ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի հարցով խորհրդարանական լսումներում հանրապետական Էդուարդ Շարմազանովը կրկին փայլեց իր բոցաշունչ ելույթով։ Ակնհայտ էր, որ կարոտել էր ԱԺ ամբիոնը։ Բնականաբար քարուքանդ արեց Փաշինյանի քաղաքականությունը, հիշեցրեց, որ յոթ տարի է՝ վերջինս երկիրը տանում է աղետի։ Լավ հռետոր է, անվիճելի է։
Բայց մի փոքրիկ «սպրավոչկա»։ 2018-ի մայիսի 7-ին հենց Շարմազանովն էր, որ դուրս գալով ՀՀԿ խմբակցության նիստից հայտարարեց․
«Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու ՀՀԿ խմբակցությունը միաձայն որոշում են ընդունել աջակցել պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին․ այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին»։
Հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, Փաշինյանը ընտրվեց վարչապետ՝ 59 կողմ, 42 դեմ ձայնով։ Եվ այդ արդյունքը հնարավոր դարձավ ոչ միայն փողոցի ճնշման, այլև հենց ՀՀԿ-ի այս միաձայն դիրքորոշման շնորհիվ։
Իսկ այն մեկ երրորդի մեջ, որոնք առաջադրելու էին Նիկոլ Փաշինյանին, նաև ԲՀԿ-ն ու Դաշնակցությունն էին, որոնք էլ իրենց կողմ քվեարկելու դիմաց Փաշինյանից ստացան երեքական նախարարական պորտֆել:
Հիշեցնենք, որ նախարարներ դարձան ԲՀԿ-ի կողմից առաջադրված Աշոտ Հակոբյանը, Լևոն Վահրադյանը և Հրաչյա Ռոստոմյանը, իսկ Դաշնակցությունից՝ օ՜ հրաշք, ներկայիս «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև Արթուր Գրիգորյանը։
Այնպես որ՝ հաջորդ անգամ, երբ դերասան Մկրտիչ Արզումանյանի «ոսկորները լվանաք»՝ թե Փաշինյանի դիմաց կանգնած շատ խրոխտ չի հակադարձել, մի՛ մոռացեք, որ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունն են բառիս բուն իմաստով իրենց ձեռքով սեղմել «կողմ» կոճակը ԱԺ-ում և Փաշինյանին դարձրել վարչապետ, և որ առանց այս հրաշալի եռյակի՝ Փաշինյանը որևէ օրինական տարբերակ չուներ առանց նոր ընտրությունների դառնալ վարչապետ։
Այնպես որ՝ հանգստացե՛ք, «տղե՛րք», ինչպես սիրում է արտահայտվել ԱԺ ամբիոնը խիստ կարոտած մեկ այլ կարկառուն հանրապետական և լավ հռետոր Արմեն Աշոտյանը։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















