Էական էլ չէ, թե ինչ կհեռարձակեին այդ օրը, որոշված է այլևս այդ էջը համարել փակված, սա պետական քաղաքականություն է. Խաժակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը

– Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվել էր երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը, որը բուռն քննարկումների ու հրապարակումների թեմա է դարձել սոցցանցերում և լրատվականներում, պարո՛ն Խաժակյան: Հանրային հեռուստաընկերությունն արդեն տարածել է պարզաբանող հայտարարություն, բայց ես կխնդրեմ ձեր դիտարկումները կատարվածի վերաբերյալ:

– Յուրաքանչյուր տարելիցի ժամանակ, ես տասնյակ տարիներ եմ հիշում այդ պրակտիկան, պատրաստվում էին հաղորդումներ այդ տարելիցի վերաբերյալ, եթե նման ընթացակարգը պահպանվեր 44-օրյայի մասով, ապա ոչ մեկի մտքով չէր անցնի այդ օրը այդ ժամին ժամանցային համերգ ցուցադրել: 

Ինչո՞ւ այդ նյութերը չեն պատրաստվել, դա պետական քաղաքականություն է, ընդ որում՝ այդ ամենը ոչ թաքցվում է, ոչ էլ այլ կերպ է փորձ արվում ներկայացնել, հստակ քաղաքականությունն ուղղված է նրան, որ Ադրբեջանի հետ հակամարտության էջը միակողմանիորեն՝ Հայաստանի կողմից, փակված է, բոլոր պահանջները, այդ թվում՝ լեգիտիմ, Հայաստանի կողմից ի չիք են դարձվել, ու, ըստ էության, իշխանությունը չէր էլ պատրաստվում նաև հերոսացնել այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել 44-օրյա պատերազմում: 

Սա պետական քաղաքականություն է, հետևաբար էական էլ չէ, թե ինչ կհեռարձակեին այդ օրը, որոշված է այլևս այդ էջը համարել փակված, ու ներողությունն էլ, ըստ էության, միայն ուղղված է նրան, որ ժամանցային ծրագիր են ցուցադրել: Որևէ մեկը չի պատասխանում այն հարցին, թե ինչո՛ւ այդ օրը չի նշանավորվել հազարավոր այն զոհերի արյունը, որը, ըստ այս իշխանության, տրվել է Հայաստանի ինքնիշխանությունը պահելու համար: 

– Այսինքն՝ ձեր գնահատմամբ, Հանրային հեռուստաընկերությունն այսօր իշխանության քարոզչական գործի՞քն է։

– Դա միանշանակ այդպես է, ես անգամ կասկածի տակ չեմ առնում: Հանրային հեռուստաընկերությունը ինչպես նախկինում է եղել, այնպես էլ հիմա գործող իշխանությունների քարոզչական գործիքն է, պարզապես այս իշխանություններն այդ գործիքը բավականին կատարելության են հասցրել: 

– Պարո՛ն Խաժակյան, ինչի՞ է փորձում հասնել իշխանությունն այս քաղաքականությամբ:

– Իրենք հասկանում են, որ Ադրբեջանի հետ հակամարտության մասին որևէ հիշատակում, այդ թվում և այն ձախողումները, որոնք այս իշխանություններն ունեցել են, ի վնաս իրենց է, ու իրենք պատրաստ են հիշատակումներ թույլ չտալ, անգամ անարգելով այն զոհողությունները, որին գնացին հավաքական հայ ժողովուրդը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը 44-օրյային՝ համարելով, որ դա իրենց իշխանական դիրքերին վնաս է: Սրա համար էլ փորձում են ամեն կերպ մոռացության մատնել, սա շատ պրագմատիկ քաղաքական հաշվարկ է: 

-Հաջողվելու՞ է դա իշխանությանը:

– Առնվազն այնքանով, որ իշխանությունները շարունակում են լինել իշխանություն այդ աղետալի պատերազմից հետո ու այս տարի նաև համոզելով, որ խաղաղությունը եկել է, ուրեմն 49 տոկոսով ստացվել է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am