Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և լուսապատկերի տեսքով շրջանառվել. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 8-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած խոսքի տեսագրությունն՝ ընդգծելով, որ այն մանիպուլատիվ կերպով կտրվել էր կոնտեքստից ու շրջանառվել:

«Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից եւ լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։

Պահը բնականաբար բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը։

Կարճ ժամանակ անց լրատվամիջոցը հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել տոցիալական ցանցերում»,- ասված է մամուլի քարտուղարի գրառման մեջ: