվրոպայի երկրներից միջինը մոտ 10 տարի պահանջվեց պաշտոնական դիմումից մինչև անդամակցություն, իսկ Թուրքիայի օրինակը ցույց է տալիս, որ անգամ թեկնածուի կարգավիճակը դեռ չի նշանակում իրական մոտեցում անդամակցությանը։ Հայաստանի դեպքում ճանապարհն ավելի բարդ է․ երկիրը ԵՄ-ի հետ ընդհանուր սահման չունի, գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում և, ի տարբերություն Արևելյան Եվրոպայի երկրների, միաժամանակ կապված է ռուսական ազդեցության մի քանի ինստիտուցիոնալ շրջանակների՝ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հետ։

Հենց այդ տարբերությունն էլ Մոսկվան կարող է օգտագործել որպես քաղաքական զենք։ ԵՄ հեռանկարը երկար և անորոշ է, մինչդեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ այդ կառույցի հետ հարաբերությունները վերանայելու հետևանքները կարող են զգացվել շատ ավելի արագ։ 

Այս պատճառով Պուտինի հայտարարությունը միայն արտաքին քաղաքականության մասին չէ․ այն նախընտրական ուղերձ է՝ ուղղված Հայաստանին։ Մոսկվան արդեն այդ թեման բերել է առաջիկա քաղաքական օրակարգ և կապել ոչ միայն իշխանության, այլև հայ հասարակության ընտրության հետ։

Եվ թեև Փաշինյանն այսօր խուսափեց մեկնաբանել Պուտինի խոսքը Հայաստանի մասով, Փաշինյանին դնում են սահմանների մեջ՝ մինչև ընտրությունները հստակեցնել ԵԱՏՄ-իդ հարցը, և հասկացնում են, որ չի կարող այն անընդհատ հետաձգել։ 

Պուտինի «փափուկ ամուսնալուծության» հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ երբ որոշելու պահը գա, Հայաստանը կկատարի իր ընտրությունը։ Նա նաև նշել է, որ այժմ նախընտրական քարոզարշավի մեջ են և չի հասցրել հետևել «բոլոր հայտարարություններին, բոլոր մանրամասներին»։

Մարի Ներսեսյան

MediaLab.am