Սեւանա լիճը վտանգված է ոսկու հանքի շահագործման պատճառով

Սեւանա լիճը վտանգված է ոսկու հանքի շահագործման պատճառով
Սեւանա լիճը վտանգված է ոսկու հանքի շահագործման պատճառով

«GeoProMining Gold» ընկերությունը վստահեցնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրում (Գեղարքունիքի մարզ) տեղադրված նոր մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքը բնապահպանական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում:
Հայաստանի բնապահպաններն արդեն մեկ տարի է`բողոքում են «GeoProMining Gold» ընկերության գործունեության դեմ`մատնանշելով են այն հանգամանքը, որ նման սարքի առկայությունը հանքավայրում եւ հենց տեղում որոշ աշխատանքներ իրականացնելը կվտանգի Սեւանա լիճը, որը հանդիսանում է երկրի քաղցրահամ ջրի խոշորագույն շտեմարանը:

Այս տարի «GeoProMining Gold» ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրի մոտ կառուցել է մանրող-ջարդող եւ տեսակավորող սարք, որը չի շահագործվում, քանի որ բնապահպանության նախարարությունը ուսումնասիրում է շրջակա միջավայրի վրա այդ սարքի ազդեցության մակարդակը:

«GeoProMining Gold» ընկերությունների խումբը մետաղների արդյունահանում է իրականացնում Ռուսաստանի (2 հանքավայր), Հայաստանի (2 հանքավայր, իսկ 2-ը ուսումնասիրության փուլում են), եւ Վրաստանի (2 հանքավայր, 1 ուսումնասիրության փուլում է) տարածքներում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են` Սոթքի ոսկու հանքավայրը, հանքավայրից 220 կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկան եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Արարատում արտադրվում է ոսկու եւ արծաթի խառնուրդով «Դորե» համաձուլվածք, որն արտահանվում է «Johnson Matthey» գործարան`հետագա վերամշակման համար, որից հետո վերջնական արտադրանքն իրացվում է լոնդոնյան բորսայում:

Ընկերությունը, ցանկանալով ավելի մեծ ծավալներով հանքաքար տեղափոխել գործարան, որոշել է հենց տեղում տեղադրել մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքը եւ իրեն ոչ անհրաժեշտ թափոնները թողնել հանքավայրում: 2009-ին ցիանիդի օգտագործման միջոցով ոսկու հանքաքարի լիարժեք մշակման համար նախատեսված գործարան կառուցելու ծրագիրը հետաձգվեց:

Բնապահպաններին մտահոգում է այն հանգամանքը, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի արտադրության պոչ լճի:

Սեւանա լիճը համարվում է Հայաստանի, ինչպես նաեւ Կովկասի 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը եւ այսօր միայն Երեւան քաղաքի 45 տոկոսը սնուցող աղբյուրները գոյանում են Սեւանա լճի հաշվին:

«Սեւանին հարակից տարածքում չի կարելի հանք շահագործել, քանի որ հանքարդյունաբերության հետեւանքով թափոններ կլցվեն լիճ: Բոլոր գյուղատնտեսական հողերը մեզ մոտ վերածվում են հանքարդյունաբերական հողերի: Իսկ այս ամենը ստեղծվում է քաղցկեղածին միջավայր, որի մասին չեն մտածում իշխանությունները», – ասում է S.O.S. Սեւան հասարակական շարժման բնապահպան Գագիկ Թադեւոսյանը:

«Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը մի խումբ բնապահպանների հետ հոկտեմբերի 21-ին այցելել է Սոթք, որտեղ տեսել է, որ «GeoProMining Gold»-ի անօրինական գործունեության արդյունքում կառուցվել եւ շահագործվում է մանրացնող-տեսակավորող սարքավորումը:

«Սարքավորումը կջարդի ապարը, կմաղի, այնուհետեւ կորզելով հանքաքարի ոսկու եւ արծաթի պարունակությունը, իսկ մնացած հանքաքարը թափոնների տեսքով կմնա Սեւանում», – անհանգստանում է Զարաֆյանը:

Հայաստանի իշխանություններից բնապահպաններն այսօր էլ պահանջում են համապատասխան պատժամիջոցներ կիրառել «GeoProMining Gold» ընկերության դեմ`մատնանշելով, որ հանքի մոտակայքում գտնվող Սոթք եւ Մասրիկ գետակներն աղտոտված են, եւ ծանր մետաղների պարունակությունը գետերի ջրում բարձր է նորմայից:

Զարաֆյանը նշում է, որ Սոթքի ոսկու հանքի շահագործման արդյունքում կկուտակվի մոտ 100 մլն տոննա ապար`սուլֆիդային ագրեսիվ բազում էլեմենտներով՝ մկնդեղի, քրոմի, կադմիումի տեսքով, որոնք թափվում են գետերը`հայտնվելով լճում:

Միաժամանակ, «GeoProMining Gold» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը IWPR-ին հայտնեց, որ Սոթքի հանքավայրի տեխնոլոգիական նոր եւ արդիական սարքավորումներն արդեն շահագործման են հանձնվել եւ ամբողջովին համապատասխանում են Հայաստանի օրենսդրությանը:

«GeoProMining Gold»-ը պնդում է, որ ստացել է մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, ընկերությունը վկայակոչում է այն փաստը, որ Հայաստանի կառավարության խնդրանքով 2011թ. ապրիլին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ձեւավորել է հանձնաժողով, որն իրականացրել է ընկերության համապատասխան փաստաթղթերի ստուգումներ`կապված մանրացնող նոր սարքավորումների տեղադրման հետ: Համապատասխան փաստաթղթերը ստուգելուց հետո, հանձնաժողովը կառավարությանը հայտնել է, որ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում եւ որպես հիմնավորում ներկայացրել է 1980-ական թվականների նախագիծ, որը ժամանակին կազմվել եւ ճշգրտվել են «ՀԱՅԳՈՒՆՄԵՏՆԱԽԱԳԻԾ» եւ «ВНИПИГОРЦВЕТМЕТ» ինստիտուտների կողմից, ինչը երբեք կյանքի չի կոչվել նույնիսկ խորհրդային ժամանակներում:

Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնեցին, որ իրենք հրահանգել են, որպեսզի «GeoProMining Gold»-ը դադարեցնի մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի [արտադրամասի] շահագործումը, մինչեւ չներկայացվեն համապատասխան փորձաքննության արդյունքները:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը IWPR-ի հետ զրույցում հայտնեց. «Մինչ օրս ընկերությունը նշված արտադրամասի նախագծային փաստաթղթեր չի ներկայացրել»:

Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը IWPR-ի թղթակցի հետ զրույցում նույնպես նշեց, որ ընկերության հետ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Ես այս հարցում ավելի շուտ փորձում եմ չեզոք դերում հանդես գալ կամ չխոսել: Թող կառավարությունը որոշի: Ինքս մեկ անգամ ընկերության տնօրինության հետ քննարկել եմ: Այսօր արդեն [մանրող-տեսակավորող սարքի] շինարարությունն ավարտին է հասցվել: Ես չեմ կարող ասել`կառույցը համապատասխանում է բնապահպանական նորմերին, թե`ոչ», – ասում է գյուղապետը:

«GeoProMining Gold»-ը հաստատակամ է իր ծրագրերում, քանի որ արդեն զբաղվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի վերազինմամբ եւ հզորությունների ավելացմամբ:

Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա մինչեւ 150 հազար ունցիայով (1 ունցիան = 31,1034768 գրամ) ավելացնել արդյունահանման տարեկան ծավալը:

Իսկ այս պահին ընկերությունն արտադրում է տարեկան 30-40 հազար ունցիա ոսկի: Մինչ այդ`2005 թ. JORC ստանդարտներով Սոթքի հանքավայրում ոսկու պաշարները գնահատվել են մինչեւ 80 տոննա:

Գալուստ Նանյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)