ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել ինքնավնասում կատարած անձ Ս․ Շ․-ի, ազատազրկված Հ․ Գ․-ի և դատապարտյալ Ս․ Խ․-ի հետ։
Ս․ Շ․-ն նշել է, որ կուլ է տվել ասեղներ և այժմ ցանկանում է վիրահատական եղանակով (եթե պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ, պատրաստ է սեփական միջոցների հաշվին վիրահատվել) դրանք հեռացնել, սակայն իր պահանջը մերժում են՝ պնդելով, որ դրա կարիքը չկա:
Խմբի անդամները հարցը քննարկել են ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Նուբարաշեն»-ի ստորաբաժանման ղեկավարի հետ, ով տեղեկացել է, որ դատապարտյալի կողմից կուլ տված առարկաներն իրենցից վտանգ չեն ներկայացնում․դրանք 10-15 օրվա ընթացքում դուրս կգան, իսկ վիրահատություն ցուցված չէ, որովհետև հնարավոր չէ ստույգ որոշել՝ որտեղ են այդ առարկաները, հետևաբար ստիպված կլինեն արտաքին մեծ վիրահատություն անել, ինչի կարիքը չկա։ Խմբի անդամներին ՊՈԱԿ-ի պետը նաև հայտնել է, որ դիմում են ներկայացրել Ս․Շ․-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար։
Ազատազրկված Հ․ Գ․-ն հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ, մասնավորապես սրտի իշեմիկ հիվանդություն: Վերջին անգամ՝ 2022 թվականի մարտի 12-ին, հետազոտություն է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ըստ եզրակացության՝ նրան ցուցված է ստացիոնար բուժում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Խմբի անդամները հարցը քննարկել են ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Նուբարաշեն»-ի ստորաբաժանման ղեկավարի հետ և տեղեկացել, որ դիմում է ներկայացվել Հ․Գ․-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար։
Ինչ վերաբերում է դատապարտյալ Ս․ Խ․-ին՝ վերջինս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ից, սակայն որոշակի հանգամանքներից ելնելով ցանկանում է տեղափոխվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ։
Վերոգրյալի հիման վրա Դիտորդները դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել Ս․Խ․-ի դիմումի ընթացքի, ինչպես նաև Հ․ Գ․-ին և Ս․Շ․-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու և նրանց բուժման ընթացքի մասին։
Պատասխան գրությամբ նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի մարտի 21-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից թույլատրվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս․ Շ․-ին տեղափոխել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ստացիոնար հետազոտությունների և բուժման համար, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել և ցանկություն է հայտնել հետագա բուժումը շարունակել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ․ Գ․-ը 2022 թվականի մարտի 22-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ստացիոնար հետազոտությունների, ախտորոշման ճշտման և բուժման համար։
Իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս․ Խ․-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ հարցը ներկայումս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից գտնվում է քննարկման փուլում:
Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը։