Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բյուրականի Հանդ Art այգում ներկա էր «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը՝ բեմադրված Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով:
Սովորական երկրում սա կարող էր մնալ սովորական լուր՝ վարչապետի հերթական՝ ներկայացման այցի մասին։ Բայց ներկայացման ավարտից հետո բեմում նոր գլխավոր հերոս հայտնվեց։ Եվ դա արդեն ոչ թե Մկոն էր կամ Տիգրան Գյուլումյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ ներկայացումը շատ է հավանել, վաղուց այսքան լիաթոք չէր ծիծաղել, այսքան մեծ գեղագիտական հաճույք չէր ստացել։ Սակայն անմիջապես հավելեց՝ ուզում եմ հասկանալ, վերջում ի՞նչ ասացիք ինձ, ո՞րն է ձեր ներկայացման ուղերձը։
Փաշինյանին, պարզվում է, դուր չէր եկել այն միտքը, թե չկա առաջնորդ, որը ցանկապատերը քանդի։ Նա արագ վերաձևակերպեց ներկայացման հիմնական ասելիքը, ցանկապատը պետք է ոչ թե քանդել, այլ կառուցել՝ ըստ էության փորձելով առաջնորդի կերպարում տեսնել հենց իրեն։
Հետո վարչապետն անցավ «Իրական Հայաստանի» մասին քարոզչությանը․ «Գնացե՛ք Կիրանց, տեսեք՝ ոնց է ցանկապատ կառուցվել, և գյուղում ամեն ինչ հրաշալի է։ Իմացե՛ք՝ Հայաստանի գոյության հիմքը ցանկապատն է՝ պետությունը, օրինականությունը, կադաստրը»։
Խեղճ դերասաններն ապարդյուն փորձում էին բացատրել, որ սա 1920-ականների մասին գրված պատմվածք է, այլ ժամանակ, այլ իրականություն։ Բայց միևնույն է՝ Փաշինյանը արդեն ստանձնել էր գլխավոր հերոսի դերը։
Հուսանք, Փաշինյանը հաջորդը չի գնա, ասենք, «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ավարտին էլ նորից կանգնի ու ասի․ «Ո՞րն է ուղերձը այս ամենի։ Կարծում եմ՝ պետք է փոխվի Մոնտեկիների ու Կապուլետների միջև հակամարտության դարաշրջանը, և նրանց միջև խաղաղության համաձայնագիր նախաստորագրվի»։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















