Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան. Factor

Շատ ուրախ եմ, որ մենք արդեն սյուներ ենք տեղադրում և ֆիքսում ենք սահման, չէ որ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմի համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, հավանական հարձակվող կողմից մեր սահմանը ճանաչելը։ Հայկական որևիցե տարածք, թումբ հանձնվե՞լ է, անընդհատ մարդկանց ոնց որ գժի տեղ դնեն»,- նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը վստահեցրեց՝ ՀՀ սահմանից որևէ մետր քննարկման ենթակա չէ։

«Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ հլը արի, մի հատ հասկանանք՝ էդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվում»,- ընդգծեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է։ «Երբ դու այդ գծի վրա հավանական հարձակվողի կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես ու ասում՝ այստեղ դու ես, այստեղ՝ ես, անցնում ես առաջ։ Սա էլ ավելի պաշտպանված է դառնում»,- բացատրեց Ալեն Սիմոնյանը։