«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
– Պարո՛ն Հովհաննիսյան, նախօրեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել, հատկապես լուսանկարը, որտեղ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի նվիրած գիրքը ձեռքին է։ Դուք ի՞նչ եք մտածում հանդիպման ու լուսանկարի մասին։
– Սկսեմ լուսանկարից, որովհետև այդտեղ ասելիք շատ չկա, մեկ նախադասությամբ կարելի է ավարտել․ շատ անհաջող լուսանկար է, որում ՀՀ վարչապետը շատ ենթակա ու գավառական տեսք ունի։
Հայ-թուրքական շփումները բնական են ու լինելու են, չեն կարող չլինել Թուրքիայի կողմից, որովհետև առաջին հերթին ահռելի ճնշում կա Արևմուտքի երկրների կողմից, և կա ծանր իրավիճակ տնտեսության մեջ, որը ստիպում է Թուրքիային մշտական երկխոսության մեջ գտնվել Արևմուտքի հետ ու անընդհատ լինել այդ ճնշման տակ։
Իսկ որ դա գերակայություն է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար, բազմիցս այդ մասին խոսվել է, խոսվում է, որ այդ սահմանը պետք է անպայման բացվի, ընդ որում՝որպես կանոն, նկատի ունեն առանց նախապայմանների։
Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր առանձնահատկություններից մեկը նա է, որ նույնիսկ այն քայլերը, որ նա պետք է անի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, պետք է փորձի գնորդ գտնել այդ քայլերն իրականացնելու համար, այսինքն՝ առավել շահեկան անել դա իրենց համար։
Նույնը վերաբերում է սահմանի բացմանը, իրենք փորձելու են Հայաստանից ստանալ բաներ, որոնք մինչև այսօր չեն ստացել՝ կապված Հայաստանի ինքնիշխանության հետ, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ընդհանրապես Հայաստանի դերը Հարավային Կովկասում ու աշխարհում։ Համոզված եմ, որ սեղանին կա նաև այդ մասը, որտեղ Թուրքիան ասում է՝ մենք սահմանը կբացենք, բայց…
Հիմա, եթե Հայաստանն ունենար կարող կառավարություն, քաղաքական վերնախավ, որը հասկանում է, թե ինչ է ուզում, ու այդ ցանկությունները բխում են Հայաստանի ազգային շահերից, ապա ընդհանուր առմամբ, դրանում ոչ մի սարսափելի բան չկա՝ բանակցիր, մերժիր բոլոր հարցերը, որոնք չեն բխում ՀՀ խորքային շահերից, միշտ առաջին գծում պահիր ազգային արժանապատվությունը, պետական շահը, և այստեղ ընդհանուր հայտարարի եկեք, որևէ արգելված բան չկա։
Քանի որ մենք չունենք նմանատիպ կառավարություն, միշտ էլ տեղ կա մտահոգության, միշտ էլ տեղ կա բացասական սպասումների։ Սա է խնդիրը, ոչ թե այն, որ մենք պետք է երկխոսություն ունենանք Թուրքիայի հետ, իհարկե պետք է ունենանք, ունենք չորս հարևան, չորսի հետ էլ պետք է երկխոսենք։
– Ասում եք՝ եթե կառավարությունը ունենար հստակ տեսլական, թե ինչ է ուզում, բայց կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ինքն ուզում է ու քայլեր է ձեռնարկում Հայաստանի ինքնիշխանության, անկախության, պետականության ամրապնդման ուղղությամբ։
– Այդ բառերը, որոնք ասվում են ընտրազանգվածի համար, եկեք չհամարենք իրենց ցանկությունների արտահայտում, այդ բառերը, որոնք մեզ համար ականջահաճո կարող են լինել, ունեն նաև ենթատեքստեր: Օրինակ՝ ինքնիշխանություն ասելով, ես հասկանում եմ, որ մեր քաղաքական վերնախավի զգալի մասը նկատի ունի եվրաինտեգրման մերժում՝ անունը դնելով ինքնիշխանություն։ Դա ակնհայտ է, այնպես որ, եկեք ոչ թե իրենց խոսույթին նայենք, այլ իրականությանը։
Իմ կարծիքով՝ իրենց նպատակներից ամենաադեկվատ տպավորությունը մենք կարող ենք ստանալ Խաչատուր Սուքիասյանի խոսքից։ Խորհուրդ կտամ կարդալ, լսել նրա հարցազրույցները, ելույթները, իմ կարծիքով՝ ամենաճշմարիտ ՔՊ-ականն այսօր Խաչատուր Սուքիասյանն է, այդ են ուզում իրենք, ու այդ կարծիքն է այսօր գերակշռում ՔՊ-ում։
– Այսինքն՝ կարծում եք, որ իշխող ուժի գործողություններն ու ցանկություններն իրականում այն են, ինչի մասին խոսում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյա՞նը, պարո՛ն Հովհաննիսյան։
– «Քաղաքացիական պայմանագիրը» այնքան է բանը բանից անցել, որ այլևս իրավունք չունի այնպիսի հայտարարություններ անելու, որոնցով մարդկանց կվանի, ընդհակառակը։ Օրինակ՝ չեն ասում, որ «3+3»-ի մեջ են ուզում փակվել ու լինել ռուս-թուրքական համատեղ օգտագործման գաղութ, պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ինչ արձագանք կտան, կարելի է ասել, որ մենք պայքարում ենք ինքնիշխանության համար, որ մեր ճակատագիրը չորոշվի Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ՝ տարածաշրջանում։ Այսինքն՝ դրանք ընդամենը ականջահաճո հայտարարություններ են, պետք է նայել քաղաքականության էությանը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















