Կառավարությունը չի ցանկանում վանել Միհրան Պողոսյանի ազգական-ներդրողներին․ FIP.am

Կառավարությունը հուլիսի 29-ի հերթական նիստում հավանություն տվեց «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Այն ենթադրում է Ապարանում 2080 հեկտար տարածքի վրա հիմնել լեռնային համալիր հանգստյան գոտի։ Նախագիծը մշակած Էկոնոմիկայի նախարարությունը հույս ունի, որ այս ծրագրով Հայաստանում լեռնադահուկային զբոսաշրջությունը մի քայլ առաջ կգնա։ Ծրագիրն իրականացնողը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականներին պատկանող ընկերությունն է, որի նույնանման ծրագրերից մեկը նախկինում տապալվել էր։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս ներդրումային ծրագիրն ու այն իրականացնողներին։ 

«Մայլեռ մաունթայն ռեզորթ». ինչ են ուզում կառուցել

Ըստ ներդրումային ծրագրի՝ ընկերությունն Ապարանի այս հատվածում մտադիր է կառուցել արագընթաց ճոպանուղիներ, հյուրանոցային համալիր, խաղատուն, մանկական սահադաշտ, ռեստորան, լեռնային ճանապարհներ ու սահուղիներ, հիմնվելու է նաև արհեստական ձնագոյացման համակարգ ու զիփլայն։ Ծրագրի համաձայն՝ տարածքը հետագայում ստանալու է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ և այնտեղ ներդրումներ իրականացնողներն օգտվելու են արտոնություններից։

«Մայլեռ մաունթայն ռեզորթի» գնահատմամբ՝ իրենք չեն կարողանա խուսափել այս տարածքում անտառահատումներից, և 10 հեկտար տարածքով անտառ է հատվելու:

«Անտառահատումները որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրի ստեղծման գործում։ Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը, այնուամենայնիվ կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատումից մի քանի անգամ ավել ծավալով անտառի տնկման ֆինանսավորում»,- նշված է ծրագրում։ Կառուցվելու է նաև նոր ճանապարհ, ինչպես նաև գազատար ու ջրատար համակարգեր։ 2080 հեկտար մակերեսով հողից 1500-ը լինելու է վարձակալությամբ։

«Մայլեռ մաունթայն ռեզորթը» նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ՝ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։ Համալիրի կառուցման գործում ընդգրկված կլինեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ «Մայլեռ մաունթայն ռեզորթն» ակնկալում է, որ տարեկան միջինը կկարողանա սպասարկել 500,000 հաճախորդ, իսկ մեկ հաճախորդի ծախսը կկազմի միջինը 100,000 դրամ։ Համալիրի շահագործմամբ կստեղծվի 12.6 միլիարդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, իսկ համալիրի կառուցումը կտևի 2 տարի։ 

Ինչպե՞ս «Մայմեխ սկի ռեզորթը» դարձավ «Մայլեռ մաունթայն ռեզորթ»

«Մայլեռ մաունթայն ռեզորթի» սկզբնական անունը «Մայմեխ սկի ռեզորթ» էր: Այն հիմնվել է 2017 թվականին: 2018 թվականին ընկերությունը մտադիր էր Մայմեխում կառուցել լեռնադահուկային սպորտի համալիր։ Մայմեխը գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Փամբակի լեռնաշղթայում։ Լեռան բարձրությունը 3094 մետր է։ Համալիրը գտնվելու էր լեռան ստորոտին՝ Լերմոնտովո և Անտառաշեն համայնքների վարչական տարածքում։ 2018 թ. մարտի 6-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել այս ծրագրին՝ որոշելով «Մայմեխ սկի ռեզորթին» թույլ տալ 584 հեկտար տարածքի շուրջ կատարել օտարման ենթակա սեփականության ուսումնասիրություն՝ չափագրումներ, նկարահանումներ և այլն։ Մայմեխում ևս նախատեսվում էր ստեղծել սահուղիներ, ճոպանուղիներ և այլն, ներդրման ծավալն էլ 14 միլիարդ դրամից ավել էր։ 

2019 թ. հոկտեմբերին այս ծրագիրը տապալվեց։ Կառավարության մեկ այլ որոշմամբ նախկին որոշումն ուժը կորցրած ճանաչվեց։ Պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի մի մասի վրա կան պետական և համայնքային սեփականություններ, և օրենքը թույլ չի տալիս դրանք օտարել։ Բացի այդ, Անտառաշեն համայնքի մի խումբ բնակիչներ դեմ էին հանդես եկել այս ծրագրին՝ հիմնավորմամբ, որ օտարման ենթակա հողերի մի մասն անցնում է իրենց արոտավայրերով ու տներով, իսկ որպես հանրային գերակա շահ դրանց օտարմանն անտառաշենցիները չէին համաձայնել։ Այնուհանդերձ, այս ծրագիրն այդպես էլ չիրագործվեց, ու կառավարության որոշումը ներդրումային ծրագրի վերջնական եզրափակումն էր։ 

Ովքե՞ր են ներդրողները

«Մայմեխ սկի ռեզորթը», ինչպես նշեցինք, հիմնվել է 2017 թվականին: Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է, իսկ բաժնետերը՝ «Միկշին» ՍՊԸ-ն։ «Միկշինը» շինարարության, կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից է, Երևանի «Երազ» թաղամասի կառուցապատողը, որի միակ բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ գործարար Միխայիլ Հարությունյանի որդին։ Միխայիլ Հարությունյանը, իր հերթին, Դատական ակտերի հարկադիր նախկին կատարող, արդարադատության գեներալ, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռին է։ Հարությունյանի երկու որդիներն էլ ընդգրկված են մի շարք խոշոր բիզնեսներում՝ «Միկմետալ», «Ասկե գրուպ» և այլն։ 

Ընկերության իրավաբանական հասցեն «Միկշինի» հետ միևնույն վայրում է՝ Երևանի Ադոնց 18  հասցեում։ Կառավարության նիստում հարցը մանրամասն քննարկվեց, սակայն ներդրողների իսկության մասին որևէ մեկը չխոսեց։ 

Ինչպես կառուցել կազինո ու չտարածել խուճապի մթնոլորտ

Կառավարության հուլիսի 29-ի նիստում «Մայլեռ մաունթայն ռեզորթի» կողմից կառուցվելիք հանգստավայրի հարցի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում։ Ծրագրի հետ կապված մտահոգություններ հայտնեցին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ներդրումային ծրագրի հաստատման հարցը ներառվել էր մայիսի 3-ին։ Կառավարության հաջորդող նիստերին հարցն օրակարգում չկար, իսկ որոշման փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ծրագրի հետ կապված խնդիրներ են բարձրացրել Ֆինանսների նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Կադաստրի կոմիտեն։ Վերջինն առաջարկել էր 1500 հեկտար հողերը ոչ թե վարձակալությամբ հանձնել «Մայլեռ մաունթայն ռեզորթին», այլ օտարել աճուրդային կարգով, ինչին էկոնոմիկայի նախարարությունը չի համաձայնել։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր դիտողություններում հայտնել էր՝ «ներդրումային ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ո՛չ բովանդակային հագեցվածության, ո՛չ էլ կառուցվածքի առումով»։ Ֆինանսների նախարար ատոմ Ջանջուղազյանը դժգոհեց՝ եթե Ապարանում կառուցվելիք այս հանգստավայրում գործի խաղատուն, այն կհակասի խաղատների, շահումով խաղերի հարցերում պետության որդեգրած քաղաքականությանը։ 

«Խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը, ապա սահմանված վայրում կարող է լինել խաղատնային գործունեություն։ Այս ծրագրի նախատեսված ներդրումները, մինչդեռ, 30 միլիարդ են, իսկ ներդրումային ծրագրի բաղկացուցիչ մասն է խաղատան կառուցումը:

 «Այս դեպքում հնարավորություն է ընձեռվում սահմանափակումները մեղմել կոնկրետ դեպքի համար, ինչը նախադեպ է ու ենթադրում է, որ մենք պիտի գնահատենք՝ ինչ չափով է մեր քաղաքականությունը միասնական»,- ասաց ֆինանսների նախարարը։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ «ներդրողը առաջարկել է խաղատնային գործունեության 40 միլիարդն իջեցնել 30 միլիարդի», ինչին ի պատասխան կառավարությունը խոստացել է քննարկել առաջարկը։ Կառավարությունը պարտավորվել է օժանդակել հողերի ձեռքբերման գործընթացին, փոխել հողերի նշանակությունը, լուծել անտառահատման հետ կապված խնդիրները։  

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նիստում հայտարարեց՝ Էկոնոմիկայի նախարարությունն իրենցից պահանջում է, որ մարզպետի կամ համայնքի որոշմամբ ուղիղ հողակտորները տրվեն «Մայլեռ Մաունթայն ռեզորթին», ինչն օրենսդրության խախտում է: «Ապարան, Եղիպատրուշ համայնքների բնակիչներն ունեն հարցեր, մտահոգություններ։ Առաջարկել ենք հանրային քննարկում լինի, ներդրողը, մեր գերատեսչությունը, Էկոնոմիկայի նախարարությունը մասնակցեն, լուծումներ ներկայացնեն, ինչը չի կատարվել, ու ես ենթադրում եմ, որ բնակիչների բողոքի ալիքը կբարձրանա»,- ասաց Գևորգյանը՝ ավելացնելով, որ «Արագածոտնի մարզպետարանը ներդրումային ծրագրի հիմնավորումները չի տեսել»։ 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, կոչ է անում խուճապի չմատնվել: «Ես առաջարկում եմ խուճապի մթնոլորտ չտարածել, վայ՝ սա կլինի, նա կլինի, հեսա կազինոները կբացեն….չեմ կարծում, թե քննարկման կարիք կա, որովհետև եթե խորանանք, կպարզվի, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի պետության ու հայ ժողովրդի դեմ»,- հայտարարեց Փաշինյանը։

Որոշումն ընդունվեց միաձայն։ 

Փաստերի ստուգման հարթակ