Իրանի պետական լրատվամիջոցները կիրակի վաղ առավոտյան հաստատել են, որ երկրի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հրթիռային և օդային հարվածների հետևանքով։
Խամենեին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնը զբաղեցնում էր 1989 թվականից։ Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ նրա պահպանվող համալիրն էական վնասներ է կրել շաբաթ օրը իրականացված առաջին հարվածների ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր. «Խամենեին՝ պատմության ամենաարատավոր մարդկանցից մեկը, մահացած է»։ Նա նշել է, որ ռազմական գործողության նպատակը Իրանում վարչակարգի փոփոխությունն է։ Թրամփի խոսքով՝ գործողությունն ուղղված է Իրանի ռազմական և միջուկային կարողությունների վերացմանը և իրանցիներին «երկիրը հետ վերադարձնելու հնարավորություն տալուն»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ կան «բազմաթիվ նշաններ», որ Խամենեին այլևս կենդանի չէ։ Իսրայելական պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել են, որ նրա մարմինը հայտնաբերվել է։ Իրանական Fars գործակալությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան և թոռնուհին։
Կիրակի օրը Իսրայելի բանակը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանի բալիստիկ հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրականացնում է «արագ և վճռական գործողություններ»։
Իրանը, իր հերթին, նոր հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում։ Պայթյունների մասին հաղորդումներ են եղել նաև Դուբայում։ Իսրայելում շաբաթ երեկոյան հրթիռային հարվածից Թել Ավիվում զոհվել է 50-ամյա կին՝ դառնալով պատերազմի առաջին զոհը Իսրայելի տարածքում։ Մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Իրանական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ–Իսրայել առաջին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 201 մարդ, վիրավորվել՝ 747-ը, այդ թվում՝ ավելի քան 100 երեխա՝ դպրոցի վրա հասցված հարվածի հետևանքով։
Իրանի հեղափոխական պահապանների կորպուսը սպառնացել է տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաներին՝ հայտարարելով, որ պատասխան գործողությունները կշարունակվեն մինչև «թշնամու վճռական պարտությունը»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ԱՄՆ և Իսրայելի ներկայացուցիչները պնդել են, որ ռազմական գործողությունները օրինական են։ ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է. «Իրանն իրավունք չունի ունենալ միջուկային զենք։ Սա քաղաքական հարց չէ, այլ գլոբալ անվտանգության խնդիր»։ Իրանի ՄԱԿ-ում դեսպան Ամիր Սաեիդ Իրավանին օդային հարվածները բնութագրել է որպես «պատերազմական հանցագործություն»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել դադարեցնել հարվածները և վերադառնալ բանակցություններին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է սուզվել ավելի լայն և անկանխատեսելի հակամարտության մեջ։

















