Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն. Fip.am

2019-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել են օրենքի կոպիտ խախտումներով ավելի քան 30 երեխայի Իտալիայում որդեգրելու դեպքեր։

FIP.am-ը փորձել է վիճակագրական տվյալներ դուրս բերել որդեգրումների վերաբերյալ, ինչպես նաև հասկանալ, թե ո՞ր փուլում է գտնվում ԱԱԾ-ի բացահայտումը:

2021-ին Հայաստանից որդեգրվել է 19 երեխա, նրանից 14-ին որդեգրել են Հայաստանի քաղաքացիները, 5-ին՝ օտարերկրացիները։ Վերջին տարիներին որդեգրումների թվերը նվազել են․ եթե 2012-ին Հայաստանի քաղաքացիները որդեգրել են 44, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝ 55 երեխա, ապա 2018-ին Հայաստանի քաղաքացիները որդեգրել են 26, օտարերկրյա քաղաքացիները՝ 25 երեխա, 2020-ին արդեն օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 2 երեխա, իսկ Հայաստանի քաղաքացիների կողմից որդեգրված երեխաները 33-ն են եղել։

2012-2021-ը Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների թիվը

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ օտարերկրյա քաղաքացիներն ավելի հաճախ են որդեգրում առողջական խնդիրներ ունեցող երեխաների, քան հայաստանցիները։ Վերջին տասը տարիներին Հայաստանի քաղաքացիների կողմից տարեկան միջինում որդեգրվել է 34 երեխա, որոնցից միջինում 4-ն են եղել առողջական խնդիր ունեցող երեխաներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից տարեկան միջինում որդեգրվել է 29 երեխա, որոնցից միջինում 22-ն ունեցել են առողջական խնդիրներ։ 2021-ին, օրինակ, Հայաստանի քաղաքացիների որդեգրած 14 երեխայից 5-ն են ունեցել առողջական խնդիրներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների որդեգրած բոլոր 5 երեխաներն ունեցել են առողջական խնդիրներ։

Օտարերկրյա պետություններից ամենաշատը հայաստանցի երեխաներ որդեգրել են ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից։

Երեխաների միջազգային որդեգրման ոլորտում Հայաստանը համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիային անդամակցող և չանդամակցող երկրների իրավասու մարմինների հետ։ 

Կոնվենցիային անդամակցող երկրների հետ համագործակցության դեպքում Հայաստանը համագործակցությունն իրականացնում է համապատասխան երկրի կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպությունների միջոցով։

Տարբեր գերատեսչություններ որդեգրումների վերաբերյալ տարբեր տվյալներ են տրամադրում

Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրումների վերաբերյալ վիճակագրություն են վարում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Արդարադատության նախարարությունը։ Վերջինս տվյալները տրամադրում է՝ հիմնվելով ՔԿԱԳ մարմինների կողմից իրականացված որդեգրման պետական գրանցումների հիման վրա։

Պետական գերատեսչությունների տրամադրած տվյալները հակասական են։ Օրինակ՝ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2021-ին Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից որդեգրվել է 12 երեխա, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ արտասահմանցիները 5 երեխա են որդեգրել։

Արդարադատության նախարարությունն այդ անհամապատասխանությունը պարզաբանում է մեթոդաբանությունների տարբերությունով։ Մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխայի որդեգրված լինելու փաստը արձանագրում է համապատասխան դատարանի վճռի հիման վրա, իսկ Արդարադատության նախարարությունը՝ որդեգրման ակտերի գրանցման պահով։ «Քանակական տվյալների նման շեղման վերաբերյալ վերը նշված գերատեսչությունները տեղյակ են, իսկ ճշգրտումները իրականացվում են տվյալների համադրման արդյունքում, այդ թվում՝ անվանական, ինչը հրապարակման ենթակա չէ»,- FIP.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։

Օտարերկրյա որդեգրումների դեպքում վերահսկողությունն իրականացնում է օտարերկրյա պետության լիազոր մարմինը

Օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխա որդեգրելուց և այլ երկիր տեղափոխելուց հետո վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարությունը։ Նախարարությունը վերահսկողությունն իրականացնում է՝ օտարերկրյա պետության կենտրոնական մարմիններից կամ հավատարմագրված կազմակերպություններից որդեգրված երեխայի վերաբերյալ ամեն տարի զեկույցներ ստանալով։

Այսինքն, Արդարադատության նախարարությունը հիմնվում է օտարերկրյա պետության համապատասխան մարմիններից և կազմակերպություններից ստացված տեղեկությունների վրա։

FIP.am-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք 2008-2019 թվականներին օտարերկրյա պետությունում որդեգրված և տեղափոխված որևէ երեխայի վերադարձ է տեղի ունեցել։

«2008-ից 2019-ը թվականն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա պետություն որդեգրված և տեղափոխված որևէ երեխայի վերադարձ տեղի չի ունեցել։ Որոշ թվով որդեգրված երեխաներ իրենց ծնողների ուղեկցությամբ որդեգրումից հետո որպես զբոսաշրջիկներ այցելել են Հայաստան՝ իրենց ծագման պետության և ժողովրդի հետ ծանոթանալու նպատակով»,- ասվում է Արդարադատության նախարարության պատասխանում։

Ի՞նչ փուլում է գտնվում ԱԱԾ բացահայտումը

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր օրենքների կոպիտ խախտմամբ ավելի քան 30 երեխայի Իտալիա որդեգրման դեպքերի վերաբերյալ։ 

FIP.am-ը հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն և Արդարադատության նախարարություն, Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյո՞ք վերը նշված 30 երեխաները վերադարձվել են Հայաստան կամ հետ են վերցվել որդեգրող ընտանիքներից, ինչպես նաև հասկանալու, թե ի՞նչ փուլում են գտնվում ապօրինի որդեգրման գործով մեղադրանք առաջադրված անձանց քրեական գործերը։

Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ վերը նշված հարցադրումները նախարարության տիրույթում չեն։ 

ԱԱԾ պատասխանում չկան տեղեկություններ 30 երեխաների ճակատագրի վերաբերյալ, նշվում է միայն, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

«Որդեգրման դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը Գլխավոր դատախազության միջոցով 2019 թվականի նոյեմբերին 12-ին փոխանցվել է Քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախաքննությունն ավարտվել է՝ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։ Քրեական գործում ներգրավված է 11 մեղադրյալ, որոնցից 9-ը՝ կազմակերպված խմբի կազմում խնամքը ստանձնելու նպատակով երկու և ավելի երեխաների վաճառքի համար։ Պատասխանում նաև նշվում է, որ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումներ չեն կայացվել։

Օրերս Քննչական կոմիտեն ևս հայտարարություն տարածեց, որտեղ մանրամասն ներկայացվում են մինչդատավարական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքները։ 

Դատախազությունից FIP.am-ին հայտնում են, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություննում քննված քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2022-ի հունիսի 6-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ինչ վերաբերում է ենթադրաբար օրենքների կոպիտ խախտմամբ որդեգրված երեխաների հետագա ճակատագրին, ապա դատախազությունից հայտնում են, որ նրանք այս պահին գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս՝ որդեգրող ընտանիքների խնամքի տակ։  

Գործն ընդունվել է վարույթ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Շուշան Ստեփանյան

Fip.am