«Գուցե երիտասարդների շրջանում ծխելու գայթակղությունը նվազի». ո՞վ և ինչպե՞ս է տուգանելու մարտի 15-ից բացօթյա սրճարաններում ծխելու համար

Մարտի 15-ից սրճարանատերերին նոր փորձություն է սպասում. սկսելու է գործել 2020 թվականին Ազգային ժողովի ընդունած «հակածխախոտային օրենքի» դրույթներից մեկը, որի համաձայն արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Մեդիալաբին» ասում են՝ սրճարաններում, ռեստորաններում և նման մյուս օբյեկտներում ծխելու նկատմամբ վերահսկողությունը իրենց լիազորություններից դուրս է: Արգելված վայրերում ծխելու նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ոստիկանությունը, հավանաբար՝ պարեկները: Այս խախտումը առաջացնում է տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ` 150 հազար դրամից մինչև 200 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ` 50 հազար դրամի չափով:

Նույն արարքը 3 ամսվա ընթացքում կատարելու դեպքում պաշտոնատար անձը դարձյալ կենթարկվի տույժի՝ այս անգամ նախկինում սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հիշեցնենք՝ հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել «հակածխախոտային օրենքի» դրույթներից մեկը, որի կիրառման արդյունքում այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։

Նաև արգելված է նշված որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Դեռ երկու տարի առաջ մեծ աղմուկ հանած «հակածխախոտային օրենքի» ջատագովը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր: Այս տարվա սկզբին նա շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրել. «Այս դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման և մեր երկրի տնտեսության զարգացման վրա»:

Դեռևս 2020-ին «հակածխախոտային օրենքի» շուրջ կառավարություն-խորհրդարան հակամարտություն կար, և իշխանական մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Զեյնալյանը և Բաբկեն Թունյանը, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկեցին երկու տարով հետաձգել այն արգելքները, որոնք այս տարվանից ուժի մեջ են մտել: Պատգամավորները օրենքի կիրառման երկու տարի հետաձգումը հիմնավորել էին այսպես. «…պայմանավորված է կորոնավիրուսից և ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության և հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմամբ, ինչպես նաև՝ որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ»:

ԱԺ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը փոխել է կարծիքը: Այժմ նա կարծում է, որ հետճգնաժամայինի իրավիճակում այս արգելքը տնտեսության վրա ծանր ազդեցություն չի թողնի: «Այս օրենքի ընդունման ժամանակ այնպես էինք բաշխել ժամանակը, որ անցումն առավել անցավ լինի, առաջին հերթին՝ տնտեսվարողների համար: Հիմա բավական ժամանակ է անցել, ու տնտեսվարողները ժամանակ ունեին պատրաստվելու, տրամադրվելու այդ արգելքի կիրառմանը», – «Մեդիալաբին» ասում է Աղազարյանը:

Ավելին, պատգամավորը համոզված է՝ ծխելու արգելքը հանրային սննդի օբյեկտներում և հատկապես բացօթյա սրճարաններում էական ազդեցություն չի ունենա հաճախորդների այցելության վրա:

«Մարդիկ, իհարկե, կայցելեն սրճարաններ: Դրանով էապես չի նվազի հաճախորդների թիվը, ի վերջո, պայմանները հավասար են բոլորի համար: Ես ու տղաներս ծխող չենք, բայց այդքանով հանդերձ, ես կարծում էի, որոշ տեղերում, օրինակ՝ փաբերում, կարելի է թույլ տալ ծխել: Բայց, դե, ինչ արած, օրենքն ընդունվել է, պետք է կիրառվի: Մենք դիմացինին հարգելու բարձր մշակույթ չունենք, հետևաբար որոշ խիստ միջոցների կիրառումը օգտակար կլինի մեզ մոտ այդ մշակույթի ձևավորման համար»,- նշում է պատգամավորը:

Բնակչության առողջության բարելավման վրա այս նախագծի դրական ազդեցության տեսանկյունից Աղազարյանը չի կիսում Արսեն Թորոսյանի լավատեսությունը:

«Ես չեմ կարող համեմատել և դժվար է չափելը, երևի կունենա: Չեմ կարող ասել, թե որքան դրական ազդեցություն կունենա, քանի որ ծխողը ծխելու է: Բայց մի առումով լավ է, որ կողքինի նկատմամբ հարգանք կլինի, իսկ դու էլ ծխի քո համար նախատեսված վայրում: Ի՞նչ իմանանք, գուցե երիտասարդների շրջանում ծխելու գայթակղությունը նվազի: Այդ հույսերը կան»,- ընդգծում է Հովիկ Աղազարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am