Այս օրինագիծը սոցիալական արդարությունը վերականգնելու հիմնական ճանապարհն է. Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» շատ կարևոր օրինագիծը։

Այս օրինագիծը սոցիալական արդարությունը վերականգնելու, հանցավոր եւ կոռուպցիոն ճանապարհներով կուտակած հարստությունը պետությանն ու հանրությանը վերադարձնելու հիմնական իրավական ճանապարհն է:

Սա մեր հեղափոխության հիմնարար խոստումներից էր, սա հեղափոխությունից հետո նաեւ հանրության հիմնական ակնկալիքներից մեկի՝ թալանածը հետ բերելու, իրավական ԱՆԽՈՑԵԼՒ մեխանիզմն է, բայց սա նաեւ մեր պետության պարտավորություններից է եղել դեռեւս 2015 թվականից, երբ Եվրոպայի Խորհրդի տարբեր կառույցներ որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց հորդորում էին ներմուծել հենց այս մեխանիզմը, սակայն հասկանալի է, որ դա չէր արվելու:

Բոլորովին պատահական չէ, որ նախկին կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիրները այս նախագծի դեռեւս սաղմնային վիճակում քննադատության տարափ էին սկսել, շատ լավ հասկանալով, որ օրենքով տրված այս մեխանիզմներով եւ քաղաքացիաիրավական ընթացակարգերով, շատ ավելի արդյունավետ պայքար է տարվելու ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության եւ դրանց վերադարձման ուղղությամբ, այո այն ինչ թալանվել է պետք է վերադարձվի պետությանն ու հանրությանը, եւ սա ոչ միայն անցյալի, այլ նաեւ ապագայի մասին է»: