«Չեմ ուզում գույները խտացնել, բայց այս ամենը հիշեցնում է չարաբաստիկ նոյեմբերի 9-ի նախօրեն». Հայրապետյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանում ի՞նչ սպասելիքներ ու արձագանքներ կան ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև և Շառլ Միշել եռակողմ հանդիպումից:

– Իմ տպավորությամբ՝ բրյուսելյան այցից առաջ Ադրբեջանը ուժեղացնում է ճնշումը, ու պատահական չեն նաև այս վերջին արձանագրումները, որ իրավիճակը բավականին լարված է, ու պատերազմի ռիսկ կա: Կարծում եմ նաև, որ այս արձանագրումները ևս պատահական չեն արվում: Բրյուսելի օրակարգը հստակ չէ, որովհետև մի կողմից խոսվում է հումանիտար խնդիրների կամ տրանսպորտային ուղիների բացման վերաբերյալ քննարկումների մասին, մյուս կողմից էլ՝ շատ հստակ խոսվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին:

Փաստացի պաշտոնական Երևանն ընդունել է Բաքվի նախապայմանները, նույնիսկ կասեի՝ ուլտիմատումը: Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Հաջիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ դրական է գնահատում Երևանից եկող ազդակները: Ավելին ասեմ, նա նշեց, որ զուգահեռաբար պետք է բարելավվեն հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և, ճիշտ է, իրենք այդ բառը սկզբունքորեն չեն օգտագործում, չեն ուզում ասել, որ Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, որովհետև համարում են, որ այդ հարցը լուծել են, բայց հասկանալի է, որ նրանց պահանջը դա է:

Ցավոք սրտի, ասում են, որ մեր իշխանություններն ընդառաջ են գնում այդ օրակարգին, իսկ թե ի՛նչ առաջարկներ է արել հայկական կողմը, դժվար է հասկանալ, որովհետև իրենք չեն շեշտում մեզ համար առաջնահերթ սկզբունքը, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հայտնի սկզբունքներից մեկն է՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:

Չեմ ուզում գույները խտացնել, բայց այս ամենը հիշեցնում է չարաբաստիկ նոյեմբերի 9-ի նախօրեն, այսինքն՝ իրավիճակը բերում հասցնում են մի անդառնալիության կետի, որ հետո ցանկացած քայլ բացատրեն դրանով:

– Նկատի ունենալով, որ հայկական կողմն ընդունում է ադրբեջանական 5 կետից բաղկացած առաջարկությունը, Բրյուսելում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերաբերյալ կողմերը համաձայնության կգա՞ն, ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՞:

– Դժվարանում եմ ասել, կարծում եմ, դրա մասին խոսակցություն լինելու է, համենայնդեպս, Բաքվից եկող ազդակները դա են փաստում: Հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական փոխդասավորվածությունը՝ չեմ կարծում, որ Բրյուսելը պետք է համակարգի Բաքվի ու Երևանի միջև հնարավոր պայմանագրի կնքումը: Շատ ավելի լուրջ խաղացողներ կան տարածաշրջանում, որոնք հիմա զբաղված են այլ խնդիրներով, սակայն երկարաժամկետ առումով, չեմ կարծում, թե նպատակ ունեն հարցերի լուծումը Հարավային Կովկասում թողնել Եվրոպային:

Կարծում եմ՝ սա ևս մեկ հարթակ է, որտեղ կողմերը փորձում են բանակցել, ընդհանուր առմամբ խնդիրն այն է, թե ինչի՛ մասին են խոսում, օրակարգը ո՛րն է: Իմ տպավորությամբ՝ գնում են հակառակորդի օրակարգն ընդունելու և երկրի ներսում էլ ստեղծում են այնպիսի դիսկուրս, որ հնարավոր ռիսկերի մասին բարձրաձայնողներին ներկայացնում են, թե իբր խաղաղություն չեն ուզում, ինչն արհեստական ու կեղծ դիսկուրս է:

Ցանկացած բանական մարդ ուզում է խաղաղություն, բայց դա չի կարող լինել պետության անվտանգության ու պետական շահի հաշվին: Եթե գնում ես խաղաղության, ինչն այս դեպքում միակողմանի խաղաղություն է, ուրեմն ընդունում ես հակառակ կողմի կապիտուլյացիան կամ ուլտիմատումները, իսկ այդպես խաղաղություն չեն կառուցում, դա միայն նոր խնդիրներ է առաջացնելու երկրի համար:

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ադրբեջանական կողմում կա՞ն արձագանքներ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման առաջարկի վերաբերյալ: Ադրբեջանն ընդունո՞ւմ է այդ առաջարկը:

– Ո՛չ, ավելին ասեմ՝ «Հաքինազը» հոդված էր հրապարակել հետևյալ վերտառությամբ՝ «Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է հայելիներ, որոնք Ջեյհուն Բայրամովը կոտրում է», այսինքն՝ դա ընդհանուր պատասխանն է հայկական կողմի առաջարկին:

Ես առիթ եմ ունեցել ասելու, որ իրականում այդ առաջարկը շատ վտանգավոր է, ու Արցախում ծավալված վերջին դեպքերը ևս մեկ անգամ փաստեցին, թե ինչ անհաջող թեզ է դա ու ինչ խնդիրներ է ստեղծում: Ադրբեջանական զորքերը որևէ դիրքից չեն պատրաստվում հետ քաշվել, նրանց նպատակը միայն առաջ գնալն է:

Ստացվում է, որ Ադրբեջանը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում դնում է միայն իր առաջարկած 5 կետե՞րը:

– Գլխավորապես այո՛, այսինքն՝ այդ հավելումները իրենք չեն ընդունում: Նրանք ասում են, որ պայմանագրի հիմքում պետք է լինեն այդ 5 կետերը, ինչի ներքո էլ հասկանում են հրաժարում Արցախից, հետագա գործընթացներում էլ արդեն հավակնություններ կներկայացնեն «անկլավների» ու այլ տարածքների նկատմամբ:

 – Եթե Հայաստանի իշխանությունը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, ի՞նչ է լինելու արցախահայության ճակատագիրը դրանից հետո:

– Բացառում եմ, որ նման զարգացումների դեպքում մեր հայրենակիցները հնարավորություն ունենան ապրելու Արցախում: Բաքվի նպատակը հստակ է՝ փակել այդ հարցը, որից հետո Արցախի բնակչությունը կա՛մ դուրս կգա, կա՛մ, Աստված մի արասցե, բնաջնջման ռեալ վտանգ կա, եթե չէվակուացնեն:

Դրանից հետո արդեն դուրս կբերեն ռուս խաղաղապահներին, ու, ընդհանրապես, Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում կդրվի հարցականի տակ, ու մեծապես կուժեղացվի Թուրքիայի ազդեցությունը: Սա է Ադրբեջանի նպատակը:

– Տիկի՛ն Հայրապետյան, եթե հայկական կողմն առաջարկի Արցախին տալ ինչ-որ կարգավիճակ, օրինակ՝ մշակութային ինքնավարություն, որի պարագայում հնարավոր կլինի, որ արցախահայությունն ապրի այնտեղ, բայց արդեն՝ Ադրբեջանի կազմում, ադրբեջանական կողմը կընդունի՞ այդ առաջարկը:

– Չի ընդունի, որովհետև իրենք նշում են, որ դա քննարկման թեմա չէ: Երկրորդն էլ՝ ընդունի-չընդունի, դրանից իրավիճակը չի փոխվելու, որովհետև Ադրբեջանի հայատյացությունն այժմ ավելի բարձր աստիճանի է հասնում, ու այդ պարագայում այնտեղ որևէ հայ չի կարողանալու ապրել:

– Եթե Ադրբեջանին ու Հայաստանին հաջողվի ընդհանուր հայտարարի գալ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, այդ դեպքում կստորագրվի՞ նման փաստաթուղթ, թե՞ այլ խաղացողների համաձայնությունը կամ մասնակցությունն էլ պետք կլինի, օրինակ՝ ՌԴ-ի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների:

– Հայաստանի իշխանությունների հայտարարությունները հակասական են, հետևաբար դժվար է ասել: Մեկ ասում են, որ այդ հարցը հանրաքվեի կդնեն, մեկ ասում են, որ դիմել են Մինսկի խմբին՝ գործընթացը կանոնակարգելու համար, հետո պարզվում է՝ Բրյուսելում քննարկումներ են նախատեսվում, այսինքն՝ հիմա այդ հարցի կարգավորման հարթակը ո՞րն է:

Կրկնում եմ՝ հակասությունները շատ են. կամ մտածում են, որ մի գիշերում գաղտնի էլի ինչ-որ բան պետք է ստորագրեն ու հետո ասեն, որ երկիրը պատերազմից փրկեցին , մեկ շաբաթ հետո էլ նոր խնդիրներ հարուցեն, ասեն՝ գիտեք, մենք ուզում էինք լավ լիներ, բայց ոնց որ այդքան էլ չի ստացվում խաղաղության դարաշրջան բացելը:

Ազնվորեն եմ ասում, ինձ համար սա նույնիսկ մի տեսակ ծաղր է հայ ժողովրդի ու նրա գիտակցության նկատմամբ, երբ այդքան փորձություններից հետո նրանց կրկին տվեցին հնարավորություն, ու տարբեր պատճառներով իրենք ավելի քան մսխում են այդ հնարավորությունը՝ կրկին փորձելով անդունդի եզրին կանգնեցնել երկիրը:

– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ մեզ երկրորդ նոյեմբերի 9 է սպասում:

– Իրենց պարագայում, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող բացառել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am