Կեղծված պատմություն, եկեղեցի և ձեռնածություններ

Վահրամ Թոքմաջյան

ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ դրեց հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը: Ինչպես միշտ, աղմուկը պայթեց այնտեղ, որտեղ բովանդակություն չկա: Իսկ աղմուկ կա՝ ազգ, եկեղեցի, կրոն, հայրենասիրություն, սեռական դաստիարակություն, ազգի կործանում և նմանատիպ այլ թեմաների մեջ:

Սրան ավելացնում ես մի քիչ սորոս, կարճ հագած աղջիկ, համեմում ես սեռական կրթության մասին պատմող երևութական գրքով, տասնհինգ րոպե խաշում ես Լանզարոտեի կոնվենցիայի մեջ, պատկերն ամբողջացնելու համար կարմրացնում ես 102-րդ ռազմաբազայով և Պուտինի առնականությամբ փաթաթված մատուցում ես սառը՝ մանր կտրատած:

Ինչ է տեղի ունեցել իրականում: Թվում էր, թե այս թեմայով այնքան է խոսվել ու գրվել, որ ասելիք այլևս չկա: Բայց մեր միջավայրում ապրում են հիրավի տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են 4-րդ դարի մահացածներին վերակենդանացնել, իսկ քաջ նազարներին վերագրել այնպիսի հերոսություններ, որոնց կնախանձեր նույնիսկ բարոն Մյունհաուզենը:

Անդրադառնանք հայտնի կողմերից յուրաքանչյուրի հետապնդած նպատակներին, սխալներին և ձեռնածություններին:

ԿԳՄՍ և չափորոշչաստեղծ խումբ: Այն, որ ԿԳՄՍ-ն քաջություն չունի ասելու, որ, այո՛, այդ առարկան հանվում է ի թիվս այլ առարկաների, սա հարցի մի կողմն է:

Փոխարենը՝ նախարարության ներկայացուցիչները և չափորոշչի ստեղծողներն ինչ-որ զգուշավոր տեքստեր են բերում և պնդում, որ ոչ թե հանում են, այլ ներառում հայոց պատմության մեջ: Չի կարելի ներառել արդեն ներառվածը:

Պարզապես հնարավոր չէ: Այստեղ է այն տրամախոսական սխալը, որը վարպետորեն օգտագործում են ազնիվ ու անազնիվ նպատակներ ունեցողները: Հայոց պատմության մեջ ավելի քան բավարար չափով ներկայացված են այն իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցուն: Երկրորդ կարծիք այստեղ չկա ու չի կարող լինել:

Ցանկացած տառաճանաչ մարդ կարող է վերցնել ու համեմատել հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության թեմաները, բովանդակությունը: Հենց մենք մտնում ենք խոսակցության այս դաշտ, այլևս բովանդակություն չկա: Միայն աղմուկ:

ՀԱՍԵ և առարկան դասավանդող ուսուցիչներ: «Ազգային», «հայրենասիրական», «բարոյական», «հայի կերտվածքի», «փրկության նեցուկի» դիրքերից է հանդես գալիս այս ուղղության ներկայացուցիչների զգալի մասը:

Ես բնավ միտք չունեմ հակադարձելու այս չհիմնավորված դատարկաբանություններին: Պարզապես յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հարց տալու կարիք ունի՝ երբ շրջակայքում հոգևորական չկա, ինքը դառնում է ապազգային, անհայրենիք, անբարոյական, անկերտվածք, կործանված մե՞կը:

Թե ազգիս սերուցքի այս հատվածն առաջնորդվում է Հեմինգուեյի պարադոքսալ պնդումով. «Գրողին փչացնում են կինը, գինին, փողը, խաղաթղթերը և փառամոլությունը: Գրողը փչանում է նաև այն ժամանակ, երբ բացակայում են կինը, գինին, փողը, խաղաթղթերը և փառամոլությունը»:

Որևէ սերունդ, որը չի անցել Հայոց Եկեղեցու պատմություն առանձին առարկա, պակաս բարոյական չէ այն սերնդից, որն անցել է այդ առարկան, պակաս ազգասեր չէ այն սերնդից, որն ամեն օր շփվել է այդ առարկայի հետ, ու, ընդհանրապես, բարոյականության և ազգասիրության մասին ամենուր պոռացող զանգվածներից ոմանց դեռ շատ կարևոր հարցեր կան տալու:

Իմ գործընկերների մասով ես անհանգիստ եմ: Հատկապես այն գործընկերների, որոնք այս փոփոխությունների հետևանքով կարող են դասաժամեր կորցնել:

Բազմաթիվ առարկաներ խոշորացվում են, ընդհանրացվում: Այդպես է միտումը, և մենք դրանից չենք կարող հետ մնալ: Մենք կարիք ունենք անընդհատ զարգացնելու մասնագիտական հմտությունները և հավակնելու այլ կամ ինտեգրված առարկաներ դասավանդելու:

Աշխարհի առաջատար կրթական համակարգերում շատ քիչ ուսուցիչների կտեսնեք, որոնք դասավանդում են միայն մեկ՝ նեղ առարկա: Խոսքը բուհերում դասավանդող գիտակարգերի մասին չէ:

Հիշեցնում եմ՝ խոսքը հանրակրթության մասին է, որը խնդիր ունի սովորողին տալու ընդհանրական գիտելիքներ: Վարդավառի ծեսի իմաստը կեղծելը, դա դասագրքում դնելը և որպես ճշմարտություն մատուցելը ազգասիրություն չեն: Դավաճանություն է սեփական պատմության նկատմամբ:

«Մասնագետներ»: Սա առանձին քննության ենթակա խումբ է: Սրա մեջ չենք ներառում այն մարդկանց, որոնք իրենց գործի իրական նվիրյալներն են, կեղծարարներ չեն ու օրվա իշխանությունների հարբած հայեցողությամբ պատմություն չեն գրել:

Այս խմբում ներառում ենք այն հացկատակներին, որոնք հաճոյացել են բոլոր այն իշխանություններին, որոնք ունեցել են հաճոյացողների պակաս, որոնք կեղծել են պատմությունը, ծառայել են որպես օրվա գրչակներ ու հիմա էլ շարունակում են նույն փինաչիությունը:

Եթե այս իշխանությունն ունենար այս խմբի հաճոյանքի կարիքը, հավաստիացնում եմ ձեզ, սրանց ներկայացուցիչները, արտասուքն աչքերին ու շուշաններ ձեռքերին, չէ՛, ներեցե՛ք՝ ձախ ուսին, ինչպես միջնադարյան Ֆրանսիայում էին դակում սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող կանանց ուսին… միտքս շեղվեց: Մի խոսքով, սրանք նույն ոգեղենությամբ կբարբաջեին, թե ի՜նչ լավ է, որ առարկան հանվում է: 

Առանձին խումբ են վայ դավադրապաշտները, որոնք իրենց հռչակել են ընդդիմադիրներ: Նրանց գործելաոճը ես հասկանում եմ: Քանի դեռ հայ հասարակությանը կարելի է վախեցնել բիլ գեյթսերով, չիպերով, մասոններով ու Տենոչտիտլանի ստորգետնյա չարքերով, ինչո՞ւ չանել դա:

Ինչո՞ւ չկապել օրվա իշխանությանը օտար ուժերի և օրակարգերի հետ: Նրանց հռչակել վարձկաններ, դրսի շահեր սպասարկողներ, անհայրենիք դավաճաններ, ազգի կործանիչներ:

Այդ ամենն անելուց հետո արդեն համոզել, որ Եկեղեցու պատմությունը հանում են, որպեսզի սեռական դաստիարակություն մտցնեն: Արդյունքը երաշխավորված է: Քաղաքական միավորները շահած են, նշանակում է՝ ձեռնածությունն արդյունավետ էր: Նրանց հարցով թող զբաղվի իշխանությունը, քանի որ նրանք մեծապես իշխանության հակառակորդներն են:

Իսկ հասարակության հատկապես անտեղյակ խմբերին մենք ուզում ենք ասել, որ Բիլ Գեյթսը դժվար Հայաստանի տեղն իմանա, իսկ Տենոչտիտլանի ստորգետնյա չարքերից վախենում էին հիմնականում ացտեկները, որոնք կարծես էլ չկան: Ինչ մնում է սեռական կրթությանը, սիրելի՛ ընթերցող, ապա այն վաղուց ներառված է կրթական ծրագրերում:

Այո՛, համարձակություն ունեմ պնդելու, որ այդ «պղծությունը» դպրոցական ծրագրեր է մտել նախորդ՝ խիստ ազգասեր, Նժդեհի թոռնիկներ հռչակված իշխանության օրոք և իշխանության հրամանով: Իսկ այս չափորոշիչներում այդ մասին ոչինչ չկա: Չնայած դժվար կարդաք, որ համոզվեք: Ձեզ համար ավելի հեշտ է հավատալ, որ մասոններն ուզում են Շիրակի մարզում հայերի երիկամները հանելու լաբորատորիա ստեղծել:

Բարեպաշտ քրիստոնյաներ: Այս խմբում ներառված են մարդիկ, որոնք հիմնականում չեն աղմկում: Նրանց երեխայի ընտրության իրավունքը չի հետաքրքրում: Նրանք համոզված են, որ եթե իրենք քրիստոնյա են, ուրեմն իրենց երեխաները նույնպես պարտավոր են լինել քրիստոնյա և դա պետք է սովորել դպրոցում: Նրանց չի հետաքրքրում, որ դպրոցն աշխարհիկ է, և կրոնական քարոզ չի կարելի: Բայց նրանք ազնիվ են:

Պսևդոինտելեկտուալներ: Մի առանձին քննարկման թեմա է այս խումբը: Սրա մեջ հիմնականում ներառված է որոշումից հրճվացողների այն խմբակը, որը չի տարբերում կրոնի պատմությունը եկեղեցու պատմությունից, բայց հրճվում է:

Իսկ ո՛րն է իրականությունը: Իրականությունը շատ պարզ է: Ոչ ոք լավագույն մղումների դեպքում անգամ չի կարող ջնջել 1700 տարիների պատմությունը, որի մեջ իր դրական և բացասական կողմերով յուրահատուկ դերակատարություն է ունեցել Եկեղեցին: Այդ պատմությունը իր հիմնարար կողմերով արտացոլված է հայոց պատմության դասագրքերում:

Կրթության գործը միշտ պատկանել է եկեղեցուն: Խորհրդային պետությունը վերացրեց այդ մենաշնորհը:

Աշխարհում, եթե դու Վատիկան կամ իսլամական օրենքներով առաջնորդվող երկիր չես, կրթությունն աշխարհիկ է: Հայաստանի Հանրապետությունն այլևս անկախ պետություն է: Կրթությունը՝ աշխարհիկ: Նախորդ իշխանությունը, ունենալով լեգիտիմության պակաս ու սերտ համագործակցության մեջ մտնելով որոշ եկեղեցականների հետ, նրանց մաս հանեց այդ կրթությունից:

Զիջեց իր մենաշնորհը: Եկեղեցին սիրով վերցրեց այն, ինչը կոչվում է կրթական ռեսուրս: Սա դասական ներհայաստանյան խնդիր է, պետություն-եկեղեցի հարաբերությունների համատեքստում:

Իսկ խնդրից օգտվում են տարբեր ուժեր, որոնք ունեն նեղ քաղաքական, երբեմն չափազանց կեղտոտ ամբիցիաներ: Նրանք առուծախի առարկա են դարձնում նաև հավատացյալների նվիրական զգացմունքները:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am