«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը
– Պարո՛ն Ղազարյան, Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներից հետո շարունակվում են քննարկումները դրանց համար պետական միջոցներից կատարված ծախսերի շուրջ։ Մասնավորապես՝ հրապարակվել է, որ Թաթա Սիմոնյանի հոնորարը կազմել է 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանինը՝ ավելի քան 17 միլիոն։ Այս քննարկումների ֆոնին հայտնի դարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ինչպե՞ս եք գնահատում պետական ծախսերի այս առաջնահերթությունները և դրանց նկատմամբ հանրային արձագանքը։
– Այս երկրում պարեկները, ոստիկանության ծառայողները պարգևավճարներ են ստանում, 500-600 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց պայմանագրային զինծառայողի աշխատավարձը դեռևս 130 հազար դրամ է: Այդ ամենին զուգահեռ ոււսուցչի միջին աշխատավարձը տատանվում է 100-150 հազարի սահմաններում, ապա այն շռայլությունները, որ իրենց թույլ է տալիս երկրի ղեկավարությունը, ուղղակի անթույլատրելի է: Այս պատկերը մեկ բառով կարելի է որակել որպես փրկագին՝ սեփական իշխանությունը չինովնիկական ու ուժային կառույցների շրջանակում տեղավորելու համար:
– Համաձայն չե՞ք իշխանության հիմնավորումներին, որ պետական ապարատում պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որ որակյալ կադրեր ներգրավվեն:
– Աղքատ երկրում, իսկ Հայաստանն այդպիսին է, չի կարող նման տարբերություն լինել, որքան էլ արդարանան ու փորձեն հիմնավորումներ բերել: Այսօրվա պետական ապարատում որակյալ մասնագետներ չէ, որ պետք են, այլ՝ Նիկոլ Փաշինյանին հավատարիմներ, եթե հավատարիմ ես Փաշինյանին, ապա կունենաս և՛ առաջխաղացում, և՛ պարգևավճար, հավատարիմ չես՝ լքում ես պետական ապարատը: Հետևաբար ծիծաղելի է իրենց բերած հիմնավորումը՝ որակյալ կադրեր ներգրավելու մասով:
Աղքատ երկրում կա նաև մեկ այլ շատ կարևոր խնդիր՝ սոցիալական արդարության, չի կարող մի երկրում պետական պաշտոնյան ամսական ստանա 1 միլիոնից ավելի աշխատավարձ, իսկ միջին աշխատավարձը լինի 70-100 հազար դրամ: Մեր երկրում չկա սոցիալական արդարություն, ինչը խարխլում է մեր պետության հիմքերը:
– Պարո՛ն Ղազարյան, մշտապես քննադատության տեղիք են տալիս տարբեր տոնակատարություններին պետական բյուջեից հատկացված ծախսերը, բայց արդյոք արդարացված չե՞ն դրանք:
– Իհարկե ոչ, ինչպես կարելի է այդ չափի գումարներ տրամադրել տոնախմբություններին, երբ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն օրվա ապրուստի խնդրի առաջ են կանգնած, բնակարան չունեն արդեն երեք տարի է: Այդ տոնակատարություններին հատկացված գումարներով քանի՞ մարդու բնակարանի հարց կլուծվեր, իրենց տրվող պարգևավճարների գումարով ևս: Այս շռայլություններով պաշտպանության ոլորտում քանի՞ խնդրի լուծում կտրվեր:
Այս իշխանությունը շարժվում է մեկ հստակ տրամաբանությամբ՝ տեսարաններ, ժողովրդին տալիս է տեսարաններ, ու նրանք ցնծում են: Այս իշխանությունը հասել է նրան, որ երկրի ներսում զուգահեռ իրականություններ կան. մի իրականության մեջ մարդիկ տարատեսակ փառատոներ են կազմակերպում Արցախի հայաթափման օրը, Հանրային հեռուստաընկերությամբ որևէ խոսք չի հնչում Արցախում երեք տարի առաջ էթնիկ զտում իրականացնելու մասին, մյուսում՝ Եռաբլուրում մեքենա կայանելու տեղ չկա, որովհետև անասելի է մարդկանց հոսքն այնտեղ:
Սա ուղղակի վախեցած նապաստակի քաղաքականություն է, երբ իշխանությունը նույնիսկ իր երկրի ներսում վախենում է հարգանքի տուրք մատուցել իր հայրենակիցներին, որպեսզի սահմանից այն կողմ Ալիևին, որին պարտվել է, որից վախենում է, հանկարծ չզայրացնի: Սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու, սա պարտվողականության ու հարմարվողականության քաղաքականություն է, որը հանգեցնելու է ի վերջո պետականության կորստի: Գործող իշխանությունը, լինելով բարոյալքված, հենց այդպիսի քաղաքականություն էլ վարում է: Այս քայլերը դրա լավագույն դրսևորումներն են, սրանից լավ բարոյալքման քաղաքականություն ուրիշ էլ ո՞նց է լինում: Հասարակությանը փորձում է դարձնել իր նման բարոյազուրկ, որպեսզի հաջողությամբ կարողանա իշխել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















