Կոռուպցիա՞, թե՞ պետական շահ. ինչու են կառավարությունները մաքսային արտոնություններ տրամադրում

Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթում հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը մաքսային արտոնություններ է տրամադրում կոնկրետ գործարարների, իսկ նրանք հետագայում գումարներ են փոխանցում «Իմ քայլը» հիմնադրամին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նրա ձևակերպմամբ՝ սա կոռուպցիոն դրսևորում է։ 

Քոչարյանին այսօր արձագանքել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և հայտնել, որ այդ արտոնություններից օգտվում են նաև, օրինակ, «Տաշիր խմբի» ընկերությունները՝ Քոչարյանին «շարքային բամբասկոտ է և ստախոս» անվանելով: 

Արտոնությունների թեման տարբեր ժամանակներում քաղաքականացրել են և՛ նախկին ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և՛ ներկայիս ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումներով, և, համոզված ենք, նաև հաջորդ ընդդիմությունները ևս կանեն այն, բայց կարևոր է վերջապես պարզաբանել ինչի մասին է խոսքը:

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերը ամբողջությամբ չեն մնում այն երկրի բյուջեում, որտեղ ապրանքը մաքսազերծվում է։ Դրանք բաշխվում են անդամ երկրների միջև հաստատված համամասնությամբ։ Հայաստանի մասնաբաժինը ամենափոքրն է և կազմում է մոտ 1,22 տոկոս, մնացածը բաշխվում է ԵԱՏՄ մյուս անդամների միջև։

Այսպիսով, եթե որևէ հայաստանյան ընկերության ներմուծվող ապրանքի վրա հաշվարկված մաքսատուրքը, դիցուք, 100 միլիոն դրամ է, ապա հայ գործարարի վճարած այդ 100 միլիոն դրամից ընդամենը 1.22 միլիոն դրամն է գնալու Հայաստանի բյուջե, իսկ 86 միլիոն դրամը գնալու է Ռուսաստանին, մոտ 7 միլիոնը՝ Ղազախստանին, մոտ 5 միլիոնը՝ Բելառուսին և մոտ 2 միլիոնը՝ Ղրղզստանին: Նույն ձևով, երբ որևէ ապրանք մաքսազերծվում է Ռուսաստանում կամ Ղազախստանում, այդ մաքսազերծման գումարից կրկին 1,22 տոկոսն է միայն գալիս Հայաստանին: 

Հիմա երբ նայում ենք ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեի Հայաստանի հաշվեկշռին, տեսնում ենք, որ, օրինակ՝ 2024 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե է փոխանցել 323 մլն դոլար, իսկ հետ է ստացել ընդամենը 189 միլիոն դոլար, այսինքն՝ մենք մեր հավաքած մաքսատուրքից 135 մլն դոլար ԵԱՏՄ-ին ավելի շատ ենք փոխանցում, քան հետ ստանում, իսկ դրանից օգտվում են, օրինակ՝ Ղրղզստանը և Բելառուսը, որոնք, հակառակը՝ ավելի քիչ են տալիս, ավելի շատ ստանում:

Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ անդամ փոքր երկրները սովորաբար շահագրգռված են, որ իրենց ընկերությունները օգտվեն նման արտոնություններից։ 

Հայաստանում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման կարգը գործում է տարիներ շարունակ, այն կիրառվել է տարբեր կառավարությունների օրոք։ Արտոնություններ ստացել են տարբեր ոլորտների ընկերություններ և տարբեր գործարարներ, այդ թվում՝ այնպիսի մարդիկ, որոնք տարբեր ժամանակներում համարվել են իշխանությանը մոտ կանգնած կամ ընդդիմադիր։

Մաքսային արտոնությունը կամայական որոշում չէ․ ընկերությունը ներկայացնում է ներդրումային ծրագիր, այն դիտարկվում է սահմանված կարգով, և պայմաններին համապատասխանելու դեպքում կառավարությունը տրամադրում է արտոնությունը։ 

Հետևաբար հարցը ոչ թե այն է, թե ինչո՛ւ է այս կամ այն ընկերությունը դիմել ու ստացել արտոնություն, այլ այն, թե ինչպես անենք, որ ավելի շատ ընկերություններ համապատասխանեն այդ պայմաններին։

Որքան շատ հայկական բիզնեսներ դիմեն, համապատասխանեն սահմանված պայմաններին և ստանան այս արտոնությունը, այնքան դա Հայաստանի համար շահավետ է։ Պայմաններին համապատասխանելը պարտադիր է նաև այն պատճառով, որ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները չվիճարկեն, թե Հայաստանը խախտում է ընդհանուր կանոնները։ Բայց եթե պայմանները պահպանված են, արտոնությունից չօգտվելը պարզապես անիմաստ է։

Վերջապես, եթե յուրաքանչյուր արտոնությունից Հայաստանի բյուջեն կորցնում է արտոնության ընդամենը 1,22 տոկոսը, իսկ ընկերությունը շահում է 100 տոկոսը, ապա ընդդիմության շահը պետք է լինի ոչ թե այդ մեխանիզմը շահարկել տարբեր քաղաքական գործընթացներում, այլ հայաստանյան ընկերություններին կոչ անելը՝ ավելի շատ օգտվել այս գործիքից:

Մարի Ներսեսյան

MediaLab.am