«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմը շարունակվում է, ի՞նչ իրավիճակ է հարևան պետությունում, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
– Այո՛, ԱՄՆ-ի ու Իսրայելի մասնակցությամբ պատերազմը ընթանում է, կա հավանականություն, որ այլ երկրներ ևս կմիանան հակաիրանական այդ կոալիցիային, համենայնդեպս, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահը, նշելով, որ ևս երեք երկիր միանալու է: Եթե դա այդպես է իրականում, ապա հավանական է, որ այդ երկրների թվում կարող են լինել արաբական երկրներ, որոնց այս օրերին Իրանը թիրախավորում է: Իրանը շարունակում է դիմակայել, իր պատասխան լծակները կիրառել՝ Հորմուզի նեղուցում խնդիրներ առաջացնելով, ամերիկյան տարբեր օբյեկտներ թիրախավորելով ու, միաժամանակ, փաստացի դիմակայում է ներքին ճգնաժամին, քանի որ սպանվել է գերագույն առաջնորդը, ու հիմա ընթանում է նոր առաջնորդ ընտրելու գործընթացը, մինչ այդ՝ ժամանակավոր է ղեկավարում երկիրը:
– Հասարակական ընդվզման վտանգ կա՞ Իրանում:
– Դա հիմնական խնդիրներից մեկն է, Իրանի առջև ծառացած մարտահրավերները միայն ռազմական գործողությունները չեն, որովհետև կան մարդիկ, որոնք սգում են Իրանի գերագույն առաջնորդի մահը, բայց կան նաև այնպիսիք, որ տոնում են: Սա մեզ համար զարմանալի ու անսպասելի չէր, Իրանում կա զգալի ընդդիմադիր զանգված, որը պարբերաբար դուրս է գալիս ցույցերի, դեմ է այս համակարգին, որի համար ուրախալի էր լինելու նրա մահը՝ մանավանդ հունվարյան ցույցերից ու զոհերից հետո:
Իրանի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ այդ ընդդիմադիր շերտը այժմ դուրս չգա բողոքի ակցիաների, որովհետև այդ պարագայում ներքին ճակատ կբացվի Իրանի համար, ինչն առավել խնդրահարույց է պատերազմական պայմաններում, առավել խնդրահարույց է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն թիրախավորում է նաև Իրանի ոստիկանական ուժերին, որոնք ըստ էության պետք է զբաղվեն այդ հարցերով, եթե դրանք առաջանան, բայց նրանց ևս թիրախավորում են: Այսինքն՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունները շատ բազմաշերտ են՝ միայն ռազմական օբյեկտների թիրախավորում չեն ենթադրում, դա ենթադրում է Իրանի ղեկավարության գլխատում և բոլոր ուժային կառույցների թուլացում ու, առհասարակ, համակարգի սյուների հնարավորինս թուլացում, ջլատում:
– Ներքին ընդվզման հավանականությունը գոնե այս պահին որքա՞ն եք գնահատում:
– Հենց այս պահին ակցիաներ չկան, դեռևս դժվար է ասել՝ կլինե՞ն, թե՞ ոչ, որովհետև մի կողմից ռազմական գործողություններ են ընթանում, ինչը գուցե բարդացնի նման ակցիաների անցկացումը, այդ մարդիկ վտանգված կլինեն, բայց մյուս կողմից էլ՝ կարող են լինել կոչեր, հրահրումներ, որ նմանատիպ ակցիաներ անցկացվեն:
Կախված է քաղաքական իրավիճակից, օրինակ՝ եթե նոր առաջնորդ ընտրեն, գուցե դա խթան հանդիսանա, որ ընդդիմադիր այդ շերտը դուրս գա ակցիայի, քանի որ իրենք պայքարում են ընդհանուր համակարգի դեմ, այլ ոչ թե՝ անձի: Այսինքն՝ այս առումով իրավիճակը պայթյունավտանգ է ու կախված է նրանից, թե արտաքին ի՛նչ միջամտություններ կլինեն այս ուղղությամբ:
– Տիկի՛ն Վարդանյան, բանակցությունները վերսկսելու մասով հակասական հայտարարություններ են հնչում, ի՞նչ հստակ տեղեկատվություն կա այդ առումով:
– Դեռևս իրարամերժ է, որովհետև ԱՄՆ-ից ասում են, թե Իրանն ուզում է բանակցել, Իրանից էլ խոսում են, որ իրենք չեն բանակցելու, այդ հարցը կդիտարկեն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն կդադարեցնի Իրանի դեմ գործողությունները, կտա այդ ագրեսիայի բացատրությունները, որից հետո միայն Իրանը կդիտարկի՝ բանակցո՞ւմ է, թե՞ ոչ:
Բանակցությունների վերաբերյալ մոտեցումները առայժմ հստակ չեն, բայց հնարավորությունները շատ չեն, ու ի վերջո ինչ-որ բանակցային գործընթաց լինելու է, բայց հարց է, թե ե՛րբ կլինի: Այս պահին Իրանից զիջումների մասին խոսք չկա, խոսք կա դիմադրությունը շարունակելու, ու այդ ֆոնին հակառակ ճամբարից խոսում են, որ հարվածներն ավելի ինտենսիվ են լինելու, փորձելու են Իրանին տարբեր ուղղություններով ջլատել, որ Իրանը կա՛մ համաձայնի ԱՄՆ-ի պահանջներին, կամ վերջում այնպիսի վիճակում հայտնվի, որ այլևս որևէ հնարավորություն չունենա հակադիր գործողություններ ձեռնարկելու:
– Կարելի՞ է այս պահին խոսել Իրանի տապալման մասին, այդ մասին ևս կան խոսակցություններ:
– Այս պահին՝ ո՛չ, որովհետև Իրանից կա դիմադրություն, Իրանը շարունակում է հարվածներ հասցնել ամերիկյան, իսրայելական թիրախներին ու նաև հաջողել այդ հարվածներում, իհարկե առայժմ մեզ համար պարզ չէ հարաբերակցությունը, պարզ չէ, թե ի՛նչ թիրախներ են խոցվում, ու ինչքանո՛վ է դրանց արդյունավետությունը մեծ: Ամեն դեպքում Իրանը դեռևս ունակ է այդ հարվածները հասցնելու: ԱՄՆ-ն խոսել է, որ պատերազմը կարող է չորս շաբաթ տևել, քանի որ Իրանը մեծ երկիր է, ինչը տրամաբանական է, պատերազմն այս անգամ ավելի լայնածավալ է, ու մի շարք խնդիրներ են դրված:
– Տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վերածվելու հավանականությունը որքա՞ն եք գնահատում:
– Ըստ էության, արդեն իսկ տարածաշրջանային ազդեցություն ունի առնվազն, քանի որ տարածաշրջանի մի շարք երկրներ թիրախում են հայտնվել: Լիարժեք տարածաշրջանային պատերազմ կարող ենք համարել, երբ արաբական այդ երկրներից ևս միանան Իրանի դեմ գործողություններին: Սա միայն տարածաշրջանային չէ, այլ նաև՝ միջազգային է, քանի որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը ազդում է միջազգային մի շարք դերակատարների վրա ու նաև նրանց է ստիպում դիմել գործողությունների, այսինքն՝ այս պայմաններում միջազգային դերակատարները ևս կարող են ակտիվացնել իրենց գործողությունները:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















